66-72. Պետրոսի ուրացումները – Գրադարան – Mashtoz.org

66-72. Պետրոսի ուրացումները

→ Մտթ 26, 69-75; Ղկս 22, 55-62; Հվհ 18, 15-18.25-27
⁓ Մրկ 14, 30;  ≈ Մտթ 2, 23
 
66Եվ մինչ Պետրոսը ներքևում՝ բակում էր, քահանայապետի աղախիններից մեկը եկավ, 67և տեսնելով Պետրոսին, որ տաքանում էր, նրան նայելով՝ ասաց. «Դու էլ Նազովրեցու՝ Հիսուսի հետ էիր»: 68Բայց նա ուրացավ՝ ասելով. «Ո՛չ գիտեմ, ո՛չ էլ հասկանում եմ, թե ի՛նչ ես դու ասում»: Եվ դուրս ելավ դեպի նախամուտքի բակը, և աքաղաղը կանչեց: 69Իսկ աղախինը, տեսնելով նրան, վերստին սկսեց ներկաներին ասել. «Սա նրանցից է»: 70Բայց նա կրկին ուրացավ: Եվ քիչ անց ներկաները դարձյալ ասացին Պետրոսին. «Դու հաստա՛տ նրանցից ես, և իրո՛ք գալիլեացի ես»: 71Բայց նա սկսեց նզովել ու երդվել, թե. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն, որի մասին դուք խոսում եք»: 72Եվ իսկույն, մի աքաղաղ երկրորդ անգամ կանչեց: Եվ Պետրոսը հիշեց այն խոսքը, որ Հիսուսն ասել էր իրեն, թե. «Աքաղաղը երկու անգամ չկանչած, դու երեք անգամ ուրանալու ես ինձ»: Եվ անձնատուր եղավ դառնահեծ լացի:
14, 66-72 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների համար՝ տե՛ս Մտթ 26, 69-75+:
 
14, 68 - «և աքաղաղը կանչեց». Աքաղաղի այս առաջին կանչը, որին Պետրոսը ոչ մի կերպ չի հակազդում, և այս առաջին դուրս ելնելը դեպի նախամուտքի բակը, այն աստիճան տարօրինակ են, որ որոշ ուսումնասիրողներ կարծել են, թե ընդօրինակողների կողմից կատարված սխալի մասին է խոսքը: Այս տողը, մինչդեռ, նշմարել է տալիս, որ ավետարանական ավանդության սկզբում խոսքը վերաբերվել է միայն մեկ ուրացման, աքաղաղի մեկ կանչի և բակից Պետրոսի միայն մեկ ելքի: Երբ սկզբնական այդ ավանդությունը սկսել է համադրվել ա՛յլ աղբյուրներից վերցված երկու զուգահեռ պատմությունների հետ, ստացվել է երեք ուրացումների դասական թիվը (հմմտ. Հվհ 13, 38; 21, 15-17): Այդ գրությունների միաձուլումը, որ լիովին տեսանելի է Մարկոսի մոտ, բավական մշակվել է Մատթեոսի ու Ղուկասի կողմից, ուր աքաղաղի այս առաջին կանչը ջնջվել է, իսկ բակից այս առաջին ելքը կա՛մ մեղմացվել է (Մատթեոսի մոտ), կա՛մ ջնջվել (Ղուկասի մոտ): Հովհաննեսի մոտ էլ առաջին ուրացումը (18, 17) ամբողջովին բաժանված է ներկայացվում մյուս երկու ուրացումներից (18, 25-27):
 
14, 69 - «ներկաներ». Հուն. «τοῖς παρεστῶσιν» - «տոիս պառեստօսին». Բառացի՝ շուրջը գտնվողներ, կողքը կանգնածներ:
 
14, 70 - Որոշ ձեռագրեր նույնացնում են Մատթեոսի զուգահեռ տողի հետ: Գրաբարը ևս. «քանզի գալիլեացի ես, եւ խօսքդ իսկ քո նման են»։
 
14, 71 - «նզովել». Հուն. «ἀναθεματίζειν» - «անաթեմատիզեին». Բառացի՝ բանադրել: Այսինքն, տվյալ դեպքում, անիծել ինքն իրեն, երդվել անեծք գործածելով (ինչպես, օրինակ, «դժոխքի բաժին դառնամ, եթե ... »):
 
14, 72 - «անձնատուր եղավ». Հուն. «ἐπιβαλὼν» - «էպիբալօն». Բառացի՝ նետվեց, իրեն վայր գցեց: ꟷ
- «դառնահեծ լաց». Հուն. «ἔκλαιεν» - «էկլայեն». Բառացի՝ ողբ, անզուսպ, բարձրաձայն, լսելի, հեծեծախառն լաց:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։