Հեղինակը – Գրադարան – Mashtoz.org

Հեղինակը

Երկրորդ Ավետարանը Քրիստոնեական Ավանդության կողմից միշտ վերագրվել է Մարկոս Ավետարանչին, ով անմիջական աշակերտն է եղել Պետրոս և Պողոս Առաքյալների ու Բառնաբասի: Գրավոր վկայությունները սկսվում են 125 թվականին արդեն, Հերապոլսի եպիսկոպոս Պապիասի գրություններից մեկով, որ պահպանվել և մեզ է հասել Եվսեբիոս Կեսարացու՝ Եկեղեցու առաջին մեծ պատմագրի միջոցով[1]: Այդ վկայությունները միշտ միաձայն են եղել: Դրանցից կարող ենք հիշել վկայությունը Հուստինոսի, ով մարտիրոսացել է մոտ 155 թվականին[2]. Հռոմում շարադրված հնագույն մի փաստաթղթի, որ հայտնի է «Մուռատորյան կանոն» անունով և գրի է առնվել մոտավորապես 180 թվականին. Իրենեուս Լուգդունացու բազմաթիվ հատվածների, որ գտնվում են իր «Ընդդեմ հերետիկոսությունների» աշխատության մեջ և գրի են առնվել Երկրորդ դարի վերջում[3]: Երրորդ դարից սկսած, գրավոր վկայություններն այնքա՜ն բազմաթիվ են դառնում, որ եթե փորձենք թվարկել դրանք, մի անվերջանալի ցանկ կստացվի: Դրանց հեղինակներն ապրել և գործունեություն են ծավալել և՛ Արևելքում, և՛ Արևմուտքում, ինչը որ ցույց է տալիս ավանդված տվյալների մեկ և միևնույն աղբյուրից սերած լինելը:

Նկարագրությունը, որ դուրս է ցայտում երկրորդ Ավետարանի ներքին վերլուծությունից, հաստատում է Ավանդության կողմից ներկայացված տվյալները. դրանց մասին կխոսենք ավելի ուշ, երբ քննության կառնենք Մարկոսի աշխատության բնորոշ հատկանիշները:

Երկրորդ Ավետարանի հեղինակի մասին բազմաթիվ տվյալներ ենք գտնում Նոր Կտակարանում: Նա Մարկոս է անվանվում Գրծ 15, 39-ում, Հովհաննես Մարկոս՝ Գրծ 12, 12-ում և 15, 37-ում, Հովհաննես՝ Գրծ 13, 5-13-ում: Կրկնակի անվան գործածությունը սովորական էր այդ ժամանակ. անուններից մեկը՝ Հովհաննես (Յոհաննան), ազգային-հրեական նկարագիր ունի, իսկ մյուսը՝ Մա՛ռկուս կամ Մառկո՛ս, լատինա-հելլենական:

Բացարձակ վստահությամբ կարող ենք հաստատել, որ Մարկոսն անձամբ ճանաչել է Հիսուսին, իր վաղ պատանեկությունից սկսած, թեև մաս չի կազմել Տասներկու Առաքյալների խմբին. եկեղեցական մատենագիրների մեծամասնությունը հնագույն ավանդությունների վրա հիմնվելով հաստատում է, որ Մրկ 14, 51-52 տողերում հիշվող երիտասարդը հե՛նց ինքը՝ Մարկոսն է: Պատմական այդ դրվագը, այդ հպանցիկ մանրամասնությունը գտնվում է միայն Մարկոսի Ավետարանում և մի տեսակ ստորագրություն է, որն Ավետարանիչը քողարկված կերպով դրել է իր Ավետարանի վրա:

Մարկոսը եղել է Մարիամ անունով մի հարուստ այրի կնոջ որդին: Ծնվել է Պաղեստինում (կամ Կիպրոսում) 20 թվականին մոտ տարիներից մեկում, ուստի Հիսուսի հասարակական գործունեության տարիներին եղել է մոտ 14-17 տարեկան պատանի: Որքան որ հնարավոր է եզրակացնել նորկտակարանյան հատվածների համադրությունից, Մարկոսի մոր՝ Մարիամի երուսաղեմյան տանն էին հավաքվում առաջին քրիստոնյաները (հմմտ. Գրծ 12, 12): Քրիստոնեական հնագույն վավերագրերից մեկը[4] հաստատում է, որ դա հենց այն տունն է, ուր գտնվում էր Վերնատունը (երկրորդ հարկում գտնվող ընդարձակ սրահը), ուր Հիսուսը կատարել է Վերջին Ընթրիքը և հաստատել է Ամենասուրբ Հաղորդության խորհուրդը: Նույնքան հավանական է թվում ավանդությունը, որի համաձայն՝ Մարկոսի ընտանիքին է պատկանել նաև Գեթսեմանիում գտնվող ձիթենիների պարտեզը, ուր տեղի է ունեցել Հիսուսի ձերբակալությունը. սրանով լիովին հասկանալի է դառնում նաև Մարկոսի ներկայությունն այնտեղ (Մրկ 14, 51-52):

Պողոս Առաքյալի կողմից Կողոսացիներին ուղղված Նամակից (4, 10) գիտենք նաև, որ Մարկոսը Բառնաբասի զարմիկն էր (քրոջ կամ եղբոր որդին): Բառնաբասը Պողոս Առաքյալի գործակիցներից մեկն էր և Եկեղեցու առաջին ժամանակների ամենաեռանդուն քարոզիչներից մեկը: Սա թույլ է տալիս մեզ նաև հաստատելու, որ Մարկոսը ղևտացիների տոհմին պատկանող հրեա էր (հմմտ. Գրծ 4, 36):

 
[1] Եկեղեցական պատմություն, III, 39, 15.
[2] Զրույց Տրիֆոն հրեայի հետ, 106.
[3] Ընդդեմ հերետիկոսությունների, III, 1, 1; III, 10, 5.
[4] Վարք Սրբոց, 2, 1867, 434.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։