ՀԱՐՑ – Գրադարան – Mashtoz.org

ՀԱՐՑ

« Ադամն ինչպե՞ս կարող էր ասել. ''Կնոջ համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը'', եթե ինքը հայր ու մայր չուներ »։
Հարց. – Ծննդոց գրքում կարդում ենք, որ երբ Ադամը առաջին անգամ տեսավ Եվային, ասաց. «Սրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը, և պիտի իր կնոջը միանա»։ Ինչպե՞ս կարող էր Ադամը նման բան ասել, եթե ինքը հայր և մայր չուներ։
Պատասխան. – Այդ հարցի պատասխանը մի քանի ուղղություններով կարող ենք տալ, բայց ասեմ գլխավորները.
1) Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք, որ Աստվածաշնչի տողերը գրի են առնվել պատմված իրադարձություններից հետո միայն։ Աստվածաշունչը կարդալիս չպետք է այն տպավորությամբ կարդանք, ինչպես ինչ որ մի պատմություն ենք դիտում հեռուստացույցի ուղիղ եթերում։ Ծննդոց գիրքը գրվել է մեզնից մոտ 3500 տարի առաջ, իսկ Ադամի ստեղծումից հազարավոր տարիներ հետո։ Գրքի Սրբազան Հեղինակը, հավաքելով բանավոր ավանդությունները, որոնք պատմում էին մարդու և աշխարհի արարման մասին, ինքը Սուրբ Հոգուց ներշնչված լինելով, հետագա սերունդների համար պատմում է այդ դեպքերը։ Ուստի, նախևառաջ պետք է հաշվի առնենք, որ այդտեղ խոսողը ուղղակի Ադամը չէ, այլ՝ մի ուրիշ Սրբազան Հեղինակ, ով պատմում է Ադամի մասին։ Իսկ այդ Հեղինակի ժամանակ բոլորը ծնվում էին հորից ու մորից և բոլորին հասկանալի էր, թե ինչի մասին էր խոսքը։
2) Երկրորդ հերթին պետք է ուշադրություն դարձնենք, որ Ադամը չի ասում. «Սրա համար ԵՍ կթողնեմ ԻՄ հորն ու մորը», այլ՝ «տղամարդը պիտի թողնի», այսինքն՝ խոսում է տղամարդկանց մասին անորոշ կերպով և ապագա ժամանակով, այսինքն՝ գտնվում ենք մի տեսակ մարգարեական խոսքի առաջ, որը չի վերաբերվում իրեն՝ Ադամին, այլ՝ իր ապագա սերնդին։ Դա ո՛չ թե պատմություն է, այլ՝ պատգամ, բարոյական ուսուցում։
3) Իսկ վերջում մի այսպիսի այլաբանական իմաստ էլ կարող ենք հաշվի առնել. Ադամը ստեղծվել էր հողից, հողը փոխաբերական իմաստով կարող ենք նկատել որպես Ադամի «հայրն ու մայրը»։ Հողը կարող է խորհրդանշել երկու բան. ա) աշխատանքը և բ) ամեն բան, որ վերջանում է, մահանում։ Իսկ հիշենք, որ կնոջ անունն է «Եվա», որ նշանակում է «Կյանք», կամ «կյանք ունեցողների մայր», այսինքն՝ մայրը այն ամեն ինչի, որ ապրում է, որ չի մահանում, որ ժամանակավոր չէ, որ հավիտենական է։ Ինձ թվում է, որ Ադամի այս մարգարեական խոսքի մեջ կարող ենք հասկանալ նաև այն, որ Ադամը կարծես մարգարեաբար իր սերնդին (տղամարդկանց) ասում է, որ ուշադի՛ր եղեք, միշտ հակված մի՛ եղեք դեպի հողը՝ ձեր «հայրն ու մայրը», դեպի աշխատանքն (այստեղ հասկացված սոսկ ինքնանպատակ ու փառասիրական կարիերայի իմաստով) ու վաղանցուկ բաները, որոնք անցնում ու մահանում են աշխարհի նման ու աշխարհի հետ, այլ՝ ձգտեք ու միացեք Կյանքին, Հոգուն, Հավիտենականին, Սիրույն, կյանք ծնելու առաքելությանը։ Այսինքն, մի խոսքով ասած, «Թողե՛ք հողը և միացե՛ք Կյանք ծնող Հոգուն»։
Ուրիշ տեսանկյուններից էլ կարելի էր դիտարկել այս հարցը, մի քիչ ավելի գիտական տեսանկյուններից, ավելի ծավալուն դարձնելով այս պատասխանիս առաջին կետը, բայց սրանք, կարծում եմ, ավելի կարևոր էին։
 
Հարց. – Իսկ մի ուրիշ հարց։ Եթե ընդունենք, որ այդ խոսքերը վերգրվում են Ադամին, ու Ծննդոցի գիրքը պատմում է մեկ ուրիշը, ու դրանք հավաքված պատմություններ են։ Տեր Հայր, սրանով կասկածի տակ չենք դնո՞ւմ այդ գրքի ճշմարտացիությունը։
Պատասխան. – Բացարձակապես՝ ո՛չ։
 
Հարց. – Կարծես գիրքը կորցնում է իր ճշմարտացիությունը և նմանվում է ուղակի մի սովորական գրքի, հեքիաթի գրքի։
Պատասխան. – Ո՛չ, այդպես չէ։ Նախ պետք է հաշվի առնենք մի փաստ, որը շատ կարևոր է քրիստոնեական հավատքի համար։ Ինչպես Քրիստոսը ճշմարիտ Աստված է և ճշմարիտ Մարդ, կատարյալ Աստված է և կատարյալ Մարդ, և Նրա Անձի մեջ աստվածային ու մարդկային բնությունները միմյանց միացած են անխառն ու անշփոթ, անբաժանելի ու անանջատելի կերպով, նմանապես Աստվածաշունչը ճշմարտապես աստվածային խոսք է և մարդկային խոսք, Աստվածաշնչի մեջ մարդկային խոսքն ու աստվածային ներշնչումը միմյանց միացած են անբաժանելի կերպով։ Ուստի, երբ լսում ենք, որ Աստվածաշնչում հավաքված են ավանդություններ՝ հետևելով Սուրբ Հոգու ներշնչմանը, սրանից բնավ չպետք է գայթակղվենք, այլ ընդհակառակն՝ սա քրիստոնեական ամենակարևոր իրողություններից մեկն է, երբ ամեն ինչում Աստվածայինը և Մարդկայինը միմյանց են միանում կատարյալ եղանակով։
Այս նախադրյալից հետո պետք է ի նկատի ունենանք փաստը, որ Եկեղեցու Հայրերը երբեք չեն կարծել, թե Ծննդոցում խոսում են Ադամը, Նոյը, կամ ուրիշներ։ Արդեն իսկ ավանդաբար Ծննդոցի հեղինակ համարվում է Մովսես Մարգարեն։ Մովսես Մարգարեն է Աստվածաշնչի առաջին 5 գրքերի՝ Հնգամատյանի հեղինակը, ըստ Ավանդության։ Կարևորը այն է, որ նա այդ պատմությունները գրել է Սուրբ Հոգու ներշնչմամբ, ինչի համար էլ կոչվում է Աստվածաշունչ, այսինքն՝ Աստծո ներշնչմամբ գրված։
 
Հարց. – Իսկ ինչո՞ւ որևէ գրքում չի նշում Մովսեսն ինքն իր մասին, որ սկսել է գրի առնել։ Ամբողջ Ելք գրքում նկարագրված է նրա ընթացքը, ծննդից մինչև մահը, բայց ոչ մի կերպ չի երևում, որ նա սկսել է նման բան գրել։ Իսկ դա, իրականում, հսկայական ու ծանր աշխատանք պետք է որ լիներ իր ժամանակների համար։
Պատասխան. – Նախ, ինչպես ասեցի, դա ավանդաբար է համարվում։ Բայց անկասկած չէ։ Մանավանդ թե, արդի աստվածաշնչյան գիտությունների համաձայն՝ այնտեղ մի քանի գրքեր են՝ իրար կցված։ Օրինակ, Ծննդոցի 1-11 գլուխները և հետագա գլուխները իրարից անկախ մասեր են։ Նույնիսկ միևնույն գլխում կան մասեր, որոնք տարբեր հեղինակների գործեր են, միմյանց կցված։
Այն ժամանակներում սովորություն չկար, որ հեղինակն ինքը իր ձեռքով գրեր։ Ով գիրք էր գրում, սովորաբար սենյակում կամ պարտեզում ճեմելով արտասանում էր ասելիքը, իսկ մի ուրիշը, որ կոչվում էր դպիր, գրի էր առնում։
Տվյալ դեպքում էլ, շատ հավանական է, որ ուրիշն է գրի առել Մովսեսի պատմածները։ Մանավանդ երբ վերջում պատմվում է հենց Մովսեսի մահն ու թաղումը։ Հո՛ Մովսեսն ինքը չէ՞ր կարող գրել իր իսկ մահվան ու թաղման մասին։
 
Հարց. – Աստվածաշնչի այդ առաջին հինգ գրքերը կարող ենք ասել, որ կազմում են Հին Կտակարանի հիմքը, կամ ավելին՝ Աստվածաշնչի։ Իսկ այնտեղ ներկայացված իրադարձությունների կամ պատմվածների պատմականությունը, այսինքն՝ պատմական հենքը ստուգվա՞ծ է։ Գիտական մոտեցմամբ ապացուցվա՞ծ է այնտեղ ներկայացվածի ճշմարտացիությունը։
Պատասխան. – Նախ այն ասածիդ պատասխանեմ, որ ասում ես. «Այդ հինգ գրքերը կարող ենք ասել, որ կազմում են Հին Կտակարանի հիմքը, կամ ավելին՝ Աստվածաշնչի»։ Դա այդքան էլ ճիշտ չէ։ Ճիշտ կլիներ, եթե Քրիստոսը դեռ ծնված չլիներ, դեռ մահացած ու հարություն առած չլիներ, մենք էլ դեռ Հին Կտակարանում ապրող հրեաներ լինեինք։ Բայց մեր՝ քրիստոնյաներիս համար, Աստվածաշնչի հիմքը Ավետարանն է, իսկ Ավետարանի հիմքը՝ Քրիստոսի Խաչելությունն ու Հարությունը։ Քրիստոսի Հարությունն է մեր հավատքի հիմքը, և Հարությունն է, որ լույս է սփռում մնացած ամեն ինչի վրա։ Սա միշտ պետք է հիշենք Աստվածաշունչը կարդացած ժամանակ, սա շա՛տ կարևոր է։
Իսկ ինչ վերաբերվում է հարցի մյուս մասին, թե «այնտեղ ներկայացված իրադարձությունների կամ պատմվածների պատմականությունը, այսինքն՝ պատմանական հենքը ստուգվա՞ծ է» հարցին, միակողմանի ու համառոտ պատասխան տալ հնարավոր չէ, այլ՝ պետք է բազմակողմանի պատասխան փնտրվի ու տրվի։ Տե՛ս, դու ասում ես «Գիտական մոտեցմամբ ապացուցվա՞ծ է այնտեղ ներկայացվածի ճշմարտացիությունը»։ Բանն այն է, որ «գիտական մոտեցումն» ինքը միակողմանի չէ, այն իր մեջ գիտական բազմաթիվ ոլորտներ է պարունակում, որոնք էլ հենց բոլորը միասին մենք անվանում ենք «աստվածաշնչյան գիտություններ»։
Քանի որ խոսքը վերաբերվում է հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների, դրանք գիտականորեն ստուգելու մեր ունեցած գործիքները խիստ սահմանափակ են։ Օրինակ, այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում հնէագիտության ուղղությամբ, մինչև օրս կատարվել են հազարավոր պեղումներ այդ տարածաշրջանում։ Գտնվել են բազմաթիվ ապացույցներ Աստվածաշնչում ներկայացված քաղաքների գոյության վերաբերյալ, կամ նկարագրված սովորույթների, կամ մինչև իսկ իրադարձությունների։ Ամենակարևորն այն է, որ չի գտնվել ոչ մի փաստ, որը հակառակ կլիներ Աստվածաշնչին, որը կարող կլիներ գիտական անվիճելի ստուգությամբ հերքելու աստվածաշնչյան տվյալները։
Պատմագիտությունը օգնության է հասնում այն ժամանակներից, երբ սկսվում է պատմվել Եգիպտոսում ստրկության ժամանակները և այնտեղից ելքը և Պաղեստին մտնելը։ Դրանք արդեն վաղ ժամանակվա պատմության սահմաններում են, ուստի որոշակի փաստարկներ գոյություն ունեն։
Այսօր, 20րդ դարի վերջում, 21րդ դարի սկզբում, զարգացել է նաև տիեզերագիտությունը, հիմա շա՜տ ու շա՜տ ավելին գիտենք տիեզերքի առաջացման մեխանիզմների վերաբերյալ։ Որքան ավելի է տիեզերագիտությունը զարգանում, այնքան ավելի հավանական է դառնում Ծննդոցի առաջին տողի հաստատումը. տիեզերքի ստեղծումը ոչնչից։ Այսպես նաև գիտության մյուս ճյուղերը, որքան ավելի են զարգանում, այնքան ավելի են մոտենում քրիստոնեական հավատքին։
Բայց գիտական ամենակարևոր ճյուղը՝ մանավանդ Ծննդոցի առաջին մասը հասկանալու համար, (բայց նաև Աստվածաշնչի բազմաթիվ դժվար հատվածները ճիշտ հասկանալու համար), դա լեզվագիտությունն է, այսինքն՝ ճշգրիտ կերպով հասկանալը, թե այդ ժամանակներում և այդ տարածաշրջանում, այդ լեզվի այդ արտահայտություններով ի՛նչ էին հասկանում այդ մարդիկ, որոնց մոտ գրի են առնվել այդ տողերը Աստծո ներշնչման ներքո։ Օրինակ, Ծննդոցի առաջին գլխում, երբ խոսվում է արարչական 7 օրերի մասին, այդտեղ «օր» ասելով չի հասկացվում 24 ժամվա ժամանակահատված, այլ պարզապես՝ «մի ժամանակաշրջան, որ ունեցել է սկիզբ ու վերջ»։
Բայց սա անծայրածիր նյութ է։ Սրան կարող ենք անդրադառնալ մի ուրիշ անգամ։
You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։