– Գրադարան – Mashtoz.org

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ ՂՈՒԿԱՍ 10, 1-20 ՀԱՏՎԱԾԻ ՇՈՒՐՋ
Սույն խորհրդածության ձայնային տարբերակը
կարող եք ունկնդրել էջի ներքևում դրված հղումով։
-------

 

Այսօր ինձ առաջադրանք է տրվել մի մտորում (մի խորհրդածություն) ներկայացնել Ղուկասի Ավետարանի 10-րդ գլխի 1-ից 20-րդ տողերի վերաբերյալ։

Արդ, որպես առաջին բան՝ կարդանք այդ տողերը.

 

«Այս բաներից հետո, Տերը նշանակեց ուրիշ յոթանասուներկու հոգի ևս, և նրանց Իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր Ինքը գնալու էր։ Եվ նրանց ասում էր. ''Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակավ''։ Արդ, աղաչեցեք հունձի Տիրոջը, որ մշակներ դուրս հանի Իր հունձի համար։ Գնացե՛ք. ահա՛ ձեզ ուղարկում եմ որպես գառներ գայլերի մեջ։ Մի՛ վերցրեք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կոշիկներ, և ճանապարհին կանգ մի' առեք՝ որևէ մեկի ողջույն տալու։ Ո՛ր տունը մտնեք, նախ ասացեք. 'Խաղաղություն այս տանը'։ Եթե այնտեղ կա խաղաղության որդի, ձեր խաղաղությունը նրա վրա կհանգչի. այլապես՝ ձեզ կվերադառնա։ Նույն տանը գիշերեցեք, կերեք և խմեք նրանց ունեցածից, որովհետև մշակն արժանի է իր վարձին։ Տնից տուն մի՛ տեղափոխվեցեք։ Երբ մի քաղաք մտնեք և ձեզ ընդունեն, կերեք ի՛նչ որ ձեր առաջ դնեն, բժշկեցեք այնտեղ գտնվող հիվանդներին, և նրանց ասացեք. 'Մոտ է ձեզ Աստծո Արքայությունը'։ Իսկ երբ մի քաղաք մտնեք և ձեզ չընդունեն, դուրս եկեք նրա հրապարակները և ասացեք. 'Ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թոթափում ենք ձեր դեմ. բայց այս իմացեք, որ Աստծո Արքայությունը մոտ է'։ Ասում եմ ձեզ, որ սոդոմացիների համար այդ օրն ավելի տանելի կլինի, քան այդ քաղաքի համար»։

«Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսաիդա, որովհետև եթե Տյուրոսում և Սիդոնում եղած լինեին այն զորավոր գործերը, որ կատարվեցին ձեր մեջ, արդարև վաղուց իսկ քուրձերի մեջ և մոխրի վրա նստած՝ ապաշխարած կլինեին։ Եվ ուրեմն, Տյուրոսի և Սիդոնի համար դատաստանի ժամանակ ավելի տանելի կլինի, քան ձեր համար։ Եվ դու, Կափառնաում, որ մինչև երկինք ես բարձրացել, գահավիժելու ես մինչև դժոխք։

Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում. և ով որ ձեզ անարգում է, ինձ է անարգում. և ով որ ինձ է անարգում, անարգում է ինձ Ուղարկողին, իսկ ով որ ինձ է լսում, լսում է Նրան, Ով ինձ ուղարկեց»։

Յոթանասուներկուսը վերադարձան խնդությամբ և ասացին. «Տեր, դևերն էլ են մեզ ենթարկվում Քո Անունով»։ Եվ նրանց ասաց. «Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս՝ փայլակի նման։ Ահա՛, ես ձեզ իշխանություն տվեցի կոխելու օձերի և կարիճների և թշնամու ողջ զորության վրա։ Ոչինչ չի կարողանալու վնասել ձեզ։ Մի՛ ուրախացեք, սակայն, այն բանի համար, որ դևերը ձեզ ենթարկվում են, այլ՝ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում»։

 

Հատվածը, որն այժմ ընթերցեցինք, մանավանդ Յոթանասուներկու աշակերտներին առաքելական մանդատ տալու դրվագը, յուրահատուկ է Ղուկասի Ավետարանին։ Մյուս Ավետարանիչների կողմից այն գրի չի առնվել և նրանց մոտ չի պահպանվել։

Երկու մոտեցմամբ կարող ենք քննության առնել դրվագը.

1) տեքստային, քննելով դրա առանձին հատվածները.

և 2) պատգամի, փորձելով ընկալել ընդհանուր նշանակությունն ու արժեքը։

Երկուսն էլ կարող ենք անել՝ հերթով, մանավանդ թե՝ միմյանց խառնելով, անշուշտ խիստ համառոտ կերպով, որքան որ հնարավոր է հաստատված սեղմ ժամանակի մեջ։

 

Փորձենք, ուրեմն, նախևառաջ մարսել ավետարանական տեքստը, շարադրանքը, այսպես ասած՝ քանդելով այն, մասնատելով, տողատելով, հասկանալով համատեքստը, որի ներսում Ղուկասը պատմում է այս դրվագը։

Ղուկաս Ավետարանիչն իր խոսքը սկսում է՝ ասելով. «Այս բաներից հետո»։ Ահա՛ առաջին բանը, որ կարիքն ունենք հասկանալու. Որո՞նք են այդ բաները, որոնցից հետո տեղի է ունենում սույն դրվագը։ Դրանք աչքի առաջ ունենալը չափազանց կարևոր է՝ այս դրվագը հասկանալու համար։

Ղուկասի Ավետարանի նախորդ՝ 9-րդ գլուխը բացվում է Տասներկուսի առաքելության ուղարկվելու դրվագով, ուր գործածվում են նմանատիպ արտահայտություններ. « ... նրանց զորություն և իշխանություն տվեց բոլոր դևերի վրա, նաև բժշկելու հիվանդությունները ... » (9, 1)։ Ամբողջ հատվածը չեմ մեջբերում, բայց եթե գնանք կրկին ընթերցելու այն, կտեսնենք, որ հարևնման է մեր այսօրվա կարդացած դրվագին՝ 10-րդ գլխի, որ վերաբերվում է Յոթանասուներկուսին։ Ուստի այդ բաներից առաջինը Տասներկուսի առաքելության ուղարկվելն է։

Ապա պատմվում է հացի բազմացման մասին, որին հաջորդում է Պետրոսի դավանությունը։ Ապա Քրիստոսն արտասանում է Իրեն հետևելու պայմանները, որոնցից միայն մի խոսք վերհիշենք. « ... Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող ուրանա իր անձը և իր խաչը մշտապես վերցնի և գա իմ ետևից. [...] Ի՞նչ օգուտ մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի կամ տուժի ... » (9, 23-25)։ Այս ուսուցմամբ, որ դրված է Պետրոսի դավանությունից անմիջապես հետո, Ղուկասը կարծես ուզում է հասկացնել, որ բնավ բավարար չէ դավանելը, որ Հիսուսը Աստծո Քրիստոսն է՝ Օծյալը։ Հարկավոր է նաև հետևել Նրան՝ ուրանալով սեփական անձը, մշտապես կրելով սեփական խաչը, համոզված լինելով, որ «աշխարհը շահել» և «սեփական անձը շահել» հասկացողությունները չեն համընկնում, չեն նույնանում, այլ՝ ընդհակառակը, շատ հաճախ – եթե ո՛չ միշտ – մեկը բացառում է մյուսին։

Հետո գալիս է Հիսուսի Պայծառակերպության դրվագը, որին – ահա՛ – հաջորդում է մի շատ կարևոր դեպք, որին սովորաբար կարևորություն չենք տալիս, երբ ընթերցում ենք Ավետարանները, բայց որը հիմնական կարևորություն ունի մեր այսօրվա մտորման համար։ Խոսքս, այո՛, լուսնոտ երեխայի բժշկման դրվագի մասին է։ Երբ Հիսուսն իջնում է Պայծառակերպության լեռից, Նրան ընդառաջ է գալիս հիվանդի հայրը և ներկայացնելով իր աղերսանքը՝ ավելորդ չի համարում մի մանրամասնություն ընդգծել. մի մանրամասնություն, որը Սուրբ Հոգին, երբ ներշնչել է Ավետարանիչներին՝ շարադրելու Ավետարանները, ներշնչել է գրի առնել այդ մանրամասնությունը, որպեսզի չկորչի և մնայուն հիշատակ մնա Եկեղեցում. հիվանդի հայրը, ուրեմն, ասում է Հիսուսին. «Ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն նրան [դևին], բայց նրանք չկարողացան» (9, 40)։

Օ՜՜՜հ, ինչպիսի՜ ամոթ՝ առաքյալներին, քահանաներին, Տասներկուսին և իրենց հաջորդներին։ Մեկին, ով իրեն Տեր է կոչել տալիս, կամ Հայր, կամ Հայր Սուրբ, կամ Սրբազան, կամ ա՛յլ մեծաշուք ու վեհափառ տիտղոսներ։ Մեկին, ով գեղեցկագույն զգեստներ է հագնում, խորան բարձրանում, թագերով զարդարում իր գլուխը, ոսկեղեն խաչերով՝ լանջը։ Մեկին, ով քիչ ժամանակ առաջ Քրիստոսից ստացել է առաքելական մանդատը՝ քարոզելու Աստծո Արքայությունը, ստացել է զորություն և իշխանություն բոլոր դևերի վրա, նաև բժշկելու հիվանդությունները ... ։ Նրան է դիմում հուսահատ ժողովուրդը, բերելով իր հիվանդ զավակին, – ով կարող է որպես խորհրդապատկեր նաև վերցվել ամեն տեսակ հիվանդության, նաև տվյալ մարդու հիվանդ հոգու, – աղաչելով, որ բուժի ... և նա չի կարողանում ... չի կարողանում բժշկել (երբեմն չի ուզում անգամ) ... չի կարողանում դևերին հեռացնել ... ամեն տեսակ դևերին, որ տանջում են մարդկանց ... դևերին, որոնց միակ ուրախությունը մարդկանց տառապանքն է, հոգևոր ցավը, միայնությունը, սիրելու անկարողությունը, ... անկարողությունը՝ երջանիկ լինելու ... ։ Նրան, որ տարվա մեջ հարյուրավոր անգամներ կրկնում է «Խաղաղութի՜ւն ամենեցուն» մաղթանքը, բայց իրականում չի կարողանում խաղաղություն ավանդել հոգիներին կոնկրետ, իրական, կասեի՝ ֆիզիկական կերպով։ ...

...

Եվ Ավետարանում գրի են առնված Հիսուսի զայրացած խոսքերը. «Ո՜վ անհավատ ու մոլորված սերունդ, մինչև ե՞րբ եմ ձեր հետ լինելու և ձեզ հանդուրժելու»։ ... Մենք սովորաբար կարդում ենք այս տողերը՝ որպես ուրիշ մարդկանց, հրեաներին ուղղված, որպես հիվանդ երեխայի հորը։ Բայց եթե մի քիչ ուշադիր կարդանք, արդյո՞ք չենք տեսնի, որ խոսքերն ուղղված են – առնվազն՝ «նաև» ուղղված են – Առաքյալներին։ ... ... ... Արդյո՞ք այդ խոսքերը Նա այսօր ուղղում է նաև մեզ, ... ի՛նձ ... ։ ... ... ...

...

Ղուկասի կողմից ներկայացվող պատմությունը շարունակվում է սարսափելի տողերով՝ Առաքյալների մասին, Տասներկուսի հասցեին։ Դեռ նոր էին ապրել այդ ստորացուցիչ ձախողման փորձառությունը, երբ չէին կարողացել բժշկել դիվահար լուսնոտին – (հազիվ թե Քրիստոսը մի քանի քայլ հեռացել էր իրենցից՝ Պայծառակերպության լեռը բարձրանալու համար) – , երբ չէին կարողացել, այսինքն, գործի վերածել այն, ինչի համար որ կանչվել էին, ինչի զորությունն ու իշխանությունը որ ստացել էին, ... և, միջանկյալ, Քրիստոսը սկսել էր հայտնել, որ շուտով մատնվելու է չարչարանքների ու խաչելության, ... ի՞նչ են անում այս Տասներկուսը, ... մտածո՞ւմ են իրենց ձախողման մասին, ... մտածո՞ւմ են, թե ո՛րն էր իրենց սխալը, ... մտածո՞ւմ են շտկվելու մասին, ... ո՜չ, այլ – պատմում է Ավետարանիչը – նրանց մեջ «մի վեճ առաջ եկավ, թե արդյոք իրենցից ո՞վ է մեծ» (9, 46)։

Իմ հոգը չեն, Հիսո՜ւս, մարդիկ, որ տառապում են, որ – պատկերավոր ասած – ''դևեր ունեն'' ... ինձ չի էլ անհանգստացնում փաստը, որ ձախողվեցի առաքելական պաշտոնիս մեջ, որ չկարողացա բժշկել, չկարողացա անել այն, ինչի իշխանությունը որ Դու տվել ես ինձ ... ես թույլ չեմ տալիս ինքս ինձ մտահոգվել նման ''մանրուքներով'' ... ''երեխայություններով'', ''մանկամտություններով'', կասեի ... ինձ հետաքրքրում են բաներ, որոնք չափահաս մարդուն, լուրջ տղամարդուն են արժանի ... ինձ հետաքրքրում է իմանալ՝ ո՛վ է մեր մեջ մեծ ... անշուշտ ցանկությամբ, նաև ո՛չ այնքան ծածուկ, որ ե՛ս լինեմ այդ մեծը ... սա՛ է կենտրոնն իմ ուշադրության։ ...

Վերջը չէ դեռ ... ։ Առաքյալներից մեկը խոսք է վերցնում և ասում. «Վարդապետ, տեսանք մեկին, որ Քո անունով դևեր էր հանում, և արգելեցինք նրան, որովհետև մեր հետ չի շրջում» (9, 49)։ Առաքյալների վիճակը, բարելավվելու փոխարեն, գնալով վատանում է, անցնում է վատից վատթարին։ Հերիք չէ իրենք չկարողացան դևին հանել, դիվահարին բժշկել, արդ համարձակությունը, հանդգնությունն ունեն արգելելու նրան, ով դա կարողանում է անել, – և ընդգծվում է՝ «Քո՛ Անունով», – որպես միակ հիմնավորում առաջ քաշելով այն ճղճիմ փաստարկը, թե «մեր հետ չի շրջում», մեզնից մեկը չէ։ ... Կարևոր չէ, այսինքն, որ բժշկում է մարդկանց կյանքը, ... կարևոր չէ, որ իր ձեռքերի տակ, Քո՛ Անունով, կյանքը վերադառնում է ծաղկելու, դևերը հեռանում են, դժոխքը պարտվում է ... կարևոր չէ՜ ... ։ Կարևորն այն է, որ «մեր հետ շրջի», չնայած որ մենք նրանք ենք, ովքեր դևեր հանել չեն կարողանում։ ...

Ի՞նչ եք կարծում, Տասներկուսի արագընթաց գահավիժումը դեպի անդունդն ի վար այսքանով ավարտվո՞ւմ է։ Ո՛չ, ցավոք ո՛չ։ Ղուկասը շարունակում է՝ պատմելով այցելությունը մի գյուղ, ուր ընդունելություն չեն գտնում, և ահա՛ Առաքյալներից երկուսը Հիսուսին ասում են. «Տեր, կամենո՞ւմ ես, որ ասենք, և երկնքից կրակ իջնի ու բնաջնջի դրանց» (9, 54)։ Ահա՛ և հասանք անդունդի խորքը։ Իշխանություն եմ ստացել դևեր հանելու, հիվանդություններ բուժելու, Աստծո Արքայությունը քարոզելու ... և ի՞նչ եմ անում ես՝ Ձախողված Առաքյալս ... ուզում եմ կրակ իջեցնել երկնքից և բնաջնջել՝ մարդկանց ... ։ Չէ՛, չեմ մտածում երկնքից Սուրբ Հոգու կրակը իջեցնելու և դժոխքն ու դևերին բնաջնջելու մասին, – վերադարձանք սովորական ''մանկամտություններին'', – ես մտածում եմ ինձ չընդունողների վրա պատժի ու բնաջնջման կրակն իջեցնելու մասին։ ...

Գրչի ևս մի՝ վերջին հարված Ղուկասի կողմից՝ 9-րդ գլուխը փակելու համար։ Իրեն հետևել ցանկացող մեկին Քրիստոսն ասում է, որ «աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ հանգստանալու տեղ, բայց Մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի» (9, 58)։ Մի ուրիշի կանչում է իրեն հետևելու, իսկ սա խնդրում է նախ գնալ մեռած հորը թաղել, և լսում է Հիսուսի պատասխանը, թե. «Թող, որ մեռածները թաղեն իրենց մեռելներին» (9, 60)։ Եվ վերջում մեկին էլ ասում է, որ Աստծո Արքայությանը հարմար է միայն նա, ով նայում է դեպի առաջ, և ո՛չ դեպի ետ (հմմտ. 9, 62)։

Այսպես եմ ես՝ Ձախողված Առաքյալս. Քրիստոսի հետևորդության մեջ փնտրում եմ մի տաքուկ, հարմարավետ որջ՝ հանգստավետ, գոնե հարաբերաբար հանգստավետ ապրելու համար. ... Կուզենայի հետևել Քրիստոսին, բայց ''մեռելներս թաղելուց'' հետո, ուր, շատ հաճախ, թաղվելիք այդ ''մեռելը'' իմ իսկ կյանքն է, իմ իսկ կյանքի ժամանակը, իմ իսկ օրերը, որոնք մե՜ծ հաճույքով ''սպանում եմ'' ամեն տեսակ դատարկությունների ետևից վազելով ... թաղեմ իմ այս ''մեռելը'', և հետո, եթե ժամանակ մնա, կմտածեմ Տիրոջը հետևելու մասին. ... Ի վերջո, քայլում եմ դեպի Աստծո Արքայության հետ հանդիպումս՝ կարծես հետընթաց քայլքով, կարծես ետ-ետ քայլելով, թիկունքս դեպի նպատակակետը, իսկ հայացքս՝ դեպի անցյալը, դեպի բաները, որոնցից իբր թե հրաժարվել եմ, այսինքն՝ հրաժարվել բայի ստուգաբանական նշանակությամբ, որոնց հրաժեշտ եմ տվել, ե՛ս, ի՛նքս, իմ սեփական ազատ կամքով։

... ... ...

Վերամփոփենք «այս բաները», որոնցից հետո տեղի է ունենում Յոթանասուներկուսի առաքումը.

1) Տասներկուսին տրվում է զորություն և իշխանություն դևերի դեմ.

2) Տասներկուսը ձախողվում են հիվանդություններ բժշկելու իրենց պաշտոնի մեջ.

3) Ձախողված Առաքյալները՝

            ա) վիճում են, թե ո՛վ է իրենց մեջ մեծ.

            բ) արգելում են ուրիշների՝ անել այն, ինչն իրենք չեն կարողանում անել.

            գ) ուզում են երկնքից կրակ իջեցնել և բնաջնջել իրենց չընդունողներին։

Ա՛յլ խոսքերով ասած. 1) մրցակցություն և խաղաղության բացակայություն միմյանց միջև, ներքին ճակատում. 2) նախանձով խանգարել ուրիշների բարի ծառայությունը. 3) վերևից – ինչպիսին էլ որ լինի այդ ''վերևը'', ''վերևները'' – կրակ իջեցնել նրանց վրա, ովքեր չեն միանում մեր կուսակցությանը – ինչո՞ւ չէ, նաև չարախոսության, զրպարտության, բամբասանքի, վարկաբեկման զենքը ի գործ դնելով – ։ ...

Այո՛, այս ամենին ընդունակ է Ձախողված Առաքյալը։ ...

Արդյոք նկարագրվածից շատ տարբե՞ր է մեր վիճակը։ Թե՞ մեզ էլ քաջ ծանոթ իրավիճակի մասին է խոսվում Ղուկասի Ավետարանում։

 

***

 

Եվ այսպես, ահա՛ «այս բաներից հետո» Հիսուսը մի արմատական որոշում է կայացնում։ Ինչպես արդեն նշեցի, սրա մասին հիշատակում է միայն Ղուկասը։ – Շնորհակալությո՜ւն Ղուկասին։ – Նշանակում է ուրիշ 72 աշակերտներ ևս և նրանց Իր առջևից – կարծես բազմապատկված Հովհաննես Մկրտիչներ՝ Նախակարապետներ լինեին – ուղարկում է բոլոր այն քաղաքներն ու վայրերը, ուր Ինքը մտադիր էր գնալ։ Եվ հետաքրքիր, մեծապես բովանդակալի հիմնավորում է տալիս Իր կատարածին, Իր որոշմանը. ասում է. «Մշակները սակավ են», չեն համապատասխանում հունձքի առատությանը։

Արդ, մենք սովոր ենք, ընդհանրապես, այս խոսքի մեջ գործածված ածականը – սակավ – մեկնաբանել քանակական իմաստով, այսինքն՝ թվով քիչ են։ Բայց, քննության առնելով բնագրի հունարեն եզրը, որ է՝ «ὀλίγος» - «օլիգոս», հասկանում ենք, որ դա միակ իմաստը չէ։ Իրոք, հունարեն եզրը կարող է մեկնաբանվել և՛ քանակական, և՛ որակական իմաստով։ Այսինքն՝ մշակները ո՛չ միայն սակավաթիվ են, այլ նաև՝ թերի են, անորակ են, չեն համապատասխանում հունձքին, չեն համապատասխանում այն «մեծ» պաշտոնին, որին կանչվել են («հունձքն առատ է» խոսքը կարող է նաև սպասվող պաշտոնի այս մեծությունը, վեհությունը, հորիզոնների անսահման ընդարձակությունը մատնանշել)։ Որպեսզի ավելի հիմնավորվի մեկնողական այս հնարավորությունը, հիշենք, որ նույն ածականն է գործածվում, երբ Քրիստոսը տարբեր առիթներով հանդիմանում է Առաքյալների «թերահավատությունը», որը հունարենում ասվում է «ὀλιγόπιστος» - «օլիգոպիստոս» (օլիգոս+պիստոս, թերի+հավատք)։

Ուրեմն, Քրիստոսի հունձքը մի վեհ, գերբնական հունձք է («Մարդկանց որսորդ կդառնաս», ասել էր), բայց ... մշակները թերի են։

.......

Տե՜ր, թույլ տուր մի փակագիծ բացել ... և հարցնել Քեզ. «Բայց ... չէ՞ որ Դու Ինքդ ես ինձ կանչել։ ... Դու ամեն ինչ գիտես։ ... Ինչո՞ւ ... ուրեմն ... »։ ... Կարծես պատասխանն էլ եմ լսում. «Այո՛, ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ, բայց այդուհանդերձ՝ ձեզնից մեկը սատանա է» (Հվհ 6, 70)։ – Եվ աշակերտներն իրար երեսի էին նայում ու հարցնում. «Արդյոք ե՞ս եմ» (հմմտ. Մտթ 26, 22), որովհետև բոլորն էլ այդ պահին գիտակցում էին, որ խոսքը կարող է և հե՛նց իրենց վերաբերվել։ – Դուք չէ, որ ընտրեցիք ինձ, այլ՝ ես ընտրեցի ձեզ, որպեսզի դուք «գնաք և պտղաբերեք, և ձեր պտուղը մնա» հավիտյան (Հվհ 15, 16)։ ...

... Այս փակագիծը կընդլայնենք վերջում։ ...

.......

Քրիստոսին – թույլ տվեք ասել սա՝ հարաբերական, ո՛չ բացարձակ իմաստով – հետաքրքրում է միայն ու միայն հունձքը, այլ ո՛չ թե՝ մշակները։ Կամ ավելի ճշգրիտ կերպով ասած՝ մշակները Քրիստոսին հետաքրքրում են միայն այն ժամանակ, երբ իրենք էլ մաս են կազմում հասունացող ու հավաքվող հունձքին։ Քրիստոսի մշակները հունձքից զատ հասկացողություն, հունձքից տարբեր իրականություն չեն։ Ա՛յլ կարգավիճակ չունեն։ Եթե չեն համապատասխանում Քրիստոսի ակնկալիքներին, փոխարինվում են «ուրիշ» 72-ով։ Հետաքրքրական է Ղուկասի այս դերանունը. «ուրիշ» («ἕτερος» - «հե՛տեռոս»)։ ( ––– Այն եզրն է, որ գործածվում է այր ու կին տարբերությունը մատնանշելու համար, որպես նույն տեսակին պատկանող, բայց միևնույն ժամանակ տարաբնույթ իրականություններ ––– ) Որոշ հեղինակավոր մեկնիչներ կարծիք են հայտնել, որ այս դերանվան գործածմամբ Ղուկասը կամենում է հասկացնել, որ Տասներկուսին փոխարինելու համար ընտրված Յոթանասուներկուսը «ուրիշ» էին նաև այն իմաստով, որ հրեաներ չէին, ամենայն հավանականությամբ՝ սամարացիներ էին, կամ մինչև իսկ՝ հեթանոսներ։ 72 թիվը Ծննդոց գրքում (10րդ գլուխ) ընկալվում է որպես «հեթանոս ժողովուրդների» թիվ, կազմված է Իսրայելի 12 տոհմերի թիվը 6 անգամ բազմապատկելով։ Այսինքն, հետաքրքիր փաստ, Տասներկուսի ձախողմանն ի տես, Քրիստոսն Իր Անվան քարոզչությունը հանձնում է սամարացիներին ու հեթանոսներին։ Եվս մի ամոթ ու խայտառակություն գոռոզամիտ Տասներկուսի համար։

Հիմա էլ է այդպես, չէ՞. ... ես Հայ եմ, ... ես Քրիստոնյա եմ, մանավանդ թե՝ Առաջին Քրիստոնյա ազգն եմ, ... ես Կաթողիկե եմ, կամ ես Առաքելական եմ ... ես Քահանա եմ, ... ես Վարդապետ եմ, ... ես Գրիգոր Լուսավորչի, Ներսես Շնորհալու, Նարեկացու, Սեբաստացու, Ալիշանի, Աղաջանյանի զարմից եմ ... ... ... և այդ ամեն ինչով հանդերձ, եթե Ձախողված Առաքյալ եմ, պատրաստ կանգնած են մեզնից թվով վեցնապատիկ ավելի «ուրիշ»ներ, – որոնց մենք արհամարհանքով աղանդներ ենք կոչում ( – 72ը հենց այն սամարացիներից էին, հրեական ''աղանդավորներից'', ասացինք, որոնց վրա պաշտոնական Առաքյալներն ուզում էին երկնքից կրակ իջեցնել ու բնաջնջել, – ), – որոնք պատրաստ են փոխարինելու մեզ, քանի որ «հունձքն առատ է», իսկ մշակները՝ սակավ (թերի)։ ...

... ... ...

Ղուկասը շարունակում է խիստ հետաքրքրական մանրամասնություններ նշել։ Ասում է, որ Տերը նրանց երկու-երկու ուղարկեց։ ... Ինչո՞ւ երկու-երկու։ Երկու-երկու գնալով՝ ընդամենը 36 ուղղություն կարող էին ''ծածկել'', ավելի արդյունավետ չէ՞ր լինի, որ մեկ-մեկ գնային, ուստի 72 ուղղությամբ ''գործ անեին''։ Ո՛չ, Քրիստոսը ուրիշ նպատակ, ուրիշ հայացք ունի այս հարցի վերաբերյալ։ Նրանց ուղարկում է երկու-երկու, որպեսզի ընդգծի նրանց «հասարակություն լինելու» կարևորությունը։ Ուրիշ անգամ էլ ասել էր, հստա՛կ. «Ուր որ երկու կամ երեք հոգի հավաքված կլինեն իմ անունով, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ» (Մտթ 18, 20)։ Հասարակություն լինելը էական է Առաքյալների համար, որովհետև հենց հասարակություն լինելով է, որ Եկեղեցի ենք, ինչը որ ա՛յլ բան չի էլ նշանակում, եթե ոչ՝ միայն ու միայն՝ հասարակություն, ի մի հավաքված ժողովուրդ։ Ուրեմն, 72-ն անում են մի բան, որն Առաքյալները չէին արել. 72ը ներկայանում են որպես Եկեղեցի, ո՛չ ինքնագլուխ փոքրիկ, մանր միապետեր։ Եվ կարծում եմ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս կետի մեջ է կայանում 72-ի հաջողության եթե ո՛չ գլխավոր բանալին բացարձակ իմաստով, առնվազն՝ գլխավոր բանալիներից մեկը։ ...

... Այո՛, կարող է պատահել, որ առաքյալը պարագաների բերմամբ ֆիզիկապես մենակ լինի, բայց նա միշտ կարող է – և պարտավո՛ր է – ունենալ հոգու այն դիրքորոշումը, որն Հայրերն անվանում էին «sentire cum Ecclesia» - «զգալ (մտածել) Եկեղեցու հետ (միությամբ)»։ ... Չկայացնել միանձնյա որոշումներ, ... լսել իրար ... , երկու-երկու ... ։ ...

«Ուղարկում եմ ձեզ իբրև գառներ գայլերի մեջ»։ ... Ես, իրականում, նախընտրում եմ լինել կուսակցապետ, իշխանիկ, ամբոխավար ... գոնե ... ։ ...

«Մի՛ վերցրեք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կոշիկներ», ... ո՛չ մշակութային բեռներ, ո՛չ անցյալի կոթողներ, ո՛չ ձեռագրեր, ո՛չ ուղղագրական կանոններ, ... ... ... ո՛չ էլ Խաչհամբույր ... ... ։ Չէ՛, վա՜յ, կներեք, սա Ավետարանում չկար։ – Ուստի, եթե Ավետարանում չկա, ուրեմն թող թույլատրելի լինի ինձ՝ Ձախողված Առաքյալիս, անգամ Պատարագ, անգամ Ծես մատուցելու ''հավես'' չունենալ, եթե ... Խաչհամբույր չկա։ ... Ես ավելի կարևոր գործ ունեմ անելու. ... մի հատ կարևոր ''մեռել'' ունեմ թաղելու ... իմ կյանքը ... ։

«Ճանապարհին ոչ ոքի ողջույն մի՛ տվեք». Այսինքն՝ ճանապարհին կանգ մի՛ առեք (զրուցելու՝ դեսից դենից), ժամանակ մի՛ կորցրեք, մի հապաղեք, մի՛ ցրվեք ... ։ Դուք նպատակակետ ունեք, որին պետք է հասնեք։ Դուք աննպատակ գոյություններ չեք։ Առանց հապաղումների ընթացեք դեպի ձեր նպատակակետը («անհապաղ, իսկույն» մակբայը մոտ 100 անգամ գործածված է Ավետարաններում)։

«Ո՛ր տունը մտնեք, նախ ասացեք. Խաղաղությո՜ւն այս տանը»։ Ահա՛ Առաքյալի կյանքի նպատակակետը, առաջնային նպատակակետը. Խաղաղություն հաստատող լինել։ Դեռ Եսայի Մարգարեն էր Հին Կտակարանում ասում. «Որքա՜ն գեղեցիկ են, լեռների վրա, քայլերը նրա, ով ավետում է բարի լուրեր, ով ավետում է խաղաղությունը, բարու պատգամաբերի, որ ավետում է փրկությունը, և ասում է Սիոնին. ''Թագավորում է քո Աստվածը''» (52, 7)։ Քրիստոսն Ինքն էլ ասել է. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո զավակներ կկոչվեն» (Մտթ 5, 9)։ ... ... Ո՛ր տունը որ մտնեք։ Տունը միայն քարեղեն շինությունը չէ, տունը նաև եղբոր, քրոջ գոյությունն է, նրա կյանքի անձնական տարածքը։ Ո՛ւմ կյանքի մեջ որ ես ոտք դնեմ, թող որ խաղաղություն պատգամողի գեղեցիկ քայլեր լինեն իմ քայլերը, Եսայու խոսքի համաձայն։

«Նույն տանը գիշերեցեք. [...] տնից տուն մի՛ տեղափոխվեցեք»։ Տնից տուն սովորաբար տեղափոխվում են, երբ առաջին տունը աղքատ է լինում, հարմարավետություններից զուրկ, կամ տնեցիները՝ նվազ համակրելի։ Առաքյալը ինչպե՞ս կարող է փախչել անհարմարություններից և որոնել ավելի հանգստավետը կամ միայն համակրելի անձինք, եթե իր նպատակը Աստծո Արքայության քարոզն է, դևերին հեռացնելը, հիվանդությունները բժշկելը ... ։

«Նրանց ունեցածի՛ց կերեք. [...] մշակն արժանի է իր վարձին»։ Մենք մեծ հաճույքով ենք հիշում այս խոսքի երկրորդ մասը, մանավանդ թե՝ վերջին երկու բառերը. «արժանի» և «վարձը»։ Բայց հարց չենք տալիս ինքներս մեզ. Եղա՞ մշակ, հաջողվեցի՞ մշակ լինելու իմ պաշտոնի մեջ, հիվանդություններ բժշկեցի՞, դևեր հեռացրեցի՞, Աստծո Արքայությունը քարոզեցի՞ ... թե՞ ճանապարհին աջ ու ձախ կանգ առա սրան նրան ''ողջունելու'' ... ( ... այսօր ճանապարհները շա՜տ շատ են. է՛լ WhatsApp, է՛լ Viber, է՛լ TicToc, է՛լ ... է՛լ ... է՛լ ..., մինչև որ մեր համար էլ գրվում է. « GAME OVER !!! » ... )։ ... Ինչ վերաբերվում է խոսքի առաջին մասին, մենք սիրում ենք շեշտի տեղը փոխել. Նրանց ունեցածից «կերե՛ք»։ Բայց շեշտը բայի վրա չէ, շեշտը «ունեցածի՛» վրա է, այսինքն՝ ի՛նչ որ նրանք ունեն, դա՛ կերեք, ավելին կամ տարբեր բաներ ո՛չ ակնկալեք, ո՛չ էլ, առավել ևս, պահանջեցեք։ ... Սա մեզ կարող է կատակ թվալ, բայց իրականում այնքա՜ն կարևոր է, որ մի քանի տող հետո կրկնում է. «Կերեք ա՛յն, ինչ որ ձեր առաջ կդնեն»։ ...

«Սոդոմացիների համար այդ օրը ավելի տանելի կլինի», քան նրանց համար, ովքեր – հակառակ փաստին, որ Աստծո Արքայությունը մոտեցել է իրենց – այդ մոտեցած Աստծո Արքայությունը չեն ընդունում։ ... Ա՜յ քեզ զարմանք։ Ես էլ գիտեի, թե «սոդոմացի» լինելուց ավելի պիղծ բան չկա, այն իմաստով, որով այն հասկանում ենք՝ բարոյական այլասերման ու ապականության։ Քրիստոսը, մինչդեռ, ասում է, որ սոդոմացիների համար դատաստանն ավելի տանելի է լինելու, քան նրանց, ովքեր Աստծո Արքայությունը չեն ընդունել, հակառակ այն փաստի, որ Աստծո Արքայությունը մոտեցել է իրենց։ ... Արդ, կա՞ մեկը, որին Աստծո Արքայությունն ավելի է մոտեցել, քան նա, ով ստացել է Տասներկուսից մեկը լինելու, Քրիստոսի Քահանա, Քրիստոսի Հարս լինելու շնորհը։ ... ... ... Սոդոմացիների համար, ուրեմն, դատաստանն ավելի տանելի է լինելու, քան իր առաքելության մեջ Ձախողված Առաքյալի համար։ ... Մի՞թե Քրիստոսն Ինքը չէ, տակավին, որ ասում է. «Մաքսավորներն ու պոռնիկները գալու բազմելու են Աբրահամի հետ Աստծո Արքայության մեջ, իսկ Արքայության որդիները թողնվելու են դրսում» (հմմտ. Մտթ 21, 31; 8, 11-12)։

«Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսաիդա, որովհետև եթե Տյուրոսում և Սիդոնում ... »։ Վայեր հրեական քաղաքներին, գովասանք՝ հեթանոսական քաղաքներին։ Կափառնաումին, որն այն քաղաքն էր, ուր Հիսուսն Ինքը բնակվում էր, և որտեղից էին Առաքյալների մի մասը (Պետրոսն ու Անդրեասը, Հակոբոսն ու Հովհաննեսը, Մատթեոսը, օրինակ), վերապահված է ամենասարսափելի գնահատականը. « ... մինչև դժոխք ես գահավիժելու ... »։ Վայեր են ուղղվում նրանց, որոնք լիացվել են Աստծո շնորհներով ... ։ ... Ձախողված Առաքյալը, կասեի, Աստվածածնի հակապատկերն է. շնորհներով լի Մարիամին ասվում է «Ողջո՜ւյն քեզ», «Երանի՜ քեզ», ... շնորհներով լի, բայց ձախողված Առաքյալին ասվում է «Վա՜յ քեզ»։ ... «Եթե Տյուրոսում և Սիդոնում կատարված լինեին այն զորավոր գործերը ... »։ ... Կրկին, չե՞նք կարող մեզ վերագրել այս խոսքերը. «Վա՜յ քեզ, Քահանա, որովհետև եթե ... բուդդիստներին ... կամ մուսուլմաններին ... կամ աթեիստներին ... կամ այլոց ... տրված լինեին այն շնորհները, որ քեզ են տրվել ... ... ... ։ Մինչև երկինք ես բարձրացել, մինչև դժոխք ես գահավիժելու ... »։

... ... ...

Եվ հասնում ենք գեղեցկագույն ավարտին։ «Յոթանասուներկուսը վերադարձան խնդությամբ և ասացին. ''Տե՜ր, դևերն էլ են մեզ ենթարկվում Քո Անունով''»։

Այո՛, ուրեմն, ''ուրիշ'' 72-ը կարողացան անել այն, ինչը որ պաշտոնական Տասներկուսը չէին կարողացել անել։ Ճանապարհ ընկան երկու-երկու, Քրիստոսից առաջ, դեպի այն քաղաքներն ու վայրերը, ուր Նա գնալու էր, ... աղաչանքներ բարձրացրեցին Հունձի Տիրոջը, ... գնացին իբրև գառներ գայլերի մեջ, ... առանց վերցնելու քսակ, մախաղ և կոշիկներ, ... ճանապարհին կանգ չառան սրան ու նրան ողջույն տալու, ... ո՛ւր որ ոտք դրեցին, խաղաղություն սփռեցին միայն, ... կերան այն, ինչ դրվեց իրենց առաջ, ... խնամեցին այդտեղի հիվանդներին ... ազատեցին մարդկանց դևերի լծից։ ...

Եվ Քրիստոսը պատասխանում է, որ գիտի այդ ամենի մասին։ Մինչ նրանք այդ անում էին, Նա տեսնում էր, թե ինչպե՛ս է սատանան երկնքից (գահից, որի վրա բարձրացել էր) վար ընկնում փայլակի նման։ Խոսքը ժամանակների սկզբում կատարվածի մասին չէ միայն, այլ՝ գործի, որ հաջողացրել էին Յոթանասուներկուսը։ Վար նետել սատանային մարդկանց հոգիների ''գահերից'', մարդկանց հոգիների ''երկինքներից''։ ... ... ... Տասներկուսը երկնքից ուզում էին կրակ իջեցնել և բնաջնջել իրենց չընդունողներին, իսկ Յոթանասուներկուսը երկնքից ո՛չ թե բնաջնջող կրակ են իջեցնում, այլ՝ սատանային են վար գցում։

Սա՛ է տարբերությունը Ձախողված Առաքյալի ու Հաջողված Առաքյալի միջև։

...

...

...

Չեմ ուզում ավարտել այսպես՝ խավար գույների մեջ թողնելով իմ շա՜տ սիրելի Տասներկուսի կերպարները։ Տասներկու Առաքյալները – իմ սրտի Եղբայրները – վավերական օրինակներ են իմ համար, ... մարդկային վիճակի գլուխգործոցներ են, որ Քրիստոսի Հարությունից և Սուրբ Հոգու գալստից հետո դառնում են աստվածային գլուխգործոցներ։

Նրանց մեծություններից մեկը նաև այն է, որ «այս բաներից հետո» նրանք դարձի են գալիս, – դարձի գալու ավետարանական իմաստով, – կատարում են «μετάνοια» - «մետանոյա»՝ մտածելակերպի փոփոխություն, մտածելակերպի շրջադարձ, ... ազատվում են իրենց մտային կուռքերից, որոնք դևեր են ... և իրենք ազատվելով՝ կարող և ընդունակ են դառնում ազատագրելու նաև ուրիշներին ... ։ Եվ Քրիստոսի Սուրբ Եկեղեցին իրավամբ հիմնվում է նրա՛նց վրա ... դարձի եկած ձախողվածների վրա ... և Սուրբ Հոգին Ինքն էլ «քարոզեաց յԱռաքեալսն», քարոզում է նրա՛նց բերանով ... ։

...

Ինչպիսի՜ հրաշքներ է գործում Սուրբ Հոգու էջքը։ ...

Ինչպիսի՜ հրաշքներ է գործում դարձի գալը։ ...

Դարձը մտքի ... Դարձը սրտի ... ։

...

Ուրեմն ի՞նչ է մնում մեզ, եթե ո՛չ միայն աղաչել Հունձի Տիրոջը, ասելով.

 

Ե՜կ, Սուրբ Հոգի, ստեղծող էից,
Յայց ել մտաց Քոց ծառայից.
Եւ վերնական շնորհօք Քո լից,
ԸզՔո ստեղծեալ սիրտ բոլորից։

 

Ամեն։

You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։