Զեբեդեոսի որդի Հովհաննեսը – Գրադարան – Mashtoz.org

Զեբեդեոսի որդի Հովհաննեսը

Այսօրվա հանդիպումը կնվիրենք Առաքյալների խմբի ևս մեկ շատ կարևոր անդամի՝ Հովհաննեսին՝ Զեբեդեոսի որդուն և Հակոբոսի եղբորը: Նրա տիպիկ հրեական անունը նշանակում է «Աստված շնորհ տվեց»: Հիսուսը նրան, նրա եղբոր հետ միասին, կանչեց Տիբերիական լճի ափին, երբ նրանք կարգի էին բերում իրենց ուռկանները (Մտթ 4, 21; Մրկ 1, 19): Հովհաննեսը ամենաընտրյալ աշակերտներից էր, ովքեր Հիսուսի կողքին էին՝ Նրա կյանքի վճռական պահերին: Պետրոսի և Հակոբոսի հետ միասին, Կաֆառնաումում նա ականատես եղավ, թե ինչպե՛ս Հիսուսը մտավ Պետրոսի տուն և բուժեց նրա զոքանչին (Մրկ 1, 29). նրանց հետ միասին, Հիսուսին հետևելով, նա մտավ ժողովրդապետ Հայրոսի տուն, ում դստերը Հիսուսը վերադարձրեց կյանքի (Մրկ 5, 37). ապա ներկա գտնվեց Թաբոր լեռան վրա Հիսուսի պայծառակերպությանը (Մրկ 9, 2). Հիսուսի կողքին էր Ձիթենյաց լեռան վրա, որտեղ Տերը, նայելով Երուսաղեմի հիասքանչ տաճարին, մարգարեացավ քաղաքի ավերումը և աշխարհի վախճանը (Մրկ 13, 3). և վերջապես, Հովհաննեսը Տիրոջ հետ էր Գեթսեմանիի պարտեզում, որտեղ Տերը չարչարանքներից առաջ առանձնության մեջ աղոթում էր Հորը (Մրկ 14, 33): Զատիկից քիչ առաջ Հիսուսը երկու աշակերտների ուղարկեց՝ պատրաստելու վերնատունը Ընթրիքի համար. այդ երկուսը հենց Հովհաննեսն ու Պետրոսն էին (Ղկս 22, 8):

Հովհաննես Առաքյալը երևելի տեղ ուներ Տասներկուսի մեջ, և դրանով է ինչ-որ չափով բացատրվում նրա մոր քայլը. մի անգամ նրա մայրը մոտեցավ Հիսուսին և խնդրեց, որ իր երկու որդիները Երկնքի Արքայության մեջ բազմեն Հիսուսի աջ և ձախ կողմերում (Մտթ 20, 20-21): Ինչպես գիտենք, Հիսուսն այդ խնդրանքին պատասխանեց հարցով, թե արդյոք նրանք պատրա՞ստ էին խմելու իրենց համար պատրաստված բաժակը (Մտթ 20, 22): Այդ խոսքերով Տերն ուզում էր բացել երկու աշակերտների աչքերը, օգնել նրանց հասկանալու իր Անձի խորհուրդը և ընդհանուր գծերով նկարագրել նրանց ապագա կոչումը՝ լինելու Իր վկաները՝ ընդհուպ մինչև վերջին փորձությունը՝ արյան հեղումը: Դրանից քիչ հետո Հիսուսը բացատրեց, որ եկել է ո՛չ թե ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու շատերի փրկության համար (Մտթ 20, 28): Հարությանը հաջորդող առաջին օրերին նորից հանդիպում ենք Զեբեդոսի որդիներին. Պետրոսի և մյուս աշակերտների հետ միասին, նրանք ամբողջ գիշեր փորձում էին ձուկ որսալ, բայց ապարդյուն: Եվ հանկարծ, Հարուցյալի միջամտությամբ՝ նրանք առատ ձուկ որսացին: Հենց «այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր», առաջինը ճանաչեց Տիրոջը և այդ մասին հայտնեց Պետրոսին (Հվհ 21, 1-13):

Երուսաղեմի եկեղեցում Հովհաննեսը կարևոր տեղ էր զբաղեցնում և ղեկավարում էր քրիստոնյաների առաջին ժողովները: Այսպես, Պողոսը նրան համարում է համայնքի «սյուներից» մեկը (Գղտ 2, 9): Ղուկասը Գործք Առաքելոցում նկարագրում է, թե ինչպե՛ս Պետրոսն ու Հովհաննեսը գնացին Տաճար՝ աղոթելու (Գրծ 3, 1 - 4, 11), և թե ինչպե՛ս հրեաների ավագանու առջև վկայեցին Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքի մասին (Գրծ 4, 13-19): Երուսաղեմի Եկեղեցին Հովհաննեսին և Պետրոսին ուղարկեց Սամարիա՝ հավատքի մեջ հաստատելու Ավետարանի նորադարձներին և աղոթելու, որպեսզի Սուրբ Հոգին իջնի նրանց վրա (Գրծ 4, 20): Հավատքի դավանության մեջ Հովհաննեսի անկեղծությունը մեր համար օրինակ և հորդոր է՝ միշտ պատրաստ լինելու վճռականորեն հայտարարելու Քրիստոսի հանդեպ մեր անխախտ հավատարմությունը՝ հավատքը հակադրելով ամեն տեսակ հաշվարկներին և զուտ մարդկային շահերին:

Ավանդության համաձայն, Հովհաննեսը՝ «այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր», ինչպես գրված է չորրորդ Ավետարանում, Ընթրիքի ժամանակ բազմեց Հիսուսի կրծքի մոտ (Հվհ 13, 21), Հիսուսի Մոր հետ միասին կանգնած էր Խաչի կողքը (Հվհ 19, 25), տեսավ Աստծո դատարկ գերեզմանը և Առաքյալներից առաջինը դարձավ Հարուցյալի ներկայության վկան (Հվհ 20, 2; 21, 7): Այսօր ուսումնասիրողները վիճում են, թե արդյոք կարելի՞ է այդ բոլոր իրադարձությունները կապել կոնկրետ անձնավորության հետ. ոմանք նրա մեջ տեսնում են սոսկ Քրիստոսի աշակերտի նախապատկերը: Թող որ մեկնաբանները վիճեն այդ խնդրի շուրջ, իսկ մենք կարող ենք դրանից կյանքի համար կարևոր մի դաս քաղել. Տերը կամենում է յուրաքանչյուրիս դարձնել Իր աշակերտը և որպեսզի մեր համար թանկ լինի Իր հետ մտերմությունը: Դրա համար բավարար չէ միայն արտաքնապես Նրան նմանվելը և մակերեսորեն Նրան լսելը, այլ՝ հարկավոր է Նրա հետ ապրել կողք կողքի, և այնպես, ինչպես Ինքն էր ապրում: Դա հնարավոր է միայն շատ մտերիմ հարաբերությունների մեջ, որոնք լի են բացարձակ վստահությամբ: Հենց այդպիսի հարաբերություններն են հնարավոր ընկերության մեջ, այդ պատճառով Հիսուսը մի անգամ ասաց. «Չկա ավելի մեծ սեր, քան երբ մեկն իր կյանքը տա իր ընկերների համար։ [...] Ես ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե ի՛նչ է անում տերը, այլ՝ ես ձեզ ընկերներ կոչեցի, որովհետև այն ամենը, ինչ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ» (Հվհ 15, 13-15):

Պարականոն «Հովհաննեսի Գործեր» գրքում Առաքյալը ներկայացված է ո՛չ թե որպես եկեղեցիների հիմնադիր և բնավ ո՛չ որպես համայնքների առաջնորդ, այլ՝ հավատքի անխոնջ մունետիկ՝ «այն հոգիներին, որոնք ունակ են հուսալու և փրկվելու» (18, 10; 23, 8):

Արևելյան Եկեղեցին Հովհաննեսին ուղղակի անվանում է «Աստվածաբան», այսինքն՝ մարդ, ով կարող է հասկանալի կերպով խոսել աստվածայինի մասին և տեսնում է առ Աստված տանող սրբազան ճանապարհը՝ Հիսուսին նմանվելու մեջ:

Հովհաննես Առաքյալի նկատմամբ հարգանքը ծնվեց Եփեսոսում, որտեղ, ըստ հնագույն ավանդության, նա շատ է աշխատել և որտեղ, բավական առաջացած տարիքի հասնելով, մահացել է Տրայանոս կայսեր օրոք: 6-րդ դարում, Հուստինիանոս կայսեր հրամանով, Եփեսոսում նրա պատվին կառուցվեց մի շքեղ բազիլիկ եկեղեցի, որի ավերակները պահպանվել են մինչև այսօր: Հենց Արևելքում են Հովհաննեսին պատվել հնուց ի վեր: Բյուզանդական պատկերագրության մեջ Հովհաննեսը սովորաբար պատկերվում էր որպես մի մտահայեցության մեջ գտնվող ծերունի, ով մեզ կոչ է անում լռության:

Հիրավի, առանց ներքնապես լրջորեն կենտրոնանալու, անհնարին է մոտենալ Աստծո վսեմ խորհրդին և աստվածային Հայտնությանը: Ահա՛ թե ինչո՛ւ շատ տարիներ առաջ Տիեզերական Պատրիարք Աթենագորասը, ում հետ Պողոս Վեցերորդ Պապը գրկախառնվեց հիշարժան հանդիպման ժամանակ, հայտարարեց. «Հովհաննեսը կանգնած է հոգևոր ամենավսեմ ապրումի ակունքներում: Նրա նմանությամբ, ''լռակյացներն'' ընկալում են սրտերի այդ խորհրդավոր փոխադարձ մտերմությունը, կանչում են Հիսուսի անունը և նրանց սրտերը բոցավառվում են» (Օ. Քլեման, «Զրույցներ Աթենագորասի հետ», Թուրին 1972, էջ 159): Թող որ Տերը մեզ օգնի գնալ Հովհաննեսի հետքերով, յուրացնել սիրո մեծ դասը, ինքներս մեզ զգալ Քրիստոսի կողմից սիրված «ի սպառ» (Հվհ 13, 1) և Նրան նվիրել մեր կյանքը:

 

Ընդհանուր ունկնդրություն, 5 Հուլիսի 2006թ., Սուրբ Պետրոսի հրապարակ

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։