Հովհաննեսը՝ Պատմոս կղզու մարգարեն – Գրադարան – Mashtoz.org

Հովհաննեսը՝ Պատմոս կղզու մարգարեն

Մեր վերջին զրույցները նվիրված էին Հովհաննես Առաքյալի անձին: Սկզբում, մենք հնարավորինս ծանոթացանք նրա կյանքին: Հետո՝ մեր երկրորդ զրույցի ժամանակ, ծանոթացանք նրա Ավետարանի և Նամակների գլխավոր թեմայի՝ ողորմության, սիրո հետ: Այսօր մենք դարձյալ կանդրադառնանք Հովհաննեսի անձին, այս անգամ՝ որպես Հայտնության մարգարեի: Միանգամից կատարենք մի դիտարկում. եթե չորրորդ Ավետարանում և Ընդհանրական Նամակներում, որոնց հեղինակությունը վերագրվում է Հովհաննես Առաքյալին, ոչ մի անգամ չենք հանդիպում նրա անվանը, ապա Հայտնության գրքում «Հովհաննես» անունը հանդիպում է չորս անգամ (1, 1.4.9; 22, 8): Ակնհայտ է, որ հեղինակը, մի կողմից, ոչ մի հիմք չուներ լռելու իր անվան մասին, իսկ մյուս կողմից՝ գիտեր, որ այդպես առաջին ընթերցողները կկարողանան հստակ կերպով ճանաչել իրեն: Բայց հայտնի է, որ արդեն 3-րդ դարում մասնագետները վիճում էին առ այն, թե արդյո՞ք Հայտնության հեղինակը Հովհաննես Առաքյալն է: Բոլոր դեպքերում մենք կարող ենք արդարացիորեն Հայտնության գրքի հեղինակին անվանել «Պատմոս կղզու մարգարեն», որովհետև նրա ճակատագիրը կապված է Էգեյան ծովի այդ կղզու հետ, որտեղ, ըստ նրա կենսագրական տվյալների, նա աքսորվել էր «Աստծո Խոսքը և Հիսուս Քրիստոսին վկայելու համար» (Հյտ 1, 9): Հենց Պատմոսում «Կիրակի օրը Հոգին եկավ» Հովհաննեսի վրա (Հյտ 1, 10) և նա արժանացավ անսովոր տեսիլքների, լսեց գերբնական հայտնություններ, որոնք մեծապես ազդեցին Եկեղեցու պատմության ընթացքի վրա և առհասարակ քրիստոնեական մշակույթի վրա: Օրինակ, նրա գրքի անվան («Հայտնություն» կամ «Ապոկալիպսիս») շնորհիվ խոսակցական լեզվում հայտնվեցին «ապոկալիպսիս», «ապոկալիպտիկ», «հայտնություն», «հայտնութենական» բառերը, որոնց տակ, թեև, հասկանում են անխուսափելի աղետ:

Հայտնության գիրքը հարկավոր է հասկանալ՝ ի նկատի առնելով այն ողբերգական իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Ասիայի յոթ եկեղեցիներում (Եփեսոսի, Զմյուռնիայի, Պերգամոնի, Թիվատիրի, Սարդիկեի, Ֆիլադելֆիայի և Լավոդիկիայի), որոնք Ք.հ. Առաջին դարում վկայություն տալով Քրիստոսի մասին՝ բախվեցին մեծ դժվարությունների, հալածանքների և, նույնիսկ, ներքին տարաձայնություններ ունեցան: Հովհաննեսը, նրանց գրելիս, ցուցաբերում է հովվական կենդանի նրբազգացություն՝ հալածվող քրիստոնյաների նկատմամբ, նրանց հորդորում է ամուր մնալ հավատքի մեջ և չխառնակվել թվաքանակով իրենց գերազանցող հեթանոսական աշխարհի հետ: Վերջին հաշվով, Հովհաննեսը նպատակ ուներ բացահայտելու մարդկային պատմության իմաստը՝ հիմնվելով Քրիստոսի մահվան և հարության փաստի վրա: Նկարագրելով իր առաջին հիմնարար տեսիլքը՝ Հովհաննեսը խոսում է Գառան մասին, որը մորթվել է, բայց, այնուամենայնիվ, դեռ կանգնած է ոտքերի վրա (Հյտ 5, 6): Այս պատկերն ունի երկակի իմաստ: Նախ՝ Հիսուսը, թեև դաժանորեն մահապատժի ենթարկվեց, գետնին չտապալվեց, այլ՝ անհավատալի կերպով ամուր կանգնած է Իր ոտքերի վրա, որովհետև Իր Հարությամբ վերջնականապես հաղթեց մահվանը: Երկրորդ՝ Հիսուսը, հենց այն պատճառով, որ մեռավ և հարություն առավ, այսուհետև լիարժեք կերպով մասնակցում է Հոր արքայական և փրկարար իշխանությանը: Այդպիսին է տեսիլքների գլխավոր իմաստը: Հիսուսը՝ Աստծո Որդին, այս երկրի վրա անպաշտպան Գառ է՝ խոցված և սպանված: Բայց նա կանգնած է Աստծո գահի առաջ և մասնակցում է աստվածային իշխանությանը: Նրա ձեռքերում է մարդկության պատմությունը: Դրանով մարգարեն ասում է մեզ. Հուսացե՛ք Հիսուսին, մի՛ վախեցեք ձեզ ընդդիմացող իշխանություններից, մի՛ երկնչեք հալածանքներից: Խոցված և սպանված Գառը հաղթել է: Նմանվեցե՛ք Հիսուս Գառանը, վստահեցե՛ք Հիսուսին, հետևեցե՛ք Նրա ճանապարհին: Թեև այս աշխարհում Նա պարզապես անուժ Գառ է, իրականում Նա Հաղթողն է:

Հայտնության հիմնական տեսիլքներից մեկում Գառը բացում է յոթ կնիքներով կնքված գիրքը, որոնք Իրենից առաջ ոչ ոք չկարողացավ բացել: Հովհաննեսը լացում է, որովհետև չի եղել ոչ ոք՝ արժանի բացելու և կարդալու այդ գիրքը (Հյտ 5, 4): Պատմությունը մնում է առեղծվածային, անհասկանալի: Ոչ ոք չի կարող հասկանալ այն: Բացառված չէ, որ Հովհաննեսի ողբը՝ պատմության այդքա՜ն մթին գաղտնիքին ի տես, արտահայտում է Ասիայի եկեղեցիների շփոթմունքը, ովքեր հուսահատված են Աստծո լռության պատճառով՝ հալածանքների այդ ժամանակներում, որոնք սանձազերծվել էին նրանց դեմ: Այդ շփոթմունքի մեջ նաև շատ լավ արտացոլվում է մեր խռովքը՝ ի դեմս վիթխարի դժվարությունների, անհասկացողության և թշնամանքի, որոնց պատճառով այսօր Եկեղեցին տառապում է աշխարհի որոշ մասերում: Եկեղեցին, անշուշտ, արժանի չէ այդ հալածանքներին, ճիշտ ինչպես Հիսուսն Ինքը արժանի չէր մահապատժի: Բայց դրանք ցույց են տալիս, որ մարդը, զիջելով չարի ճնշմանը, չարանում է, իսկ Աստված ի վերուստ ուղղորդում է դեպքերի ընթացքը: Այդ պատճառով միայն՝ մորթված Գա՛ռը կարող է բացել կնքված գիրքը և բարձրաձայն կարդալ դրա մեջ գրվածը, բացահայտել պատմության իմաստը, որ հաճախ անհեթեթ է թվում: Միայն Նա՛ կարող է դրանից քաղել ցուցումներ և հրահանգներ, որոնք կարևոր են քրիստոնյաների կյանքի համար, քրիստոնյաների, ում համար Նրա հաղթանակը մահվան հանդեպ կանխատեսում և ազդարարում է հաղթանակ, որին, անկասկած, նրանք էլ կհասնեն իրենց հերթին: Նրանց մխիթարելու համար՝ Հովհաննեսը գործածում է խորապես խորհրդավոր, պատկերավոր մի լեզու:

Հայտնության տեսիլքների կենտրոնում Կնոջ խորհրդավոր կերպարն է, Ով ծնում է Որդուն: Կա նաև վիշապի կերպարը, որը դուրս է շպրտված Երկնքից, բայց նախկինի նման շատ հզոր է: Կինը խորհրդանշում է Մարիամին՝ Քավիչի Մորը, բայց միաժամանակ նաև՝ ամբողջ Եկեղեցուն, Աստծո ժողովրդին՝ բոլոր ժամանակներում, Եկեղեցուն, որը բոլոր ժամանակներում մեծ ցավերով նորից ու նորից ծնում է Քրիստոսին: Եվ Կնոջը անընդհատ սպառնում է վիշապը: Կինը թվում է անպաշտպան, թույլ: Եվ չնայած վիշապը սպառնում և հետապնդում է, Կինը Աստծո հովանու և մխիթարության ներքո է: Եվ ի վերջո, հաղթում է Կինը և ո՛չ թե վիշապը: Ահա՛ գրքի մեծ մարգարեությունը, որը մեզ հույս է տալիս: Պատմության ընթացքում տառապող կինը հալածվող Եկեղեցին է, որը վերջում մեր առջև է կանգնում որպես գեղեցիկ մի Հարս, ով Նոր Երուսաղեմի պատկերն է, որտեղ այլևս չկա ո՛չ արտասուք և ո՛չ լաց: Դա փոխակերպված նոր աշխարհի խորհրդանիշն է, որի լույսը Աստված Ինքն է, իսկ ճրագը Գառն է:

Ահա՛ թե ինչո՛ւ Հովհաննեսի «Հայտնությունը», թեև ներծծված է տառապանքների, տվայտանքների և լացի նկարագրություններով, որոնք պատմության մռայլ պատկերն են, այնուամենայնիվ՝ ներթափանցված է բազմաթիվ փառաբանություններով, որոնք ներկայացնում են պատմության մի տեսակ լուսավոր պատկերը: Այսպես, օրինակ, գրքում կարդում ենք անչափ մեծաթիվ արդարների մասին, ովքեր երգում և բացականչում են. «Ալելուիա՜, թագավորեց մեր Ամենակալ Աստվածը: Ուրախանա՜նք, ցնծա՜նք ու փա՜ռք տանք Նրան, քանի որ հասավ Գառան հարսանիքի ժամը, և Կինը՝ նրա Հարսը, պատրաստվեց» (Հյտ 19, 6-7): Այստեղ բախվում ենք տիպիկ կերպով քրիստոնեական պարադոքսի. տառապանքն ընկալվում է ո՛չ որպես վերջին խոսք, այլ՝ որպես անցում դեպի երջանկություն, և նույնիսկ տառապանքը ինքն իր ներսում խորհրդավոր կերպով կրում է ուրախությունը, որը հույսի ծնունդ է: Հենց այդ պատճառով Հովհաննեսը՝ Պատմոս կղզու մարգարեն, կարողանում է գիրքն ավարտել վերջին կոչով, որի մեջ բաբախում է անհանգիստ մի հույս. «Ամեն, ե՜կ, Տեր Հիսուս Քրիստոս» (Հյտ 22, 20): Սա նոր ծնվող Քրիստոնեության հիմնական աղոթքներից է, որը Պողոս Առաքյալը ևս կրկնում է արամայերեն տեսքով. «Marana tha» - «Մարանա թհա» (1Կր 16, 22): Այս աղոթքը բազմաթիվ կողմեր ունի: Նախևառաջ, այն արտահայտում է Տիրոջ վերջնական հաղթանակի հանդեպ հույսը, Նոր Երուսաղեմի և Տիրոջ գալստյան սպասումը, որը կկերպարանափոխի աշխարհը: Բայց դա միաժամանակ նաև հաղորդութենական աղոթք է. «Ե՜կ, Տե՜ր, հիմա՛»: Եվ Հիսուսը գալիս է՝ կանխավ պարգևելով Իր վերջնական գալստյան նախաճաշակը: Ուստի և մենք ուրախությամբ ասում ենք. «Ե՜կ հիմա՛, և ե՜կ վերջնականապե՛ս»: Այդ աղոթքն ունի նաև երրորդ իմաստ. «Դու արդեն եկել ես, Տե՜ր, մենք հաստատ գիտենք, որ Դու մեր մեջ ես: Մենք ուրախությամբ ապրեցինք այդ փորձառությունը: Բայց ե՜կ վերջնականապես»: Մենք էլ աղոթենք Պողոս Առաքյալի, Պատմոս կղզու Սուրբ Առաքյալի և նոր ծնվող Քրիստոնեության հետ միասին. «Ե՜կ, Տե՜ր Հիսուս, ե՜կ և վերափոխի՜ր աշխարհը: Ե՜կ արդեն այսօր, և թող որ հաղթի խաղաղությունը։ Ամեն»:

 

Ընդհանուր ունկնդրություն, 23 Օգոստոսի 2006թ., «Պողոս Վեցերորդ» դահլիճ

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։