Հովհաննես Աստվածաբանը – Գրադարան – Mashtoz.org

Հովհաննես Աստվածաբանը

Առաքյալները Հիսուսի երկրային կյանքի ուղեկիցներն էին, Նրա ընկերները և Նրա հետ միասին անցան ո՛չ միայն արտաքին ճանապարհ՝ Գալիլեայից դեպի Երուսաղեմ, այլ նաև՝ ներքին, հոգևոր ճանապարհ, որի շնորհիվ սովորեցին հավատալ Հիսուս Քրիստոսին, թեև դա հեշտ չէր, չէ՞ որ նրանք նույնպես մեր նման մարդիկ էին: Բայց հենց այն պատճառով, որ նրանք ուղեկցում էին Հիսուսին և դժվարին ճանապարհ անցան, նրանց հավատքը խորը արմատներ ձգեց, և նրանք մեր համար դարձան ուսուցիչներ՝ օգնելով մեզ ճանաչել, սիրել Հիսուս Քրիստոսին և հավատալ Նրան: Ես արդեն խոսել եմ Տասներկու Առաքյալներից չորսի մասին՝ Պետրոսի, նրա եղբայր Անդրեասի, Հակոբոսի և նրա եղբայր Հովհաննեսի մասին, երկրորդ Հակոբոսի մասին, ով կոչվում է «Կրտսեր» և Նոր Կտակարանի մեջ ներառված Ընդհանրական Նամակի հեղինակն է: Ի հավելումն, ես խոսեցի նաև Հովհաննես Ավետարանչի մասին՝ գծելով Առաքյալի դիմանկարի ընդհանուր գծերը: Այժմ ես կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել նրա ուսմունքի բովանդակության վրա: Ուրեմն, այսօր մենք կանդրադառնանք նրա անունը կրող Ավետարանին և Նամակներին:

Եթե գոյություն ունի Հովհաննեսի ստեղծագործություններին բնորոշ մի թեմա, ապա դա սերն է: Պատահական չէ, որ իմ առաջին Կոնդակը սկսվում է Հովհաննեսի խոսքով. «Աստված սեր է» («Deus caritas est»), և «ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված՝ նրա մեջ» (1Հվհ 4, 16): Շատ դժվար է ուրիշ կրոնների ուսմունքներում գտնել նմանօրինակ բառեր, հետևաբար՝ այդ բառերը մեզ առաջնորդում են դեպի Քրիստոնեության իսկապես յուրօրինակ բովանդակությունը: Անշուշտ, Հովհաննեսը միակը չէր, ով Քրիստոնեության արշալույսին խոսում էր սիրո մասին: Սերը Քրիստոնեության հիմնական բովանդակությունն է. սիրո մասին գրում են Նոր Կտակարանի բոլոր հեղինակները՝ ճիշտ է, տարբեր շեշտադրություններով: Այսօր մենք խորհրդածում ենք այն մասին, թե ինչպես է այդ թեման լուսաբանված Հովհաննեսի մոտ, որովհետև հենց նա է համոզիչ կերպով գծել այդ թեմայի հիմնական ուղղությունները: Եվ այսպես, անդրադառնանք նրա խոսքերին: Բացարձակապես ակնհայտ է մի բան. Նա առաջարկում է «Ի՞նչ է սերը» հարցի ո՛չ վերացական, ո՛չ փիլիսոփայական և ո՛չ էլ, նույնիսկ, աստվածաբանական մեկնաբանություն: Ո՛չ, նա բնավ տեսաբան չէ: Ճշմարիտ սերն իր էությամբ բնավ չի կարող լինել մտահայեցողական, այլ՝ տալիս է մի անմիջական, որոշակի և վավերական կողմնորոշիչ՝ կոնկրետ մարդկանց: Եվ այսպես, Հովհաննեսը՝ Հիսուսի Առաքյալն ու ընկերը, մեզ ցույց է տալիս քրիստոնեական սիրո բաղկացուցիչները կամ, ավելի ճիշտ, փուլերը, այսինքն՝ մի գործընթացի, որին բնորոշ են երեք փուլեր:

Առաջինը վերաբերվում է ինքնին սիրո աղբյուրին, որն Առաքյալը տեսնում է Աստծո մեջ և նույնիսկ հաստատում է, ինչպես լսեցինք, որ «Աստված սեր է» (1Հվհ 4, 8.16): Հովհաննեսը միակն է Նոր Կտակարանի հեղինակների մեջ, ով Աստծո վերաբերյալ սահմանումներ է տալիս մեզ: Օրինակ, նա ասում է. «Աստված հոգի է» (Հվհ 4, 24), կամ. «Աստված լույս է» (1Հվհ 1, 5): Այստեղ էլ նա ներշնչմամբ հռչակում է. «Աստված սեր է»: Նկատեք, որ նա պարզապես չի ասում, թե «Աստված սիրում է», կամ թե «սերը Աստված է»: Ա՛յլ խոսքով, Հովհաննեսը չի սահմանափակվում աստվածային գործողության նկարագրությամբ, այլ՝ խորանում-հասնում է մինչև դրա արմատները: Այսինքն, նա աստվածային որակ չի հաղորդում անորոշ, անանձնավոր սիրույն, չի բարձրանում սիրուց դեպի Աստված, այլ՝ անմիջականորեն դիմում է Աստծուն և բնորոշում Նրա էությունը որպես անսահման սեր: Դրանով՝ Հովհաննեսը նաև ուզում է ասել, որ Աստծո գլխավոր որակը սերն է, այդ պատճառով էլ Աստծո բոլոր գործերը ծնվում են սիրուց և դրոշմված են սիրով. ամեն ինչ, որ Աստված գործում է, կատարվում է սիրուց մղված և սիրով, նույնիսկ եթե մենք ո՛չ միշտ ենք կարողանում անմիջապես ընկալել, որ հենց դա՛ է սերը՝ ճշմարիտ սերը:

Այստեղ անհրաժեշտ է մեկ քայլ առաջ անել և պարզաբանել, որ Աստված գործով հայտնեց մեզ Իր սերը՝ մտնելով մարդկության պատմության մեջ՝ հանձինս Հիսուս Քրիստոսի, Ով մեր համար մարմնացավ, մեռավ և հարություն առավ: Այդպիսին է Աստծո սիրո երկրորդ բաղկացուցիչը: Նա չսահմանափակվեց բառային հրահանգներով, այլ՝ իսկապես պատասխանատվություն ստանձնեց և անձամբ «վճարեց»: Հովհաննեսը գրում է. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը», այսինքն՝ մեզ բոլորիս, «որ Իր Միածին Որդուն տվեց» (Հվհ 3, 16): Ավելին. մարդկանց հանդեպ Աստծո սերը որոշակիանում և դրսևորվում է Հիսուսի սիրո մեջ: Հովհաննեսը նորից գրում է. Հիսուսը «սիրեց յուրայիններին, որ աշխարհում են, ի սպառ սիրեց նրանց» (Հվհ 13, 1): Այդ զոհաբերվող և ամենակուլ սիրո զորությամբ մենք բոլորս փրկագնվեցինք մեղքի ստրկությունից, ինչպես գրում է Սուրբը. «Որդյակներ իմ, [...] եթե մեկը մեղանչի, Աստծո առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին՝ Արդարին, և Նա է քավությունը մեր մեղքերի, ո՛չ միայն մեր մեղքերի, այլև՝ ամբողջ աշխարհի» (1Հվհ 2, 1-2; հմմտ. 1Հվհ 1, 7): Ահա՛ թե ինչի է հասնում մեր հանդեպ տածած Հիսուսի սերը. արյան հեղման՝ հանուն մեր փրկության: Քրիստոնյան, ապշած մտահայելով սիրո այդ «գերառատության» առջև, չի կարող ինքն իրեն չհարցնել, թե ինչպիսի՞ն պետք է լինի իր պատասխանը: Կարծում եմ, մեզնից յուրաքանչյուրը պետք է մշտապես և նորից ու նորից ինքն իրեն հարց տա այդ մասին:

Այդ հարցը մեզ մոտեցնում է սիրո զարգացման ընթացքի երրորդ տարրին. մենք կոչված ենք ո՛չ թե լինելու մեզ նախորդող և մեզ գերազանցող սիրո անգործ ընդունողները, այլ՝ պարտավոր ենք գործունյա կերպով արձագանքել այդ սիրույն, իսկ համարժեք պատասխանը կարող է լինել միայն ու միայն փոխադարձ սերը: Հովհաննեսը խոսում է պատվիրանի մասին: Նա բերում է հենց Հիսուսի խոսքերը. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, այդպես էլ դուք սիրեք միմյանց» (Հվհ 13, 34): Ինչո՞ւմն է կայանում նորությունը, որի մասին խոսում է Հիսուսը: Նրանում, որ նա չի գոհանում պահանջների կրկնությամբ, որոնք տրվել են դեռևս Հին Ուխտի ժամանակ և հիշատակվում են մյուս Ավետարաններում. «Սիրիր ընկերոջդ՝ ինչպես քո անձը» (Ղևտ 19, 18; հմմտ. Մտթ 22, 37-39; Մրկ 12, 29-31; Ղկս 10, 27): Հին պատվիրանի մեջ կանոնի չափանիշը համարվում էր մարդը («ինչպես ինքդ քեզ»), իսկ Հովհաննեսի կողմից փոխանցված պատվիրանի մեջ Հիսուսը մեր սիրո պատճառն ու չափանիշը անվանում է Ինքն Իրեն. «ինչպես ես սիրեցի ձեզ»: Այդպես՝ սերը դառնում է իսկապես քրիստոնեական, իր մեջ կրում է Քրիստոնեության նորությունը: Այդ սերը պետք է ներառի բոլորին առանց խտրականության, ինչպես նաև, և սա շա՜տ կարևոր է, պետք է ունենա բարձրագույն արդյունքներ՝ չունենալով ա՛յլ չափանիշ, քան անսահման լինելը: Հիսուսի խոսքերը՝ «ինչպես ես սիրեցի ձեզ» մարտահրավեր են նետում մեզ և միաժամանակ անհանգստացնում. այդ խոսքերը քրիստոսաբանական նպատակ են, որը կարող է թվալ անհասանելի, բայց դա միաժամանակ խթան է, որ թույլ չի տալիս կանգ առնել ձեռքբերվածի վրա: Այդ նպատակը մեզ թույլ չի տալիս գոհանալ ինքներս մեզնով, այլ՝ ստիպում է շարունակել ճանապարհը դեպի բարձրագույն նպատակ:

Թովմա Գեմբացու «Նմանություն Հիսուս Քրիստոսի» փոքրիկ գրքում, որ հոգևոր ապրումի իրական գոհար է՝ գրված Միջնադարի մայրամուտին, այս թեմայով գրված է հետևյալը. «Վեհ ու վսեմ է աստվածային սերը, սրբության ասպարեզում մղում է մեծագործությունների, խրախուսում է ձգտելու միշտ ավելի կատարյալին: Սիրո անդադրում փափաքն է կատարելության ուղին, սերը չի շղթայվում երկրային ստորին իրողություններին: Սերը տենչում է ազատ լինել՝ զերծ մնալով երկրային կապերից։ [...] Քանի որ սերը Աստծուց է բխում, չի կարող խաղաղություն գտնել ստեղծված իրողությունների մեջ, այլ միայն՝ դրանց Արարչի մոտ: Սիրող հոգին սլանում է, սավառնում, հրճվում. ազատ է և ոչ ոք չի կարող կասեցնել նրա ընթացքը: Տալիս է ամեն բան բոլորի համար, և իրեն հարկավոր ամեն բան գտնում է ամեն ինչում, որովհետև իր հանգիստը գտնում է այն Միակի մոտ, որը գերագույնն է ընդմեջ բոլոր բարիքների, և որից են սկիզբ առնում և բխում բոլոր բարիքները» (Գիրք Գ., Գլուխ Ե.): Մի՞թե կարելի է ավելի լավ բացատրել Հովհաննեսի կողմից փոխանցված «նոր պատվիրանը»:

Աղոթում ենք Աստծուն, որ օգնի մեզ ապրել այդ պատվիրանի համաձայն, թեկուզև անկատար ձևով, բայց վճռականորեն, որպեսզի դեպի այդ պատվիրանը գրավենք բոլորին, ում հանդիպում ենք մեր ճանապարհին:

 

Ընդհանուր ունկնդրություն, 9 Օգոստոսի 2006թ., «Պողոս Վեցերորդ» դահլիճ

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։