Հուդա Իսկարիովտացի և Մատաթիա – Գրադարան – Mashtoz.org

Հուդա Իսկարիովտացի և Մատաթիա

Մենք ավարտում ենք մեր ծանոթությունը Առաքյալների դիմանկարների պատկերասրահի հետ, Առաքյալներ, որոնց կանչեց Ինքը՝ Հիսուսը, Իր երկրային կյանքի ընթացքում: Եվ այստեղ չի կարելի լռությամբ շրջանցել անունը նրա, ով Առաքյալների անվանացանկերում հիշատակվում է վերջինը՝ Հուդա Իսկարիովտացին: Նրա հետ միասին հիշենք նաև նրա փոխարեն ընտրվածին՝ Մատաթիային:

«Հուդա» անունն ինքնին քրիստոնյաների մոտ առաջացնում է վանողական և դատապարտության արձագանք: «Իսկարիովտացի» մականվան իմաստը հակասական է. ամենատարածված բացատրությունը՝ «մարդը՝ Կերիոթից», կապված է նրա ծննդավայրի հետ, որ գտնվում է Քեբրոնի մոտ և երկու անգամ հիշատակվում է Աստվածաշնչում (Երմ 48, 24; Ամս 2, 2): Ուրիշներ այն մեկնաբանում են որպես մի բառ, որ առաջացել է լատիներեն sica եզրից, որ նշանակում է «դաշույնով զինված ավազակ», ինչը որ ակնարկում է հանցագործության կատարմանը:

Ի վերջո, ոմանք էլ այդ անվան մեջ տեսնում են պարզապես եբրայական-արամայական մի արմատի տառադարձումը, որ նշանակում է «նա, ով պետք է մատներ Նրան»: Այս հստակեցումը երկու անգամ հանդիպում է Չորրորդ Ավետարանում՝ Պետրոսի հավատքի դավանությունից հետո (Հվհ 6, 71), և Բեթանիայում Հիսուսի յուղով օծման դրվագից հետո (Հվհ 12, 4): Ա՛յլ հատվածներ կանխասում են մատնությունը՝ անվանելով «Նրան մատնողը», օրինակ՝ Խորհրավոր Ընթրիքի մասին պատմություններում, մատնության մասին կանխասացությունից հետո (Մտթ 26, 25), և Հիսուսին ձերբակալելու մասին դրվագում (Մտթ 26, 46.48; Հվհ 18, 2.5):

Իսկ Տասներկուսի անունների հիշատակությունների մեջ Հուդայի մատնությունը հիշվում է որպես արդեն տեղի ունեցած փաստ. «Հուդա Իսկարիովտացին, որ և մատնեց նրան», գրում է Մարկոսը (3, 19): Մատթեոսը (10, 4) և Ղուկասը (6, 16) ևս գործածում են նույն արտահայտությունները: Մատնությունը, որպես այդպիսին, տեղի է ունեցել երկու փուլով. նախ Հուդան մտածում է մատնել Հիսուսին և պայմանավորվում է Նրա թշնամիների հետ՝ մատնելու Նրան երեսուն արծաթով (Մտթ 26, 14-16), իսկ հետո՝ Գեթսեմանիի պարտեզում Հուդան համբույրով մատնում է իր Վարդապետին (26, 16-50): Ամեն դեպքում, Ավետարանիչներն ընդգծում են, որ Հուդան իսկական Առաքյալ էր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ. Հուդան կոչվում է ո՛չ այլ կերպ, քան՝ «Տասներկուսից մեկը» (Մտթ 26, 14.47; Մրկ 14, 10.20; Հվհ 6, 71), կամ՝ «Տասներկուսի թվում էր» (Ղկս 22, 3): Ավելին. Հիսուսը, Առաքյալներին դիմելիս և երկու անգամ դավաճանի մասին խոսելիս, նրան անվանում է «ձեզնից մեկը» (Մտթ 26, 21; Մրկ 14, 18; Հվհ 6, 70; 13, 21): Իսկ Պետրոսը Հուդայի մասին ասելու էր. « [...] մեր խմբի մեջ էր և մեզ պաշտոնակից ու ծառայակից էր» (Գրծ 1, 17):

Այսպիսով, մենք խոսում ենք մի անձնավորության մասին, ով պատկանում էր Հիսուսի կողմից ընտրված ամենամոտ գործակիցների ու կողմնակիցների թվին: Ջանալով բացատրել տեղի ունեցած իրադարձությունները, մենք անխուսափելիորեն բախվում ենք երկու հարցի հետ: Առաջինը. ինչո՞ւ Հիսուսն առհասարակ ընտրեց այդ մարդուն և վստահեց նրան: Ավելին. Հուդան Առաքյալների խմբի գանձապահն էր (Հվհ 12, 6; 13, 29), և պարզվեց, որ գող էր (Հվհ 12, 6): Նրա ընտրության առեղծվածն առավել անհասկանալի է մնում, քանի որ Հիսուսն Ինքը խիստ դատավճիռ սահմանեց Հուդայի համար. «Վա՜յ նրան, ում ձեռքով մատնվելու է Մարդու Որդին» (Մտթ 26, 24): Է՛լ ավելի մթին է դառնում այն առեղծվածը, թե ի՞նչ վիճակվեց Հուդային հավիտենության մեջ. չէ՞ որ հայտնի է, որ «Հուդան զղջալով՝ երեսուն արծաթը վերադարձրեց քահանայապետներին և ժողովրդի ավագներին, ասելով. Մեղք գործեցի, որովհետև անմեղ մարդու մահվան մատնեցի» (Մտթ 27, 3-4): Դրանից հետո նա ինքն իրեն կախեց (Մտթ 27, 5), և այդ պատճառով մենք չենք կարող գնահատական տալ Հուդայի արարքին և, հետևաբար, վստահում ենք անսահմանորեն ողորմած և արդար Աստծուն:

Երկրորդ հարցը վերաբերվում է Հուդայի արարքի պատճառներին. նա ինչո՞ւ մատնեց Հիսուսին: Այս հարցի վերաբերյալ բազմաթիվ ենթադրություններ կան: Ոմանք կարծում են, թե հարստանալու մոլուցքն էր պատճառը, ուրիշներ նախընտրում են մեսսիական բնույթի բացատրությունները. Հուդան հիասթափվել էր, որ Հիսուսի ծրագրերի մեջ չէր մտնում իր հայրենիքի քաղաքական և ռազմական ազատագրումը: Սակայն ավետարանական գրությունները պնդում են ուրիշ բան. Հովհաննեսը ո՛չ երկիմաստ ձևով ասում է, որ «սատանան Հուդայի՝ Սիմոն Իսկարիովտացու որդու սրտում դրեց մատնել Նրան» (Հվհ 13, 2), Ղուկասն էլ գրում է նման ձևով. «Սատանան մտավ Հուդայի մեջ՝ Իսկարիովտացի կոչվածի, որ Տասներկուսի թվում էր» (Ղկս 22, 3): Այդպիսով, տեղի ունեցածը բացատրվում է ո՛չ այնքան պատմական պատճառներով, որքան Հուդայի անձնական պատասխանատվությամբ, ով դարձավ չարի գայթակղության թշվառ զոհը: Ամեն դեպքում, Հուդայի դավաճանությունը մնում է մի առեղծված: Հիսուսը նրան վերաբերվում էր ընկերոջ նման (Մտթ 26, 50), բայց հրավիրելով գնալ երանությունների ճանապարհով, չէր ճնշում իր աշակերտի կամքը և չէր կանխում սատանայի գայթակղությունները՝ հարգելով իր աշակերտի ազատությունը:

Մարդու սիրտը կարող է այլասերվել տարբեր հանգամանքների բերումով: Դրանից խուսափելու միակ միջոցը՝ անհատապաշտական, անկախ տեսլականից հրաժարումն է, նորից ու նորից Հիսուսի կողքին կանգնելու որոշումն է՝ ընդունելով Նրա տեսանկյունը: Մենք պետք է որոշենք ամեն օր լինել Հիսուսի հետ ամբողջական միության մեջ: Հիշենք, որ նույնիսկ Պետրոսը չէր համաձայնվում Հիսուսի հետ՝ չկամենալով ընդունել Երուսաղեմում Նրան սպասող բաժինը, ինչի համար Հիսուսը խստորեն հանդիմանեց նրան. «Դու մտածում ես ո՛չ թե Աստծունը, այլ՝ մարդկանցը» (Մրկ 8, 33): Պետրոսն իր ուրացումից հետո ապաշխարեց, գտավ ներում և շնորհ: Հուդան ևս զղջաց, բայց նրա զղջումը վերածվեց հուսահատության և հանգեցրեց ինքնասպանության: Լա՛վ հիշենք Սուրբ Բենեդիկտոսի վանական կանոնադրության Հինգերորդ՝ հիմնական գլխի վերջում գրված խոսքերը. «Երբեք չհուսահատվել աստվածային ողորմությունից»: Իսկապես, «Աստված ավելի մեծ է, քան մեր սրտերը», ասում է Սուրբ Հովհաննեսը (1Հվհ 3, 20), ուրեմն եկե՜ք չմոռանանք երկու բան. նախ, Հիսուսը հարգում է մեր ազատությունը, և երկրորդ, Հիսուսը սպասում է, որ մենք զղջանք և դարձի գանք, Նա հարուստ է ողորմությամբ և ներումով:

Իմաստավորելով Հուդայի բացասական դերակատարությունը, հարկավոր է նայել դրան այն տեսանկյունից, որ Աստված ի վերուստ ուղղորդում է իրադարձությունների ընթացքը: Մատնությունը հանգեցրեց Հիսուսի մահվանը, որը հրեշավոր մահապատիժը դարձրեց փրկարար սիրո և Հորը ինքնաընծայաբերման տարածություն (Գղտ 2, 20; Եփս 5, 2.25): «Մատնել» բայը հունարեն «հանձնել, տալ» բայի ձևերից մեկն է: Ո՛չ հազվադեպ այդ բայի ենթական է հենց Աստված. Նա սիրուց մղված Իր Որդուն «մատնեց» բոլորիս համար (Հռմ 8, 32): Աստված Իր խորհրդավոր փրկագործական մտադրության մեջ Հուդայի աններելի արարքը ընդունում է որպես մի հնարավորություն՝ ամբողջությամբ մատնելու Որդուն՝ աշխարհի փրկության համար:

Որպես վերջաբան, կուզենայինք հիշեցնել, թե ո՛վ էր, որ Զատկից հետո ընտրվեց ուրացողի փոխարեն: Երուսաղեմի Եկեղեցուն առաջարկվեցին երկու թեկնածուներ, որոնցից մեկին ընտրելու համար վիճակ գցեցին. «Հովսեփը, որին Բարսաբա էին կոչում և որ կոչվեց Հուստոս, և Մատաթիան» (Գրծ 1, 23): Հենց այս վերջինն էր նախապես ընտրված Աստծո կողմից, և «դասվեց տասնմեկ Առաքյալների հետ» (Գրծ 1, 26): Նրա մասին միայն գիտենք, որ եղել է Հիսուսի երկրային կյանքի ականատեսներից մեկը (Գրծ 1, 21-22), հավատարիմ մնալով Նրան մինչև վերջ, և այդ անվերջ հավատարմությունը պարգևատրվեց աստվածային կոչմամբ՝ զբաղեցնելու Հուդայի տեղը, որպեսզի դրանով փոխհատուցի մատնությամբ հասցված վնասը: Այստեղից քաղում ենք վերջին դասը. թեև Եկեղեցում քիչ չեն անարժան քրիստոնյաներն ու ուրացողները, բայց յուրաքանչյուրիս վրա դրված է պարտականություն՝ նրանց բերած չարիքին հակադրվելու արդար վկայությամբ՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին:

 

Ընդհանուր ունկնդրություն, 18 Հոկտեմբերի 2006թ., Սուրբ Պետրոսի հրապարակ

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։