
Պողոս Առաքյալ. Կյանքը Եկեղեցու մեջ
-
01
-
-
02
-
Նախքան Պողոս Առաքյալի հետ մեր հանդիպումն ավարտելը, եկե՜ք նրան նվիրենք մեր վերջին խորհրդածությունները: Չի կարելի հրաժեշտ տալ նրան՝ առանց դիտարկելու նրա գործունեության վճռորոշ ուղղություններից մեկը և նրա ուսմունքի կարևորագույն թեմաներից մեկը՝ Եկեղեցին: Նախևառաջ հարկ է նշել, որ Պողոսի Առաքյալի առաջին ծանոթությունը Հիսուսի անձի հետ տեղի ունեցավ Երուսաղեմի քրիստոնեական համայնքի վկայության շնորհիվ: Այդ հանդիպումը բարդ եղավ: Տեղեկանալով հավատացյալների նոր խմբի ի հայտ գալուն՝ Պողոսն իսկույն սկսեց կատաղի ձևով հետապնդել նրանց: Պողոսն ինքն է այդ մասին խոստովանում երեք անգամ իր նամակներում. «Ես հալածում էի Տիրոջ Եկեղեցուն» (1Կր 15, 9; Գղտ 1, 13; Փլպ 3, 6), և նա իր արարքը վատագույն հանցանք է համարում:
Պատմությունը ցույց է տալիս, որ Հիսուսին մոտենալու ամենաբնական ճանապարհը Եկեղեցին է: Ինչ-որ իմաստով կարելի է ասել, որ դա արդարացի է նաև Պողոսի պարագայում, քանի որ նա էլ Հիսուսի հետ հանդիպումից առաջ ծանոթացավ Նրա Եկեղեցու հետ: Սակայն նրա պարագայում ծանոթությունը հակառակ արդյունքն ունեցավ՝ ո՛չ թե համաձայնություն, այլ՝ վճռական հրաժարում: Եկեղեցուն միանալու հարցում Պողոսին օգնեց Քրիստոսի անմիջական միջամտությունը, Ով Պողոսին հայտնվելով Դամասկոսի ճանապարհին՝ հաշտեցրեց նրան Եկեղեցու հետ և հասկացրեց, որ հալածել Եկեղեցուն՝ նշանակում է հալածել Իրեն՝ Տիրոջը: Հարուցյալն ասաց Պողոսին՝ Եկեղեցուն հալածողին. «Սավո՜ւղ, Սավո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ» (Գրծ 9, 4): Եկեղեցուն հալածելով՝ նա հալածում էր Քրիստոսին: Այդտեղ Պողոսը դարձավ դեպի Քրիստոսը և միաժամանակ՝ դեպի Եկեղեցին: Հիմա հասկանալի է, թե ինչո՛ւ այդ ժամանակվանից ի վեր Պողոսի մտքերը, սիրտն ու գործունեությունը ուղղված են դեպի Եկեղեցին: Նախևառաջ, հենց նա հիմնեց եկեղեցիներ՝ շատ քաղաքներում, որտեղ հռչակում էր Ավետարանը: Խոսելով «բոլոր եկեղեցիների համար հոգսի» մասին (2Կր 11, 28), նա ի նկատի ունի տարբեր քրիստոնեական համայնքներին, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում էին Գաղատիայում, Իկոնիայում, Մակեդոնիայում և Աքայիայում: Այդ եկեղեցիներից որոշները նրան անհանգստություն և տխրություն էին պատճառում, օրինակ՝ Գաղատիայի եկեղեցիներում նա նկատել էր, որ դառնում են դեպի մի ուրիշ ավետարան (հմմտ. Գղտ 1, 6), ինչին վճռականորեն դեմ էր արտահայտվում: Նա զգում էր, որ ինքը հիմնված համայնքների հետ կապված էր ո՛չ թե մակերեսորեն և ձևականորեն, այլ՝ ամուր և կրքոտ կերպով: Այսպես, օրինակ՝ փիլիպպեցիներին Պողոսն անվանում է «սիրելի և կարոտալի իմ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու պսակն եք» (Փլպ 4, 1): Իր տեսակի մեջ մի եզակի երաշխավորական նամակում մի քանի անգամ զանազան համայնքներ համեմատում է միմյանց հետ. «Դուք եք մեր նամակները՝ գրված մեր սրտում, կարդացված և ճանաչված բոլոր մարդկանցից» (2Կր 3, 2): Բազմիցս եկեղեցիների նկատմամբ ցուցաբերում է ո՛չ թե հայրական, այլ՝ ամենաիսկական մայրական սեր, նամակների հասցեատերերին դիմելով հետևյալ խոսքերով. «Զավակներս, ձեր համար վերստին երկունքի ցավերի մեջ եմ, մինչև որ Քրիստոսը կազմավորվի ձեր մեջ» (Գղտ 4, 19; տե՛ս նաև՝ 1Կր 4, 14-15; 1Թղ 2, 7-8):
Իր նամակներում Պողոսը մեր համար բացահայտում է նաև Եկեղեցու մասին իր վարդապետությունը՝ որպես այդպիսին: Բավական հայտնի է Եկեղեցու մասին նրա յուրօրինակ բնորոշումը՝ որպես «Քրիստոսի մարմինը», ինչը որ չի հանդիպում Առաջին դարի մյուս քրիստոնյա գրողների ստեղծագործություններում (տե՛ս 1Կր 12, 27; Եփս 4, 12; 5, 30; Կղս 1, 24): Եկեղեցու այդպիսի զարմանալի ընկալման խորագույն արմատները գտնում ենք Քրիստոսի Մարմնի Խորհրդի մեջ: Սուրբ Պողոսն ասում է. «Մեկ հաց, մեկ մարմին» (1Կր 10, 17): Ամենասուրբ Հաղորդության մեջ Քրիստոսը մեզ է պարգևում Իր Մարմինը և մեզ հաղորդ է դարձնում Իր Մարմնին, այդ պատճառով Պողոսը գրում է գաղատացիներին. «Դուք բոլորդ մեկ եք՝ Քրիստոս Հիսուսի մեջ» (Գղտ 3, 28): Այդ բառերով նա մեզ հասկացնում է, որ Եկեղեցին ո՛չ միայն պատկանում է Քրիստոսին, այլ՝ գոյություն ունի Եկեղեցու որոշակի նույնացում, նմանություն՝ Ինքնին Քրիստոսի հետ: Մեծությունն ու արժանապատվությունը Եկեղեցու, որին հաղորդակից ենք նաև մենք՝ բոլորս, պայմանավորված է մեր կեցությամբ՝ որպես Քրիստոսի մարմնի անդամները, այսինքն՝ մենք ինչ-որ ձևով շարունակում ենք Նրա անձնական ներկայությունն այս աշխարհում: Բնական է, որ այստեղից բխում է պարտականությունը՝ ապրելու իսկապես նմանվելով Քրիստոսին: Դրանով են բացատրվում նաև Պողոսի հորդորները՝ տարբեր շնորհների մասին, որոնք կենդանացնում և կազմակերպում են քրիստոնեական համայնքները: Այդ բոլոր շնորհները սկիզբ են առնում միևնույն ակունքից՝ Հոր և Որդու Հոգուց, և Եկեղեցում ոչ ոք զրկված չէ դրանցից, քանի որ, ինչպես գրում է Առաքյալը, «յուրաքանչյուր մեկին տրված է Հոգու հայտնությունը՝ բոլորի օգուտի համար» (1Կր 12, 7): Այդ պատճառով էլ կարևոր է, որ բոլոր շնորհները համաձայնությամբ ստեղծեն համայնքը և պատճառ չդառնան բաժանումների: Սրա հետ կապված Պողոս Առաքյալը հռետորական հարցադրում է կատարում. «Մի՞թե Քրիստոսը բաժանվեց» (1Կր 1, 13): Նա հիանալի գիտի և սովորեցնում է մեզ. անհրաժեշտ է «պահել հոգու միությունը խաղաղության կապով: Մեկ մարմին և մեկ հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին Աստված ձեզ կոչեց» (Եփս 4, 3-4):
Ակնհայտ է, որ միության անհրաժեշտությունն ընդգծելը չի նշանակում պնդել, որ եկեղեցական կյանքը և գործունեությունը միատեսակ ու միանման լինեն: Ա՛յլ տեղում Պողոսը սովորեցնում է. «Մի՛ հանգցրեք Հոգին» (1Թղ 5, 19), այսինքն՝ մեծահոգաբար տեղի տվեք Հոգու շնորհների հայտնությունների անկախատեսելի զարգացումներին. Հոգու, Ով աղբյուր է՝ էներգիայի և մշտապես նորացող կենսական զորության: Սակայն, Առաքյալն ընդգծում է փոխադարձ օգնության, նպաստի սկզբունքը. «Ամեն ինչ թող լինի կերտման համար» (1Կր 14, 26): Բոլոր շնորհները պետք է ձգտեն զգուշությամբ գործելու Եկեղեցու գործվածքը՝ խուսափելով ո՛չ միայն հապաղումներից, այլ նաև՝ հապճեպ գործողություններից, պառակտումներից: Բացի դրանից, իր նամակներից մեկում Պողոսը Եկեղեցին անվանում է «Քրիստոսի Հարսը» (Եփս 5, 21-33): Նա կրկնում է մարգարեների կողմից գործածված հնագույն փոխաբերությունը. Իսրայելին անվանում էին Ուխտի Աստծո հարսը (Օվս 2, 4.21; Ես 54, 5-8): Դա ցույց է տալիս, թե որքա՜ն սերտ է կապը՝ Քրիստոսի և Իր Եկեղեցու միջև, ինչպես այն իմաստով, որ Եկեղեցին Տիրոջ քնքուշ սիրո առարկան է, այնպես էլ՝ այն իմաստով, որ սերը պետք է լինի փոխադարձ, այսինքն՝ մենք ևս, լինելով Եկեղեցու անդամներ, պետք է սիրենք Նրան և հավատարիմ մնանք Նրան:
Վերջին հաշվով, սեղանին դրված է միության կապը՝ ուղղահայաց (Հիսուս Քրիստոսի և մեր բոլորիս միջև հարաբերությունները) և հորիզոնական (հարաբերությունները բոլորի միջև, ովքեր աշխարհում «կանչում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը». 1Կր 1, 2) հարթություններում: Մենք պատկանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունը կանչողներին, ուստի հասկանալի է, թե ինչո՛ւ պետք է իրականանա Պողոսի կողմից կորնթացիներին ուղղված մաղթանքը. «Եթե բոլորն էլ մարգարեանան, և անհավատ կամ անտեղյակ մեկը մտնի այնտեղ, բոլորի կողմից կհանդիմանվի իր հանցանքների համար, բոլորի կողմից կքննվի, և նրա սրտի գաղտնիքներն ի հայտ կգան, ապա երեսն ի վայր ընկնելով՝ կերկրպագի Աստծուն և կխոստովանի. ''Արդարև, Աստված ձեր մեջ է''» (1Կր 14, 24-25): Այդպիսին պետք է լինեն նաև մեր ծիսական հավաքները, որպեսզի ո՛չ քրիստոնյան, մեր մոտ գալով, վերջում կարողանա ասել. «Արդարև, Աստված ձեր մեջ է»: Խնդրենք Տիրոջը, որ մեզ օգնի պահպանել միությունը Քրիստոսի և միմյանց հետ:
Ընդհանուր ունկնդրություն, 22 Նոյեմբերի 2006թ., Սուրբ Պետրոսի հրապարակ