
Պողոս Առաքյալ. Կյանքի իմաստը Հիսուս Քրիստոսն է
-
01
-
-
02
-
Կրոնուսուցողական նախորդ զրույցի ժամանակ ես ջանացի ուրվագծել Պողոս Առաքյալի կենսագրության հիմնական գծերը: Մենք տեսանք, որ Դամասկոսի ճանապարհին Քրիստոսի հետ հանդիպումը բառացիորեն շուռ տվեց նրա կյանքը: Քրիստոսը դարձավ նրա գոյության իմաստը և նրա առաքելական աշխատանքի խորագույն հիմքը: Պողոսի նամակներում ավելի քան 500 անգամ հանդիպող «Աստված» բառից հետո առավել հաճախ գործածվում է «Քրիստոս» անունը՝ 380 անգամ: Հետևաբար, կարևոր է գիտակցել, որ Հիսուս Քրիստոսը կարող է ազդել մարդու կեցության վրա, և ուրեմն, նաև իմ և ձեր կյանքի վրա: Իսկապես, Հիսուս Քրիստոսը փրկության պատմության բարձունքն է և մեր ամենաբնորոշիչ գիծը, որն արտահայտվում է մյուս կրոնների հետ մեր երկխոսության մեջ:
Նայելով Պողոսին՝ կարելի է ձևակերպել հիմնական հարցը. ինչպե՞ս է տեղի ունենում մարդու հանդիպումը Քրիստոսի հետ: Եվ ինչի՞ մեջ են կայանում այդ հանդիպման արդյունքում ձևավորվող հարաբերությունները: Պողոսի պատասխանն օգնում է մեզ գիտակցել հավատքի բացարձակ, հիմնարար և անփոխարինելի արժեքը: Ահա՛ թե նա ինչ է գրում Հռոմեացիներին ուղղված նամակում. «Մենք ընդունում ենք, որ մարդն արդարանում է հավատքով՝ անկախ Օրենքի գործերից» (Հռմ 3, 28): Նույն բանն է գրված նաև Գաղատացիներին ուղղված նամակում. «Մարդը չի փրկվում Օրենքի հրահանգները կատարելով, այլ՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով: Մենք հավատացինք Հիսուս Քրիստոսին, որպեսզի արդարանանք Քրիստոսի հանդեպ հավատքով և ո՛չ թե Օրենքի հրահանգների կատարումով, որովհետև ոչ ոք չի արդարանալու Օրենքից բխող գործերով» (Գղտ 2, 16): Արդարանալ՝ նշանակում է դառնալ արդար, այսինքն՝ ընդունվել Աստծո ողորմած արդարությամբ, հաղորդության մեջ մտնել Աստծո հետ և, հետևաբար, կարողանալ մեր եղբայրների հետ հաստատել ճիշտ հարաբերություններ. և այդ ամենը՝ մեր մեղքերի լիակատար ներման հիման վրա: Եվ այսպես, Պողոսն ամբողջ հստակությամբ ասում է, որ կյանքի այդ պայմանը կախված չէ մեր պատահական բարի գործերից, այլ՝ միայն ու միայն Աստծո շնորհից. «Ընդունելով արդարությունը ձրիաբար՝ Նրա շնորհով, Հիսուս Քրիստոսով փրկագնվելով» (Հռմ 3, 24):
Այս բառերով Պողոս Առաքյալն արտահայտում է իր դարձի հիմնական իմաստը՝ այն նոր ուղղության, որով սկսեց ընթանալ նրա կյանքը՝ Հիսուս Քրիստոսի հետ հանդիպումից հետո: Մինչև դարձը Պողոսը հեռու չէր Աստծուց և Նրա Օրենքից: Հակառակը, նա Օրենքը պահում էր մի եռանդով, որը հասնում էր մոլեռանդության: Սակայն Քրիստոսի հետ հանդիպման լույսի ներքո նա հասկացավ, որ դրանով ջանում էր ինքնահաստատվել, ինքնուրույն հասնել արդարության՝ բացառապես միայն ինքն իր համար: Նա հասկացավ, որ իրեն բացարձակապես անհրաժեշտ էր նոր կենսաձև, որը բնորոշում էր հետևյալ կերպ. «Իսկ որ հիմա ապրում եմ մարմնի մեջ, ապրում եմ Աստծո Որդու հանդեպ հավատքով, որ սիրեց ինձ և Ինքն Իրեն մատնեց իմ համար» (Գղտ 2, 20): Եվ այսպես, Պողոսն այլևս չի ապրում ինքն իր համար, իր սեփական արդարության համար: Նա ապրում է Քրիստոսի մեջ և Քրիստոսի հետ՝ նվիրելով ինքն իրեն, այլևս չփնտրելով իրենը և առանց ինքնահաստատվելու: Այդպիսին է նոր արդարությունը, նոր կենսաձևը՝ շնորհված մեզ Աստծով և հավատքով: Տիրոջ Խաչի մոտ, որը Տիրոջ բարձրագույն ինքնազոհաբերության մարմնացումն է, ոչ ոք չի կարող պարծենալ ինքն իրենով, մի արդարությամբ, որին հասել է ինքնուրույն, ինքն իր համար: Մեկ ա՛յլ տեղում Պողոսը, երկրորդելով Երեմիային, այդ միտքն արտահայտում է հետևյալ կերպ. «Պարծեցողը թող Տիրոջով պարծենա» (1Կր 1, 31; հմմտ. Երմ 9, 22), կամ այսպես. «Քա՛վ լիցի ինձ պարծենալ, բայց միայն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է իմ համար, իսկ ես՝ աշխարհի» (Գղտ 6, 14):
Խորհրդածելով այն մասին, թե ի՛նչ է նշանակում՝ արդարանալ ո՛չ թե գործերով, այլ՝ հավատքով, մենք մոտեցանք երկրորդ բաղադրիչին, որը ձևակերպում է քրիստոնեության էությունն՝ այն տեսքով, ինչպես այն դրսևորվում էր Սուրբ Պողոսի կյանքում: Քրիստոնեության էությունը մարմնավորվում է հենց նրանում, որ մարդն արդարության չի կարող հասնել սեփական ուժերով, այլ՝ դա կարող է շնորհվել նրան Քրիստոսից, և մարդը պետք է ինքն իրեն ընծայի՝ Քրիստոսի հետ միասին, այդպիսով մասնակցելով Քրիստոսի կյանքին, սեփական անձը նվիրելով Քրիստոսին, Նրա հետ միասին կիսելով մահն ու կյանքը: Հենց սրա մասին է Պողոսը գրում Հռոմեացիներին ուղղված իր Նամակում. «Մենք [...] Նրա մահով մկրտվեցինք, [...] թաղվեցինք Նրա հետ, [...] Նրան կցորդ եղանք Իր մահվան նմանութամբ. [...] դուք նույնպես ձեզ մեռած համարեք մեղքի համար, և կենդանի՝ Աստծո համար, մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռմ 6, 3-4.5.11): Վերջին արտահայտությունը շատ պերճախոս է: Իսկապես, Պողոսի կարծիքով, բավական չէ պարզապես ասել, թե քրիստոնյաները մկրտվածներ են, հավատացյալներ. նրա համար շատ ավելի կարևոր է ասել, որ նրանք «Հիսուս Քրիստոսի մեջ են» (տե՛ս նաև. Հռմ 8, 1-2.39; 12, 5; 16, 3.7.10; 1Կր 1, 2-3; և այլն): Ա՛յլ դեպքերում նա տեղափոխում է բառերը և գրում. «Քրիստոսը ձեր մեջ է (կամ «մեր մեջ է»)» (Հռմ 8, 10; 2Կր 13, 5), կամ. «Քրիստոսն իմ մեջ է» (Գղտ 2, 20): Քրիստոսի և քրիստոնյայի այս երկկողմանի փոխներթափանցումը Պողոսի ուսմունքի առանձնահատկությունն է, որը լրացվում է հավատքի մասին նրա խոսքերով: Չէ՞ որ հավատքը, մեզ սերտորեն միավորելով Քրիստոսի հետ, այնուամենայնիվ՝ ընդգծում է մեր տարբերությունը Քրիստոսից: Բայց Պողոսը վստահ է, որ քրիստոնյայի կյանքին նաև բնորոշ է մի բաղադրիչ, որը կարելի է անվանել «խորհրդազգացական» (միստիկ), քանի որ այն ենթադրում է մեր նույնությունը Քրիստոսի հետ, և Քրիստոսի նույնությունը՝ մեր հետ: Առաքյալը նույնիսկ մեր չարչարանքները բնորոշում է որպես «Քրիստոսի չարչարանքները մեր մեջ» (2Կր 1, 5), չէ՞ որ մենք միշտ «մեր մարմնի մեջ կրում ենք Տեր Հիսուսի մահը, որպեսզի Նրա կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ» (2Կր 4, 10):
Այդ ամենը մենք պետք է մարմնավորենք մեր առօրյա կյանքում՝ հետևելով Պողոսի օրինակին, ով առաջնորդվում էր մեծագույն հոգևոր ներշնչմամբ: Մի կողմից, հավատքը պետք է մշտապես մեր մեջ սնի խոնարհություն՝ Աստծո առջև, երկրպագություն և փառաբանություն՝ Աստծո նկատմամբ, չէ՞ որ այն ամենի համար, ինչ մենք դարձել ենք՝ լինելով քրիստոնյաներ, մենք պարտական ենք միայն Նրան և Նրա շնորհին: Հետևաբար, ոչ ոք և ոչինչ չի կարող զբաղեցնել Նրա տեղը, և մենք չպետք է ուրիշ ոչ ոքի և ոչ մի բանի հանդեպ տածենք այնպիսի հարգանք, ինչպիսին տածում ենք Նրա հանդեպ: Ոչ մի կուռք չպետք է պղծի մեր հոգևոր տիեզերքը, այլապես՝ ձեռքբերված ազատությունը վայելելու փոխարեն կընկնենք ստորացուցիչ ստրկության մեջ: Մյուս կողմից, մեր արմատական պատկանելությունը Քրիստոսին և այն փաստը, որ մենք «Նրա մեջ ենք», պետք է մեզ լցնեն բացարձակ վստահությամբ և անսահման բերկրանքով: Ի վերջո, հարկավոր է Սուրբ Պողոսի հետ միասին բացականչել. «Եթե Աստված մեր հետ է, ապա ո՞վ կլինի մեզ հակառակ» (Հռմ 8, 31): Այդ հարցի պատասխանը հենց ինքն է տալիս. ոչինչ և ոչ ոք «չի կարող բաժանել մեզ Աստծո հանդեպ սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է» (Հռմ 8, 39): Մեր քրիստոնեական կյանքը հիմնված է ամենաամուր և ամենահուսալի Վեմի վրա, որ հնարավոր է երևակայել: Այդ Վեմից ենք քաղում մեր բոլոր ուժերը, ինչպես գրում է Պողոսը. «Ամեն ինչ կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով» (Փլպ 4, 13):
Հետևաբար, եկե՜ք մեր կյանքի ուրախություններին և ձախողումներին վերաբերվենք Պողոսի կողմից մեզ տրված մեծ ուսուցումներով զորացած: Այդ փորձառությունն ունենալով՝ մենք կհասկանանք, թե քանի՜ցս ճիշտ է Առաքյալի գրածը. «Որովհետև գիտեմ, թե Ո՛ւմ եմ հավատացել, և վստահ եմ, որ Նա կարող է իմ ավանդը պահել մինչև դատաստանի օրը» (2Տմ 1, 12), այսինքն՝ այն օրը, երբ մենք վերջնականապես կհանդիպենք Քրիստոս Դատավորի հետ, Ով մեր և աշխարհի Փրկիչն է:
Ընդհանուր ունկնդրություն, 8 Նոյեմբերի 2006թ., Սուրբ Պետրոսի հրապարակ