Պողոս Առաքյալ. Սուրբ Հոգին մեր սրտերի մեջ – Գրադարան – Mashtoz.org

Պողոս Առաքյալ. Սուրբ Հոգին մեր սրտերի մեջ

Շարունակենք անդրադառնալ Սուրբ Պողոսին և նրա մտածողությանը: Մենք կանգնած ենք մի հսկայի առջև, որն ականավոր էր ո՛չ միայն առաքելության ոլորտում, այլ նաև՝ արտասովոր խոր և գրավիչ աստվածաբանական մտքի դաշտում: Անցյալ անգամ մենք խորհրդածում էինք Սուրբ Պողոսի հայացքի մասին՝ հավատքի կյանքում Հիսուս Քրիստոսի կենտրոնական դիրքի վերաբերյալ, իսկ այսօր եկե՜ք տեսնենք, թե ի՛նչ է նա ասում Սուրբ Հոգու և մեր մեջ Նրա ներկայության մասին, քանի որ այս առումով էլ Պողոսը կարող է մեզ հայտնել մի չափազանց կարևոր ճշմարտություն:

Մենք ծանոթ ենք Ղուկաս Ավետարանչի պատմությանը՝ Սուրբ Հոգու մասին, Գործք Առաքելոց գրքում, որտեղ նկարագրված են Հոգեգալստյան իրադարձությունները: Սուրբ Հոգու էջքը Առաքյալներին ուժգին կերպով մղում է ընդունելու առաքելությունը՝ վկայելու Ավետարանի մասին աշխարհի բոլոր ծայրերում: Իսկապես, Գործք Առաքելոց գրքում պատմվում է Առաքյալների բոլոր քարոզչական ջանքերի մասին. սկզբում Սամարիայում քարոզչության մասին, հետո՝ Պաղեստինի սահմաններին և Սիրիայում: Նախ նկարագրված են Պողոսի առաքելական երեք մեծ ճանապարհորդությունները: Սուրբ Պողոսը Սուրբ Հոգու մասին խոսում է ա՛յլ տեսանկյունից դիտված: Նա կանգ չի առնում Սուրբ Երրորդության երրորդ Անձի միայն ուժական և գործնական ընկալման վրա, այլ՝ վերլուծում է Սուրբ Հոգու ներկայությունը քրիստոնյայի կյանքում, ներկայություն, որով դրոշմված է քրիստոնյայի ինքնությունը: Ա՛յլ խոսքերով ասած, Պողոսը, Սուրբ Հոգու մասին խորհրդածելով, նկարագրում է Սուրբ Հոգու ազդեցությունը ո՛չ միայն քրիստոնյայի գործունեության, այլ նաև՝ կեցության վրա: Հենց նա է ասում, որ Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ (Հռմ 8, 9; 1Կր 3, 16) և որ «Աստված ձեր սրտերի մեջ է ուղարկել Իր Որդու Հոգին» (Գղտ 4, 6): Սուրբ Պողոսի կարծիքով, Սուրբ Հոգին ներգործում է մարդկային հոգու նույնիսկ ամենաթաքուն խորքերում: Այս մասին ներկայացնենք նրա կարևորագույն փաստարկումներից մի քանիսը. «Հոգու օրենքը, որ Քրիստոս Հիսուսով կյանք է տալիս, ազատեց ինձ մեղքի և մահվան օրենքից, [...] որովհետև չստացաք ծառայության հոգին՝ վերստին վախի մեջ ընկնելու համար, այլ՝ ստացաք որդեգրության Հոգին, Որով աղաղակում ենք ''Աբբա՜, Հա՜յր''» (Հռմ 8, 2.15). հենց այս պատճառով էլ կարողանում ենք Աստծուն անվանել «Հայր»: Ակնհայտ է, որ քրիստոնյան, անկախ իր գործողություններից, ունի հարուստ և պտղաբեր ներաշխարհ, որը տրվում է Մկրտության և Դրոշմի խորհրդակատարությունների միջոցով և որտեղ Հոր հետ հաստատվում է առարկայական և իսկական որդիական կապ: Այդպիսին է մեր մեծ արժանապատվությունը՝ լինել ո՛չ միայն Աստծո պատկեր, այլ նաև՝ Աստծո զավակներ: Դա կոչ է՝ գիտակցաբար ընդունելու մեր որդիությունը՝ հասկանալով, որ մենք զավակներ ենք՝ ներառված Աստծո բազմազավակ ընտանիքում: Դա կոչ է՝ առարկայական (օբյեկտիվ) պարգևը վերածելու ենթակայական (սուբյեկտիվ) իրականության, որը որոշում է մեր մտածողության ձևը, մեր գործողությունները, մեր կեցությունը: Աստված մեզ դարձրեց իր զավակները և բարձրացրեց՝ մեզ հաղորդելով Ինքնին Հիսուսի հետ հավասար, եթե ո՛չ նույնական, արժանապատվություն, Հիսուսի, որ Իր միակ ճշմարիտ որդին է՝ այդ բառի լիակատար իմաստով: Նրանում մեզ պարգևված է, ավելի ստույգ՝ վերականգնված է որդիությունը և ազատությունը, որը հիմնված է Հոր հետ հարաբերությունների վրա:

Այդպիսով մենք բացահայտում ենք, որ քրիստոնյայի համար Հոգին ո՛չ միայն Աստծո Հոգին է, ինչպես ասվում է Հին Կտակարանում, թեև քրիստոնյաները յուրացրել են այդ բնորոշումը (Ծնդ 41, 38; Եզկ 31, 3; 1Կր 2, 11-12; Փլպ 3, 3; և այլն): Նա ո՛չ միայն Սուրբ Հոգին է՝ ընկալված ընդհանրապես Հին Կտակարանի խոսքերի ոգու լույսի ներքո (Ես 63, 10-11; Սղմ 50 [51], 13) և, մասնավորապես, հուդայականության համաձայն (Քումրանի ձեռագրերը, ռաբբինական ավանդությունը): Քրիստոնեական հավատքի յուրահատկությունը Հոգու իսկական հաղորդությունն է հարուցյալ Տիրոջ հետ, Ով Ինքը դարձավ «կենդանարար հոգի» (1Կր 15, 45): Հենց այդ պատճառով է Սուրբ Պողոսը խոսում «Քրիստոսի Հոգու» (Հռմ 8, 9), «Որդու Հոգու» (Գղտ 4, 6), «Հիսուս Քրիստոսի Հոգու» (Փլպ 1, 19) մասին: Նա, կարծես, ուզում է ասել. ո՛չ միայն Հայր Աստվածն է տեսանելի դարձել հանձինս Որդու (Հվհ 14, 9), այլ՝ խաչված և հարություն առած Տիրոջ կյանքում և գործերում ակնհայտ է նաև Աստծո Հոգու գործը:

Պողոսը մեզ սովորեցնում է ևս մեկ կարևոր բան. հնարավոր չէ իսկապես աղոթել, եթե մեր մեջ ներկա չէ Սուրբ Հոգին: Նա գրում է. «Հոգին օգնության է հասնում մեր տկարությանը, որովհետև մենք, որ աղոթում ենք, չգիտենք, թե ինչպե՛ս է պետք աղոթել: Բայց Հոգին Ինքը բարեխոս է լինում մեր համար անմռունչ հառաչանքներով: Իսկ Նա, Ով քննում է սրտերը, գիտի, թե ի՛նչ է խորհում Հոգին, որովհետև Աստծո կամքի համաձայն է բարեխոսում սրբերի համար» (Հռմ 8, 26-27): Այսինքն, կարելի է ասել, որ Սուրբ Հոգին՝ Հոր և Որդու Հոգին, մեր հոգու Հոգին է, մեր էության սրբազնագույն մասնիկը, որից անդադար աղոթք է բարձրանում առ Աստված, այնպիսի մի աղոթք, որը մենք չենք կարող ձևակերպել բառերով: Մեր մեջ մշտապես արթուն Հոգին բարեխոսում է մեր տկարությունների համար և Հորն է մատուցում մեր երկրպագությունը՝ դրա հետ միասին Աստծուն ընծայելով մեր ամենաթաքուն խնդրանքները: Բնական է, որ դրա համար անհրաժեշտ է Սուրբ Հոգու հետ կենարար միությունը: Դա մշտապես զգայուն կոչ է՝ ուշադիր լինելու մեր մեջ Սուրբ Հոգու ներկայության նկատմամբ, այդ ներկայությունը աղոթքի վերածելու, զգալու Սուրբ Հոգու ներկայությունը և սովորելու աղոթել, զրուցել Հոր հետ՝ Սուրբ Հոգով, ինչպես զավակներ:

Սուրբ Հոգու ևս մեկ բնորոշ գիծ, որի մասին հռչակում է Պողոսը՝ կապն է սիրո հետ: Առաքյալը գրում է. «Հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը սփռված է մեր սրտերի մեջ՝ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ» (Հռմ 5, 5): «Աստված Սեր է» («Deus Caritas est») Կոնդակում ես հղում եմ արել Սուրբ Օգոստինոսի բավական պերճախոս հետևյալ պնդմանը. «Տեսնելով ողորմած սերը՝ դու տեսնում ես Երրորդությունը»[1], և հետո զարգացրել է հետևյալ միտքը. «Հոգին այն ներքին ուժն է, որը ներդաշնակության մեջ է դնում հավատացյալների սրտերը՝ Քրիստոսի Սրտի հետ, և նրանց մղում է սիրելու իրենց եղբայրներին, ինչպես Նա սիրեց նրանց»[2]: Հոգին մեզ ներմուծում է աստվածային կյանքի ռիթմի մեջ՝ մեզ հաղորդակից դարձնելով Հոր և Որդու փոխադարձ հաղորդությանը: Պատահական չէ, որ Պողոսը, թվարկելով Սուրբ Հոգու պտուղները, առաջին տեղում դրել է սերը. «Հոգու պտուղն է՝ սերը, ուրախությունը, խաղաղությունը, [...] » (Գղտ 5, 22): Քանի որ սիրույն, ըստ իր ձևակերպման, բնորոշ է միավորիչ գործառույթը, ապա նշանակում է՝ հենց Սուրբ Հոգին է ստեղծում միությունը՝ քրիստոնեական համայնքի ծոցում, և այդ նպատակով ենք աղոթում Սուրբ Պատարագի սկզբում՝ կրկնելով Պողոսի խոսքերը. « [...] Սուրբ Հոգու [այսինքն՝ Նրա կողմից շնորհված] հաղորդությունը թող որ ձեր բոլորիդ հետ լինի» (2Կր 13, 13): Թեև, մյուս կողմից, ճշմարիտ է նաև այն, որ Հոգին մեզ մղում է ողորմածությամբ վերաբերվել բոլորի հետ: Սիրելով՝ մենք տեղի ենք տալիս Սուրբ Հոգուն, թույլ ենք տալիս, որ Հոգին ամբողջությամբ ինքնադրսևորվի: Հասկանալի է, թե ինչո՛ւ Պողոսը Հռոմեացիներին ուղղված նամակում մեկ էջի վրա դնում է երկու հորդոր. «Հոգով եռացե՛ք» և «չարիքի դիմաց չարիքով մի՛ հատուցեք» (Հռմ 12, 11.17):

Վերջապես, Սուրբ Հոգին, ըստ Պողոսի, գրավական է՝ մեծահոգաբար մեզ տրված Ինքնին Աստծուց՝ որպես երաշխավորություն և միաժամանակ մեր ապագա ժառանգության կանխազգացում (2Կր 1, 22; 5, 5; Եփս 1, 13-14): Պողոսից սովորենք այն, որ Սուրբ Հոգու ներգործությունն ուղղորդի մեր կյանքը՝ դեպի սիրո, ուրախության, միության և հույսի մեծ արժեքները: Մեր պարտականությունն է՝ օրըստօրե ապրել՝ ունկնդիր լինելով Հոգու ներքին հորդորներին, և թող որ այդ զանազանելու գործընթացում մեզ օգնի Պողոս Առաքյալի լուսավորող առաջնորդությունը:

 

Ընդհանուր ունկնդրություն, 15 Նոյեմբերի 2006թ., Սուրբ Պետրոսի հրապարակ

[1] Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Երրորդության մասին, 8, 8, 12: CCL 50, 287.
[2] Նույն.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։