Պողոս Տարսոնացի – Գրադարան – Mashtoz.org

Պողոս Տարսոնացի

Պողոս Տարսոնացին մեկն էր վաղ շրջանի Եկեղեցու այն անդամներից, ովքեր «իրենց հոգիները տվեցին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար», ինչպես գրում է Ղուկասը Գործք Առաքելոց գրքում (15, 26): Պողոսը Հիսուսի կողմից կանչվեց Նրա Հարությունից հետո և դարձավ իսկական Առաքյալ: Եկեղեցու ողջ պատմության մեջ նա շողշողաց որպես առաջին մեծության աստղ: Սբ. Հովհան Ոսկեբերանը Պողոսին գովաբանում է որպես մեկին, ով իր մեծությամբ գերազանցեց շատ հրեշտակների ու հրեշտակապետերի (Գովք, 7, 3): Դանթե Ալիգիերին իր «Աստվածային կատակերգության» մեջ, ոգեշնչված՝ Ղուկասի կողմից գրված Գործք Առաքելոց գրքով, Պողոսին անվանում է «ընտրյալ անոթ» (Դժոխք, 2, 28), այսինքն՝ Աստծո կողմից ընտրված զենք: Ոմանք Պողոսին նույնիսկ անվանում են «առաջինը՝ Միակից հետո» և «Տասներեքերորդ Առաքյալ»: Եվ իսկապես, Պողոսն ինքն էլ է իրեն անվանում ճշմարիտ Առաքյալ, կանչված Իր իսկ՝ Հարուցյալի կողմից: Եկեղեցու կայացման ժամանակաշրջանում ապրած բոլոր մարդկանցից հենց Պողոսի մասին են պահպանվել ամենաշատ տեղեկությունները, Հիսուսից հետո: Մեր տրամադրության տակ ունենք ո՛չ միայն Ղուկասի պատմածը՝ Գործք Առաքելոց գրքում, այլ նաև՝ հենց իր՝ Պողոսի ձեռքով գրված Նամակների հավաքածուն, որոնք մեզ անուղղակի կերպով ծանոթացնում են Պողոսի անհատականությանը և աշխարհայացքին: Ըստ Ղուկասի, Պողոս Առաքյալին նախ անվանում էին Սողոս (Գրծ 7, 58; 8, 1; 9, 17; 22, 7; 13, 26), կամ եբրայեցերեն՝ Սավուղ, ինչպես Իսրայելի թագավորի անունն էր (Գրծ 13, 21): Նա հրեական սփյուռքից էր, ծնունդով՝ Տարսոն քաղաքից, որ գտնվում էր Անատոլիայի և Սիրիայի սահմանին: Մանկության տարիներին Սողոսը տեղափոխվել է Երուսաղեմ, որպեսզի խորությամբ ուսումնասիրի Մովսեսի Օրենքը՝ Գամաղիելի «ոտքերի մոտ» (Գրծ 22, 3): Գամաղիելի մոտ էլ յուրացրել է նաև մի պարզ արհեստ՝ վրանագործությունը (Գրծ 18, 3), և դրանով ավելի ուշ վաստակում էր իր ապրուստի համար, որպեսզի չծանրաբեռներ եկեղեցական համայնքներին (Գրծ 20, 34; 1Կր 4, 12; 2Կր 12, 13-14):

Պողոսի համար վճռական իրադարձություն եղավ ծանոթությունը անձանց հետ, ովքեր իրենք իրենց համարում էին Հիսուսի աշակերտները: Նրանցից նա իմացավ նոր հավատքի՝ «նոր ճանապարհի» մասին, ինչպես ասում էին այն ժամանակ, որի առանցքը ո՛չ այնքան Օրենքն էր, որքան Հիսուսի Անձը, որ խաչվեց և հարություն առավ և Ում հետ կապված էր մեղքերի թողությունը: Պողոսը, լինելով նախանձախնդիր հրեա, այդ ուսմունքը համարում էր անընդունելի և, նույնիսկ, սրբապիղծ, և այդ պատճառով ինքն իրեն պարտավորված էր զգում հալածելու Քրիստոսի աշակերտներին՝ նաև Երուսաղեմից դուրս: Ք.հ. 30-ական թվականների սկզբին հենց Դամասկոսի ճանապարհին Սողոսին «հասավ Քրիստոսը», ինչպես ինքն է գրում (Փլպ 3, 12): Եթե դրա վերաբերյալ Ղուկասի պատմությունը առատ է մանրամասնություններով (օրինակ, Հարուցյալի շողարձակման մասին հիշատակությունը, որ լուսավորեց նրան և հիմքից փոխեց նրա ամբողջ կյանքը), ապա ինքը՝ Առաքյալը, իր նամակներում առանց այլևայլությունների խոսում է ո՛չ միայն տեսիլքի (1Կր 9, 1), այլ նաև՝ լուսավորության մասին (2Կր 4, 6), և, ամենակարևորը, հայտնության և կոչման մասին, որոնք տրվեցին Հարուցյալի հետ հանդիպման ժամանակ (Գղտ 1, 15-16): Նա ինքն իրեն անվանում է «կանչված առաքյալ» (Հռմ 1, 1; 1Կր 1, 1) և «առաքյալ՝ ըստ Աստծո կամքի» (2Կր 1, 1; Եփս 1, 1; Կղս 1, 1), կարծես ցույց տալով, որ իր դարձը ո՛չ թե աշխարհայացքի զարգացման և իմաստի ընկալման արդյունք էր, այլ՝ աստվածային միջամտության և Աստծո անսպասելի շնորհի արգասիք: Նրա խոսքերով, այդ ժամանակվանից սկսած՝ ամեն ինչ, որ նախկինում արժեք ուներ իր համար, անհավատալի կերպով դարձել է ունայնություն և աղբ (Փլպ 3, 7-10): Այդ ժամանակվանից նա իր բոլոր ուժերն ուղղել է Հիսուս Քրիստոսին և Նրա Ավետարանին ծառայելուն: Նրա գոյությունն ինքնին վերածվել է առաքյալի գոյության, ով անմնացորդ կերպով փափագում է լինել «ամեն ինչ ամենքի համար» (1Կր 9, 22):

Այս փաստից մի կարևորագույն դաս ենք քաղում. միակ բանը, որ կյանքում անհրաժեշտ է, այն է, որ մեր կյանքի կենտրոնում դնենք Հիսուս Քրիստոսին, որպեսզի մեր անհատականությունը գլխավորապես պայմանավորվի Հիսուս Քրիստոսի հետ հանդիպմամբ և հաղորդությամբ: Նրա լույսի ներքո ցանկացած ա՛յլ նպատակ կվերականգնվի և միաժամանակ կմաքրագործվի հնարավոր աղտոտվածությունից: Երկրորդ հիմնարար դասը, որն առաջարկում է Պողոսը, դա իր առաքելության տիեզերական մասշտաբն է: Հասկանալով սուր խնդիրը՝ ազգերին, այսինքն՝ հեթանոսներին, քարոզելու Աստծուն, Ով խաչյալ և հարուցյալ Հիսուս Քրիստոսի մեջ փրկություն է շնորհում ամբողջ մարդկությանն՝ առանց բացառության, նա նվիրվեց Ավետարանի, այսինքն՝ Բարի Լուրի հռչակմանը, շնորհի, որը մարդուն հաշտեցնում է Աստծո, ինքն իր և ուրիշների հետ: Առաջին իսկ պահից Պողոսը հասկացավ, որ այդ շնորհը նախատեսված է ո՛չ միայն հրեաների և որոշակի մարդկանց համար, այլ՝ ունի տիեզերական արժեք և բոլորի համար է, քանի որ Աստված բոլորի Աստվածն է: Պողոսը ճանապարհորդության մեկնեց Անտիոքից՝ Սիրիայից, որտեղ Ավետարանն առաջին անգամ քարոզվեց հելլենացիներին և որտեղ էլ ի հայտ եկավ ինքնին «քրիստոնյա» անվանումը, այսինքն՝ Քրիստոսին հավատացող (Գրծ 11, 20.26): Այդտեղից նա սկզբում ուղևորվեց դեպի Կիպրոս, հետո եղավ Փոքր Ասիայի տարբեր վայրերում (Պիսիդիայում, Լիկաոնիայում, Գաղատիայում) և Եվրոպայում (Մակեդոնիայում, Հունաստանում): Նրա քարոզչության ամենագլխավոր հանգրվանները դարձան Եփեսոսը, Փիլիպպեն, Թեսաղոնիկեն, Կորնթոսը և, անկասկած, Բերիան, Աթենքը և Միլեթոսը:

Պողոսն իր առաքելական գործունեության մեջ բախվեց բազմաթիվ դժվարությունների, բայց ամեն ինչ ընդունում էր արիությամբ, քանի որ սիրում էր Քրիստոսին: Պողոսն իր ծառայության մասին հիշում էր հետևյալը. «Եթե վաստակով՝ առավել, գանակոծությամբ՝ առավել ևս, եթե բանտարկությամբ՝ ավելի, քան նրանք, եթե մահվան վտանգով՝ բազում անգամ, [...] երեք անգամ խարազանվել եմ, մեկ անգամ քարկոծվել, երեք անգամ նավաբեկության ենթարկվել, մեկ ցերեկ ու մեկ գիշեր տառապել եմ ծովի անդունդներում: Բազմաթիվ ճանապարհորդություններ, վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ սուտ եղբայրներից: Բազում անգամներ եղա աշխատանքների և հոգնությունների մեջ՝ հաճախ անքուն մնալով, քաղցի և ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտահար և մերկ: Մի կողմ թողած մյուս նեղությունները և դեռ այն, որ շարունակ ամբոխն իմ վրա էր կուտակվում, ինչպես նաև բոլոր եկեղեցիների հոգսերը» (2Կր 11, 23-28): Հռոմեացիներին ուղղված Նամակի մի հատվածում (15, 24-28) երևում է նրա վճռականությունը՝ մեկնելու նույնիսկ Իսպանիա, Արևմուտքի սահմանները, որպեսզի ամեն տեղ՝ այն ժամանակվա աշխարհի բոլոր ծայրերում, հռչակի Ավետարանը: Ինչպե՞ս չհիանալ այսպիսի անձով: Ինչպե՞ս շնորհակալություն չհայտնել Աստծուն՝ մեզ այդպիսի ականավոր Առաքյալ պարգևած լինելու համար: Ակնհայտ է, որ նա չէր կարողանա տոկալ այդպիսի բարդ և երբեմն անհաղթահարելի իրավիճակներում, եթե մղված չլիներ բացարձակ արժեքի գիտակցությամբ, որի լույսի ներքո ամեն տեսակ խոչընդոտները հաղթահարելի են թվում: Ինչպես գիտենք, Պողոսի համար այդպիսի արժեք էր Հիսուս Քրիստոսը, Ում մասին նա գրում է. «Քրիստոսի սերն է պարուրում մեզ, [...] որպեսզի ապրողներն այլևս չապրեն իրենք իրենց համար, այլ՝ Նրա, Ով իրենց համար մեռավ և հարություն առավ» (2Կր 5, 14-15), այսինքն՝ մեր և բոլորի համար:

Առաքյալը բարձրագույն մի վկայություն է տալիս՝ իր արյունը հեղելով Ներոն կայսեր կառավարման ժամանակ, այստեղ՝ Հռոմում, որտեղ մենք պահպանում և հարգում ենք իր սուրբ մասունքները: Կղեմես Հռոմեացին՝ իմ նախորդն այս Առաքելական Գահի վրա, Առաջին դարի վերջին տարիներին Պողոսի մասին գրել է հետևյալը. «Պողոսն իր նախանձախնդրության պատճառով պարգև ստացավ՝ իր համբերատարության համար, [...] քարոզելով Արևելքում և Արևմուտքում՝ իր հավատքի համար ձեռքբերեց ազնիվ փառք, որովհետև ամբողջ աշխարհին սովորեցրեց ճշմարտությունը և հասավ Արևմուտքի սահմաններին, և նահատակությամբ վկայեց ճշմարտության մասին՝ կառավարիչների առաջ: Այդպես նա տեղափոխվեց այս աշխարհից՝ դեպի Սուրբ Վայրը, դառնալով համբերատարության մեծագույն տիպար» (Առաջին նամակը Կորնթացիներին, 5): Թող որ օգնի մեզ Աստված՝ իրականացնելու այն հորդորը, որն Առաքյալը թողել է մեզ իր նամակներում. «Նմանվեցե՜ք ինձ, ինչպես ես՝ Քրիստոսին» (1Կր 11, 1):

 

Ընդհանուր ունկնդրություն, 25 Հոկտեմբերի 2006թ., Սուրբ Պետրոսի հրապարակ

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։