
ՍԲ. ՀԵՐՄԱՆՈՍ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ (634-733). « ԱՎԵՏԱՐԱՆԸ ԱՍՏԾՈ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
Սբ. Հերմանոս Կոստանդնուպոլսեցի (634-733), « Աստվածային Պաշտամունքի մեկնություն », 31.
[...] Ավետարանը Աստծո ներկայությունն(1) է, որի մեջ Նա Իրեն տեսանելի դարձրեց մեր համար, այլևս չխոսելով ամպերի միջից և այլաբանական պատկերների միջոցով, ինչպես որ ժամանակին խոսեց Մովսեսի հետ լեռան վրա՝ որոտումների ու փայլակների միջոցով, փողերի հնչմամբ, խավարի և կրակի [միջից] (հմմտ. Ել 19, 16; Եբր 12, 18-19), կամ մարգարեներին՝ տեսիլքների(2) միջոցով, այլ՝ երևաց պարզորոշ կերպով և տեսանելի դարձավ մեզ որպես ճշմարիտ մարդ, հեզ ու խաղաղարար Թագավորը, Ով նախապես իջել էր լռելյայն, կարծես բրդի վրա (հմմտ. Սղմ 71, 6)։
Եվ մենք տեսանք Նրա փառքը, փառքը իբրև Միածնի, լի շնորհով և ճշմարտությամբ (Հվհ 1, 14). Նրա միջոցով Հայր Աստվածը խոսեց մեր հետ բերան առ բերան և ո՛չ այլևս այլաբանական պատկերների միջոցով. Նրա մասին Հայրը վկայում է Երկնքից և ասում է. «Սա՛ է իմ սիրելի Որդին» (Մտթ 3, 17; 17, 5), իմ Իմաստությունը, իմ Խոսքը և իմ Զորությունը. Նա, Ով ավետվեց մեզ մարգարեների միջոցով, հայտնի դարձվեց Ավետարանների մեջ, որպեսզի բոլոր նրանք, որ ընդունում են Նրան և հավատում են Նրա Անվանը, ստանան իշխանությունը՝ դառնալու Աստծո զավակները (հմմտ. Հվհ 1, 12)։
Նա, Ում մենք լսեցինք և տեսանք մեր աչքերով (հմմտ. 1Հվհ 1, 1), մենք հավատում ենք, որ Աստծո Իմաստությունն է և Խոսքը, աղաղակելով. «Փա՜ռք քեզ, Տե՜ր»: Եվ Սուրբ Հոգին, Իր հերթին, որ ժամանակին լուսավոր ամպով հովանի էր եղել Նրան (հմմտ. Մտթ 17, 5), այժմ մի մարդու միջոցով աղաղակում է. «Ուշադի՛ր եղեք», այսինքն՝ լսեցեք Նրան (Մտթ 17, 5)(3)։ [...]