
ԵՎՍԵԲԻՈՍ ԿԵՍԱՐԱՑԻ (260-339). « ԱՐԵՎԵԼՔԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ՓԱՌԱՎՈՐՎԱԾ Է ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԵՋ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
Եվսեբիոս Կեսարացի (260-339), « Ավետարանական ցուցաբերում », 1, 10, 35-39.
[...] [Մարգարեի միջոցով] Աստված կանխավ ավետում է այն, ինչը որ կատարվելու էր մեր օրերում, ասելով. «Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ժողովուրդների մեջ, և ամենուր խունկ և մի մաքուր զոհ է մատուցվում իմ անվանը» (Մղք 1, 11)։
Մենք, հետևաբար, մատուցում ենք Աստծուն, որ ամենուր է, «գովաբանության մի զոհ» (Սղմ 49, 14), մաքուր զոհը մատուցում ենք մի նոր ձևով, Նոր Ուխտի համաձայն։ «Աստծո զոհը», ասվել է, «զղջացած հոգին է. զղջացած և խոնարհված հոգին», հետևաբար, «Աստված չի արհամարհում» (Սղմ 50, 19)։
Ինչպես նաև, վառում ենք խունկը, որի մասին խոսում է մարգարեն, երբ ամենուր Նրան ենք մատուցում Աստծո ճշմարիտ ճանաչողության անուշաբույր պտուղը, այն Իրեն ընծայելով աղոթքների միջոցով, որ ուղղում ենք Իրեն։ Սա մեզ ուսուցանում է նաև մի ա՛յլ մարգարե, որ ասում է. «Իմ աղոթքը թող որ խունկի նման լինի քո առջև» (Սղմ 140, 2)։
Մենք, ուստի, զոհ ենք մատուցում և խունկ ենք ծխում, երբեմն հանդիսակատարելով Մեծ Զոհի հիշատակը՝ այն խորհուրդների մեջ, որոնք հենց Ինքն է ավանդել մեզ(1), և Աստծուն ընծայելով մեր երախտագիտությունը՝ մեր փրկության համար, օրհներգություններով ու աղոթքներով՝ որպես մեծարանքի տուրք. երբեմն մեր անձերն ինքնին ամբողջովին ընծայաբերելով Իրեն և մարմնով ու հոգով նվիրվելով Իր Քահանայապետին, Ով ինքնին Բանն(2) է։
Սրա համար ջանք ենք գործադրում, որպեսզի պահենք մեր մարմինը մաքուր և չապականված, անբարո որևէ արարքից պաշտպանված, Նրան ներկայացնում ենք մոլության ծնունդ հանդիսացող որևէ կրքից և որևէ արատից մաքրագործված միտքը, պատվում ենք Նրան անսխալ մտքերով, անկեղծ զգացմունքներով, ճշմարտության համոզմունքներով։ Մեզ, արդարև, ուսուցանվել է, որ այս բաներն Իրեն ավելի հաճելի են, քան արյունով, ծխով և զոհերի ճարպով մատուցված զոհերի բազմությունը (հմմտ. Ես 1, 11)։ [...]