ԲԱԼԴՈՒՎԻՆՈՒՍ ՖՈՐԴԱՑԻ (1125-1190). « ԵՍ ԵՄ ԿՅԱՆՔԻ ՀԱՑԸ » – Գրադարան – Mashtoz.org

ԲԱԼԴՈՒՎԻՆՈՒՍ ՖՈՐԴԱՑԻ (1125-1190). « ԵՍ ԵՄ ԿՅԱՆՔԻ ՀԱՑԸ »

Բալդուվինուս Ֆորդացի (1125-1190). « Խորանի Խորհրդի մասին », 2, 3 (SC 93, t. 1).

 

[...] Քրիստոսն ասում է. «Ով գալիս է իմ մոտ, այլևս երբեք քաղց չի զգա. և ով հավատում է ինձ, այլևս երբեք չի ծարավի» (Հվհ 6, 35)։ [...]

Իսկ սաղմոսերգուն ասում է. «Հացը կազդուրում է մարդու սիրտը» (Սղմ 104, 15)։

Նրանց համար, ովքեր հավատում են Իրեն, Քրիստոսը կերակուր է և ըմպելիք՝ Հաց և Գինի։ Հաց, որ կազդուրում է և ուժ տալիս, [...] ըմպելիք, որ զվարթություն է տալիս։ [...] Այն ամենը, ինչը որ մեր մեջ ուժեղ է և ամուր, բերկրալի և ուրախ՝ կատարելու համար Աստծո պատվիրանները, համբերությամբ կրելու համար տառապանքը, գործադրելու համար հնազանդությունը և պաշտպանելու համար արդարությունը, այս ամենը այս Հացի ուժն է և այս Գինու բերկրանքը։

Երանելի՜ են նրանք, որ գործում են ամուր ուժով ու բերկրանքով։ [...] Երանելի՜ են նրանք, ովքեր եռանդագին կերպով ցանկանում են գործադրել այն, ինչը որ արդար ու ազնիվ է, և ամեն ինչում ցանկանում են ուժ և ուրախություն ստանալ Նրանից, Ով ասել է. «Երանի՜ նրանց, ովքեր քաղցն ու ծարավն ունեն արդարության» (Մտթ 5, 6)։ Եթե Քրիստոսն է հացն ու ըմպելիքը, որոնք այժմ ապահովում են արդարների ուժն ու ուրախությունը, որքա՜ն ևս առավել դա կլինի Երկնքում, երբ արդարներին կտրվի առանց չափի։

Ուշադրությո՜ւն դարձնենք. Քրիստոսի խոսքերի մեջ [...] այս կերակուրը, որ մնում է հավիտենական կյանքի համար, անվանվում է Երկնքի հաց, ճշմարիտ հաց, Աստծո հաց, կյանքի հաց [...] ։ Աստծո հաց, զանազանելու համար այն հացից, որը պատրաստվում և թխվում է հացագործի ձեռքով. [...] կյանքի հաց, զանազանելու համար այս մյուս հացից, որ փչանում է, որ կյանքը չէ և կյանք չի տալիս, այլ՝ հազիվ պահպանում է այն, դժվարությամբ և խիստ սահմանափակ ժամանակով։ Մյուսը, մինչդեռ, կյանքն է, տալիս է կյանքը, պահպանում է մի կյանք, որը ոչ մի ընդհանրություն չունի մահվան հետ։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։