ԳԻՅՈՄ ԴԸ ՍԵՆԹ-ԹՅԵՌՌԻ (ՄՈՏ 1085-1148). « ԱՄԲՈՂՋ ՏՈՒՆԸ ԼՑՎԵՑ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԲՈՒՐՄՈՒՆՔՈՎ » – Գրադարան – Mashtoz.org

ԳԻՅՈՄ ԴԸ ՍԵՆԹ-ԹՅԵՌՌԻ (ՄՈՏ 1085-1148). « ԱՄԲՈՂՋ ՏՈՒՆԸ ԼՑՎԵՑ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԲՈՒՐՄՈՒՆՔՈՎ »

Գիյոմ Դը Սենթ-Թյեռռի (մոտ 1085-1148). « Խորհրդածական աղոթքներ », 5.

 

[...] Մանկությունիցս ի վեր մշտապես մեղանչել եմ և Դու չես դադարել բարիք անել ինձ։ [...] Այդուհանդերձ, Տե՜ր, թող որ ողորմության փոխվի Քո դատաստանը։ [...] Երանի՜ թե կամենաս Դու արժանի գտնել իմ սիրտը Քո կատարյալ սիրույն. թող որ սիրույդ սաստիկ ջերմությունը դուրս հանի միջիցս և այրի մեղքի ամբողջ թույնը։ Թող որ մերկացնի և աչքերիս արցունքների մեջ խեղդի խղճիս ամբողջ վարակվածությունը։ Քո Խաչը թող որ խաչին գամի այն ամենը, ինչը որ մարմնի ցանկասիրությունը, աչքերի ցանկասիրությունը և կյանքի գոռոզությունը (հմմտ. 1Հվհ 2, 16) ավիրել են երկարատև ծուլությանս պատճառով։

Տե՜ր, ով ցանկանում է, կարող է լսել և ծաղրել իմ խոստովանությունը. թող որ տեսնի ինձ, մինչ մեղավոր կնոջ հետ խոնարհվում եմ ողորմությանդ ոտքերի մոտ, թրջելով դրանք սրտիս արցունքներով, դրանց վրա հեղելով գորովալի բարեպաշտության օծանելիքը (հմմտ. Ղկս 7, 38)։ Բոլոր իմ ունեցվածքները(1), որքան էլ որ աղքատիկ լինեն, մարմին թե հոգի, թող որ որպես վճար տրվեն՝ գնելու համար օծանելիքը, որ հաճելի է Քեզ։ Այդ օծանելիքը ես կհեղեմ Քո գլխի վրա. Քո, Ում գլուխը Աստված է. և Քո ոտքերի վրա. Քո, Ում արտաքին հանդերձանքը(2) մեր հյուծված բնությունն է։ Եթե փարիսեցին դժգոհում է, Դու, Աստվա՜ծ իմ, ողորմի՜ր ինձ։ Եթե գողը, որ բռնած պահում է տոպրակի կապը, կռճտացնում է ատամները, իմ համար կարևորություն չունի որևէ մեկին տհաճ լինելը, միայն թե հաճելի լինեմ Քեզ։

Ո՜վ սեր իմ սրտի, թող որ ես ամեն օր, մանավանդ թե՝ անդադար, Քո վրա հեղեմ այդ օծանելիքը, քանի որ ես այն Քո վրա հեղելով՝ Դու այն հեղում ես նաև իմ վրա։ [...]

Շնորհի՜ր ինձ՝ ազնվորեն ընծայաբերել Քեզ այն ամենը, որ ունեմ. այն ամենը, որ գիտեմ. այն ամենը, որ ես եմ. այն ամենը, որ կարող եմ։ Թող որ ինձ ոչինչ չպահեմ։ Այնտեղ եմ, ողորմությանդ ոտքերի մոտ. այնտեղ եմ մնալու, արտասվելու եմ [այնքան ժամանակ], մինչև որ կլսեմ Քո քաղցր ձայնը, շուրթերիցդ ելած դատաստանը, արդարությանդ և արդարությանս դատավճիռը. «Ներված են իր բազում մեղքերը, որովհետև շա՜տ սիրեց» (Ղկս 7, 47)։ [...]

(1) Բնագրում բառացի՝ պաշարները։
(2) Բնագրում բառացի՝ ծոպերը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։