ԵՎՍԵԲԻՈՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (5-6-րդ դար). « Ի՞ՆՉ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԳՆՈՒՄ ԵՆ ԵԿԵՂԵՑԻ » – Գրադարան – Mashtoz.org

ԵՎՍԵԲԻՈՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (5-6-րդ դար). « Ի՞ՆՉ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԳՆՈՒՄ ԵՆ ԵԿԵՂԵՑԻ »

Եվսեբիոս Ալեքսանդրացի, « Ճառեր », 16, 2-3.

 

[...] Շաբաթը յոթ օր ունի. Աստված մեզ տվել է վեց օր աշխատելու համար, բայց մեկ օրը տվել է մեզ աղոթքի, հանգստի և չարիքներից ազատվելու համար, որպեսզի, եթե վեց օրվա ընթացքում մեղանչել ենք, Կիրակի օրը ստանանք Աստծո ներումը դրանց համար։ Վաղ առավոտյան, ուրեմն, գնա՜ Աստծո եկեղեցին, մերձեցի՜ր Տիրոջը, խոստովանի՜ր Նրան քո մեղքերը, ապաշխարությո՜ւն արա աղոթքով և զղջացած սրտով (հմմտ. Սղմ 50, 19), մասնակցի՜ր աստվածային և սուրբ Պատարագին, կատարի՜ր քո աղոթքը, և ո՛չ մի պատճառով դուրս մի՛ ելիր [եկեղեցուց] հրաժեշտի [վերջին օրհնությունը ստանալուց] առաջ։ [...]

Ուրիշ ոչ մի նպատակով չենք պահում Տիրոջ օրը, եթե ո՛չ՝ աշխատանքից հեռու մնալու և աղոթքի նվիրվելու համար: Եթե դու, սակայն, հեռու ես մնում աշխատանքից, բայց չես գնում եկեղեցի, դրանից ոչ մի օգուտ չես ստանում, մանավանդ թե՝ ինքդ քո համար ո՛չ սակավ վնաս ես հայթայթում: Շատերն անհամբերությամբ սպասում են Կիրակի օրվան, բայց ո՛չ բոլորը նույն նպատակով: Նրանք, ովքեր Տիրոջ երկյուղն ունեն, Կիրակի օրվան սպասում են, որպեսզի իրենց աղոթքն ուղղեն Աստծուն և ստանան [Տիրոջ] թանկագին Մարմինն ու Արյունը. ծույլ ու անտարբեր մարդիկ, մինչդեռ, սպասում են Կիրակի օրվան, որպեսզի հեռու մնան աշխատանքից և կարողանան չարամիտ գործերի նվիրվել։

Փաստերն իրենք են վկայում, որ չեմ ստում։ Մի ուրիշ օր դուրս ել քաղաքի կենտրոն, և ոչ մեկին չես գտնի: Դուրս ել Կիրակի օրը, և կգտնես ոմանց, որ քնար են նվագում, մյուսները ծափ են տալիս ու պարում, ուրիշներ, որ նստած ծաղրում և անպատվում են մերձավորին, ուրիշներ, որ գոտեմարտում են, ուրիշներ, որ վիճաբանում են իրար հետ, ուրիշներ, որ ակնարկներ են անում՝ չարիքի հրավիրելու համար, և ամենուրեք, որտեղ կան քնար ու պարեր, բոլորն այնտեղ են վազում։ Մունետիկը հրավիրում է եկեղեցի, և բոլորը ձևը գտնում են հապաղելու և ասելու, որ չեն կարող գնալ։ Բայց հենց որ լսվում է քնարի կամ սրնգի ձայնը, կամ պարի քայլերի աղմուկը, բոլորը, ասես թևեր առած, անհապաղ շտապում են այնտեղ։ [...]

Ի՞նչ են տեսնում նրանք, ովքեր գնում են եկեղեցի: Ե՛ս կասեմ քեզ. Տեր Քրիստոսին, որ պառկած է(1) սուրբ սեղանի վրա, սերովբեների երիցս «Սո՜ւրբ» օրհներգը (հմմտ. Ես 6, 3), որ երգվում է(2), Սուրբ Հոգու էջքն ու ներկայությունը, Դավիթ մարգարեի ու թագավորի երգը(3), օրհնյալ Առաքյալին, ով իր ուսուցումը կրկին ղողանջել է տալիս բոլորի ականջների մեջ, հրեշտակների օրհներգը, անդադար Ալելուիան, ավետարանական խոսքերը, Տիրոջ պատվիրանները, սուրբ եպիսկոպոսների ու վարդապետների խրատներն ու հորդորները. բոլորը հոգևոր բաներ, բոլորը երկնային բաներ, բոլորը բաներ, որ ձեռք են բերում փրկությունն ու Արքայությունը: Ահա՛, թե ի՛նչ է լսում, ահա՛, թե ի՛նչ է տեսնում նա, ով մտնում է եկեղեցի: [...]

(1) Բնագրի եզրը մատնանշում է զոհի դրված լինելը զոհասեղանի վրա, կամ մեռյալի պառկած լինելը գերեզմանում։
(2) Հեղինակն ակնհայտ կերպով ակնարկում է Սուրբ Պատարագին և Սրբասացությանը։
(3) Ի նկատի ունի Սաղմոսները։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։