
ՍԲ. ՄԵԼԻՏՈՆ ՍԱՐԴԻՍԱՑԻ (?-195). « ՏԻՐՈՋ ԶԱՏԻԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
Սբ. Մելիտոն Սարդիսացի (?-195), « Զատիկի քարոզ », 57-67 (SC 123).
[...] Զատիկի խորհուրդը կատարվել է Տիրոջ մարմնի մեջ։ Այդուհանդերձ, Նա կանխավ ավետել էր Իր չարչարանքները նահապետներին, մարգարեներին և Իր ողջ ժողովրդին. դրանք(1) կնիքով հաստատել էր Օրենքի ու Մարգարեների մեջ։ Այս չլսված ու մեծափառ ապագան պատրաստվել էր վաղուց սկսած. նախապատկերված լինելով շատ ժամանակ առաջ, Տիրոջ խորհուրդը տեսանելի դարձվեց այսօր, որովհետև հնամենի և նոր է Տիրոջ խորհուրդը։ [...]
Ուզո՞ւմ ես, ուրեմն, տեսնել Տիրոջ խորհուրդը։ Նայի՛ր Աբելին, Նրա նման սպանված. Իսահակին, Նրա նման կապված. Հովսեփին, Նրա նման վաճառված. Մովսեսին, Նրա նման վտանգված. Դավթին, Նրա նման հալածված. մարգարեներին, Նրա նման անպատված՝ Քրիստոսի անվան պատճառով։ Ի վերջո, նայի՛ր Եգիպտոսի երկրում մորթված գառանը, որ հարվածեց Եգիպտոսին և փրկեց Իսրայելին իր սեփական արյամբ։
Մարգարեների ձայնով նույնպես ավետվում էր Տիրոջ խորհուրդը։ Մովսեսն ասաց ժողովրդին. «Քո կյանքը քո առջև լինելու է կարծես թելից կախված. և դու վստահ չես լինի քո կյանքի վերաբերյալ» (2Օր 28, 66)։ Իսկ Դավիթը. «Ինչո՞ւ են ամբոխները խռովվում, ինչո՞ւ են իզուր դավեր նյութում ժողովուրդները։ Երկրի թագավորները հառնում են և իշխանները միասին դավադրում են Տիրոջ և Իր Մեսսիայի դեմ» (Սղմ 2, 1-2)։ Եվ Երեմիան. «Հեզ գառան նման եղա, որ տարվում է մորթվելու։ Չգիտեի, որ նրանք իմ դեմ թակարդ էին լարում, ասելով. [...] "Վերացնենք նրան ողջերի երկրից. թող որ նրա անունը այլևս չհիշվի"» (Երմ 11, 19)։ Եվ Եսային. «Գառան նման էր, որ տարվում է սպանդի, ոչխարի նման համր՝ իրեն խուզողների դիմաց, և իր բերանը չբացեց։ Ո՞վ է վշտանում նրա ճակատագրի համար» (Ես 53, 7)։
Բազմաթիվ բաներ են մարգարեների կողմից կանխասվել Զատիկի խորհրդի վերաբերյալ, որը Քրիստոսն է։ [...] Նա, արդարև, ազատեց մեզ աշխարհի ապրելակերպից՝ ինչպես Եգիպտոսից, և փրկեց մեզ սատանայի ստրկությունից՝ ինչպես Փարավոնի ձեռքից։ [...]
(1) Այսինքն՝ այդ ավետումները։