
« ՔԵԶՆԻՑ Է ԾՆՎՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
ՍԻՆԵՍԻՈՍ ԿՅՈՒՐԵՆԱՑԻ, Շարականներ, 3 [5] (PG 66, 1608-1609).
[...] Ո՜վ Քրիստոս, Քո անճառելի ծնունդը
հառաջ է, քան դարերի սկիզբը:
Դու լույսի աղբյուրն ես,
ճառագայթն ես, որ փայլում է Հոր հետ:
Դու ցրում ես խավարը,
լուսավորելու համար սրբերի հոգիները:
Դու ես, որ ստեղծել ես աշխարհը,
աստղերի ուղեծրերը:
Դու պահում ես երկրի կենտրոնը:
Դու փրկում ես բոլոր մարդկանց:
Քո շնորհիվ է արևը սկսում իր ընթացքը
և լուսավորում մեր օրերը:
Քո շնորհիվ է լուսնի մահիկը
ցրում գիշերվա մթությունը:
Քո շնորհիվ են ծլարձակում սերմերը
և արոտավայրում խայտում են հոտերը:
Քո մշտնջենավոր աղբյուրից
ցայտում է կյանքի չքնաղ վայելչությունը,
որով արգասավորվում է տիեզերքը:
Եվ Քեզնից է լուսափայլ ծնվում
մարդու բանականությունը: [...]
Մինչ այսպես գովաբանում եմ Քո փառքը,
երգում եմ նաև Քո Հորը,
Իր գերագույն վեհության մեջ:
Երգում եմ միևնույն գահին բազմած Հոգուն,
Սկզբի և Ծնունդի միջև:
Մինչ փառաբանում եմ Հոր կարողությունը,
երգերս ներսումս վերարթնացնում են
ամենախորին զգայարանները:
Ողջո՜ւյն Քեզ, Որդու ակունք:
Ողջո՜ւյն Քեզ, Հոր պատկեր:
Ողջո՜ւյն Քեզ, Որդու օթևան:
Ողջո՜ւյն Քեզ, Հոր դրոշմ:
Ողջո՜ւյն Քեզ, Որդու զորություն:
Ողջո՜ւյն Քեզ, Հոր գեղեցկություն:
Ողջո՜ւյն Քեզ, ո՜վ մաքրագույն Հոգի,
Որդու և Հոր միության զոդ:
Ո՜վ Քրիստոս, ի վերուստ իջեցրու իմ վրա
այս Հոգին Հոր հետ:
Թող Նա ցող լինի իմ հոգու վրա
և գագաթնակետը Քո արքայական պարգևների: [...]