ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԱԳՐԻՋԵՆՏՈՒՄԱՑԻ (559-630). « ԱՂՔԱՏՆԵՐԻՆ ԱՎԵՏԱՐԱՆՎՈՒՄ Է ԲԱՐԻ ԼՈՒՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԱԳՐԻՋԵՆՏՈՒՄԱՑԻ (559-630). « ԱՂՔԱՏՆԵՐԻՆ ԱՎԵՏԱՐԱՆՎՈՒՄ Է ԲԱՐԻ ԼՈՒՐԸ »

Սբ. Գրիգոր Ագրիջենտումացի (559-630). Մեկնություն Ժողովողի, 10, 2.
 
 
[...] Արևի լույսը, որ տեսնում ենք մեր մարմնի աչքերով, ավետում է հոգևոր արևին՝ «Արդարության Արեգակին» (Մղք 3, 20)։ Սա ճշմարտապես ամենաքաղցր արևն է, որ ծագել է նրանց վրա, ովքեր այն ժամանակ առանձնաշնորհությունն ունեցան լինելու Նրա աշակերտները և իրենց աչքերը Նրա վրա սևեռելու, մինչ կիսում էր մարդկանց կյանքն այնպես, կարծես մարդկանցից որևէ մեկը լիներ։ Եվ սակայն, Նա ըստ բնության նաև ճշմարիտ Աստված էր. դրա համար է, որ ի զորու էր կույրերին տեսողությունը վերադարձնելու, կաղերին քայլել տալու, և խուլերին՝ լսել. մաքրում էր բորոտներին և, միայն մի խոսքով, վերստին կյանքի էր ետ կանչում մեռածներին։
Նաև այժմ, չկա իսկապես ավելի քաղցր ոչինչ, քան Նրա վրա սևեռել մեր հոգու աչքերը, Նրա անճառելի ու աստվածային գեղեցկությամբ զմայլվելու և այդ գեղեցկության շուրջ պատկերացում կազմելու համար։ Չկա ավելի քաղցր ոչինչ, քան Իր լույսին այս մասնակցության ու հաղորդության միջոցով լուսավորված ու գեղեցկացված լինելը, քաղցրացված սիրտ, սրբացված հոգի ունենալը, և աստվածային ցնծությամբ լիուլի լցված լինելը ներկա կյանքի բոլոր օրերում։ [...] Արդարև, Արդարության այս Արեգակը – նրանց համար, ովքեր իրենց հայացքները սևեռում են Նրա վրա – բերկրանքի մատակարարն է, Դավթի մարգարեության համաձայն. «Արդարներն [...] ուրախանում են,  ցնծում են Աստծո առաջ և բերկրանքով երգում են»։ Եվ տակավին. «Ցնծացեք, ո՜վ արդարներ, Տիրոջ մեջ. ուղղամիտ մարդկանց համար գեղեցիկ է գովաբանությունը» (Սղմ 67, 4; 33, 1)։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։