ԻՍԱՀԱԿ ԱՍՈՐԻ (7րդ դար). « ԱՅՍ ԳԻՇԵՐ ԻՍԿ ԿՅԱՆՔԴ ՊԱՀԱՆՋՎԵԼՈՒ Է ՔԵԶՆԻՑ » – Գրադարան – Mashtoz.org

ԻՍԱՀԱԿ ԱՍՈՐԻ (7րդ դար). « ԱՅՍ ԳԻՇԵՐ ԻՍԿ ԿՅԱՆՔԴ ՊԱՀԱՆՋՎԵԼՈՒ Է ՔԵԶՆԻՑ »

Իսահակ Ասորի (7րդ դար). « Ճգնողական ճառեր », Առաջին շարք, 38.

 

 

[...] Ո՜վ Տեր, ինձ արժանի դարձրու արհամարհելու իմ կյանքը՝ ձեռքբերելու համար կյանքը, որ Քո մեջ է։ Կյանքն այս աշխարհում նման է նրանց, ովքեր տառեր են գործածում՝ բառեր կազմելու համար։ Երբ ուզում են, ավելացնում, հանում, փոխում են տառերը։ Գալիք աշխարհի կյանքը, մինչդեռ, նման է այն բանին, ինչը որ առանց նվազագույն սխալի իսկ գրված է արքայական կնիքով կնքված մատյաններում, որոնց մեջ ավելացնելիք ոչինչ չկա, ո՛չ էլ որևիցէ մի բան պակասում է։

Հետևաբար, քանի դեռ գտնվում ենք փոփոխության մեջ, ուշադիր լինենք ինքներս մեզ։ Քանի դեռ իշխանություն ունենք մեր կյանքերի ձեռագրի վրա, այն բանի վրա, ինչը որ գրել ենք մեր ձեռքերով իսկ, ջանք գործադրենք ավելացնել այնտեղ բարին, որ գործում ենք, և ջնջենք մեր նախկին վարքի թերությունները։ Քանի դեռ այս աշխարհում ենք, Աստված կնիք չի դնում ո՛չ բարու, ո՛չ չարի վրա։ Դա անում է միմիայն մեր ելքի ժամին, երբ մեր գործն ավարտված է, մեկնելու պահին։

Ինչպես Սուրբ Եփրեմն ասել է, մեզ հարկավոր է հաշվի առնել, որ մեր հոգին նման է մի նավի, պատրաստ՝ ճանապարհ ընկնելու, բայց չգիտի, թե ե՛րբ կգա քամին, կամ տակավին՝ նման է մի զորքի, որ չգիտի, թե ե՛րբ կհնչի հարձակման դեմ զգուշացնող շեփորը։ Եթե սա ասում է նավի ու զորքի վերաբերյալ, որոնք սպասում են մի բանի, որ կարող է և չպատահել, որքա՜ն ևս առավել հարկավոր է մեզ՝ պատրաստվել, նախքան կգա այն օրն անակնկալ կերպով, որպեսզի կամուրջը գցվի և բացվի նոր աշխարհի դուռը։ Քրիստոսը՝ միջնորդը մեր կյանքի, թող որ հաճի շնորհել մեզ՝ լինել կազմ ու պատրաստ։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։