ԼՈՒԴՈԼՖ ՍԱՔՍՈՆԱՑԻ (1300-1370). « Ե՜Կ ՓՆՏՐԵԼՈՒ ԿՈՐԱԾ ՈՉԽԱՐԻԴ » – Գրադարան – Mashtoz.org

ԼՈՒԴՈԼՖ ՍԱՔՍՈՆԱՑԻ (1300-1370). « Ե՜Կ ՓՆՏՐԵԼՈՒ ԿՈՐԱԾ ՈՉԽԱՐԻԴ »

Լուդոլֆ Սաքսոնացի (1300-1370). « Աղոթքներ Հիսուս Քրիստոսին ».

 

[...] Տե՜ր Հիսուս Քրիստոս, առաքինությունների գագաթնակետը մեզ ուսուցանելու համար՝ աշակերտներիդ հետ լեռ բարձրացար՝ ուսուցանելով նրանց Երանություններն ու վսեմ առաքինությունները, դրանցից յուրաքանչյուրի փոխարեն իրեն հատուկ վարձատրություն խոստանալով։

Շնորհի՜ր ինձ, որ դյուրաբեկությունս լսի Քո ձայնը, որ առաքինությունների գործադրմամբ՝ հետամուտ լինեմ դրանց արժանիքի ձեռքբերմանը, որպեսզի Քո ողորմությամբ՝ կարողանամ ստանալ խոստացված վարձատրությունը։

Շնորհի՜ր ինձ, որ չմերժեմ աշխատանքի ցավը՝ վարձատրությունն ի նկատի ունենալով հանդերձ։

Շնորհի՜ր, որ հավիտենական փրկության հույսը կարողանա քաղցրացնել իմ համար դարմանի դառնությունը, բոցավառելով հոգիս Քո գործի մեծափայլ պայծառությամբ։ Թշվառությունից, ինչպիսին որ եմ, ո՜վ Տեր, դարձրո՜ւ ինձ մի օրհնյալ անձ. այս աշխարհի երանությունից, Քո շնորհով, տա՜ր հասցրո՜ւ ինձ Հայրենիքի երանությանը։

Ե՜կ, Տե՜ր Հիսուս, փնտրելու Քո ծառային, փնտրելու Քո մոլորված ու լլկված ոչխարին։ Ե՜կ, Եկեղեցու Փեսա՜, փնտրելու կորած արծաթադրամը։ Ե՜կ, Հայր ողորմության, ընդունելու Քո մոտ վերադարձող անառակ որդուն։ Ե՜կ, ուրեմն, Տե՜ր, որովհետև միայն Դու կարող ես ետ կանչել մոլորված ոչխարին, վերագտնել կորած դրամը, հաշտեցնել փախած որդուն։

Ե՜կ, որպեսզի փրկություն լինի երկրի վրա, և ուրախություն՝ երկնքում։ Դարձի՜ բեր ինձ դեպի Քեզ և պարգևի՜ր ճշմարիտ ու կատարյալ զղջում, որպեսզի ես ուրախության պատճառ հանդիսանամ հրեշտակների համար։ Քաղցրագույն Հիսո՜ւս, աղերսում եմ Քեզ, հանուն Քո վիթխարի սիրո, որ տածում ես իմ՝ մեղավորիս հանդեպ, թող որ կարողանամ ես սիրել միայն Քեզ, ամեն ինչից վեր. թող որ կարողանամ ես մխիթարվել միայն Քո կողմից, իմ քաղցրագույն Աստված։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։