ՆԱՄԱԿ ԴԻՈԳՆԵՏՈՍԻՆ (2րդ դար). « ԻՆՉ ՈՐ Է ՀՈԳԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ, ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԴԱ՛ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ » – Գրադարան – Mashtoz.org

ՆԱՄԱԿ ԴԻՈԳՆԵՏՈՍԻՆ (2րդ դար). « ԻՆՉ ՈՐ Է ՀՈԳԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ, ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԴԱ՛ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ »

Նամակ Դիոգնետոսին, V, 1-15; VI, 1-4.7.9 (SC 33, pp. 62-66).
 
 
[...] Քրիստոնյաները մյուս մարդկանցից չեն տարբերվում ո՛չ ազգությամբ, ո՛չ լեզվով, ո՛չ տարազով: Չեն բնակվում իրենց հատուկ քաղաքներում, չեն գործածում տարբեր խոսելաձև, նրանց կենսակերպը եզակի ոչինչ չունի: [...] Ցրված են հելլենական ու այլազգի քաղաքներում ըստ հանգամանքների, որոնք յուրաքանչյուրին պատահել են ի ծնե: Տեղի սովորություններին նրանք հարմարվում են այն բոլոր հարցերում, որոնք վերաբերվում են հագուստին, ուտելիքին ու ապրելակերպին, ցույց տալով հանդերձ իրենց հոգևոր հանրապետության[1] արտասովոր և իսկապես պարադոքսային դիրքորոշումները: Նրանցից յուրաքանչյուրը բնակվում է իր սեփական հայրենիքում, բայց որպես բնակության գրանցված օտարական: Նրանք բոլորը կատարում են իրենց քաղաքացիական պարտականությունները և ենթարկվում են բոլոր ծանր պարտավորություններին: Յուրաքանչյուր օտար երկիր հայրենիք է նրանց համար, և յուրաքանչյուր հայրենիք օտար երկիր է:
Նրանք ամուսնանում են բոլորի նման, զավակներ են ծնում, բայց չեն լքում իրենց նորածիններին: Բոլորը միասին կիսում են միևնույն սեղանը, բայց ո՛չ միևնույն անկողինը: Աշխարհում են, բայց չեն ապրում աշխարհի համաձայն: Իրենց կյանքն անց են կացնում երկրի վրա, բայց երկնքի քաղաքացիներն են: Հնազանդվում են հաստատված օրենքներին, բայց նրանց կենսակերպը մեծապես գերազանցում է այդ օրենքներին:
Սիրում են մարդկանց, բայց հալածվում են: Մերժվում են, դատապարտվում: Սպանվում են, և այդպիսով ձեռք են բերում կյանքը: Աղքատ են, և շատերին են հարստացնում: Չունեն ոչինչ, և նրանց ոչինչ չի պակասում: Արհամարհվում են, և այդ արհամարհանքի մեջ գտնում են իրենց փառքը: [...] Զրպարտվում են, և արդարացված են: Նրանց անարգում են, իսկ նրանք օրհնում են:
[...] Մի խոսքով, ինչ որ է հոգին մարմնում, քրիստոնյաները դա՛ են աշխարհում: Հոգին տարածված է մարմնի բոլոր անդամների մեջ, ինչպես քրիստոնյաները՝ աշխարհի քաղաքներում: Հոգին բնակվում է մարմնում, ինչպես քրիստոնյաները բնակվում են աշխարհում, բայց աշխարհինը չեն: Լինելով անտեսանելի, հոգին գտնվում է տեսանելի մարմնում: Այսպես նաև քրիստոնյաները. այն, որ աշխարհում են, սա հստակ տեսանելի է, բայց պաշտամունքը, որ նրանք մատուցում են Աստծուն, անտեսանելի է մնում: [...] Հոգին բովանդակված է մարմնում. այդուհանդերձ, հոգին է, որ մարմնին կյանք է հաղորդում: Քրիստոնյաները նման են աշխարհի բանտում արգելափակվածների. այդուհանդերձ, նրանք են, որ գոյության մեջ են պահում աշխարհը: [...] Հոգին կատարելագործվում է քաղցով ու ծարավով մաքրագործվելով. հալածվելով, քրիստոնյաները բազմանում են օրեցօր: Դիրքը, որ Աստված տվել է նրանց, այնքա՜ն վեհ ու վսեմ է, որ դասալքությունը նրանց թույլատրված չէ: [...]
[1] Հունարեն բնագրում գործածված է «politeía» եզրը, որի իմաստը տատանվում է «քաղաքական հիմնարկ», «կենսակերպ» և «վարքագիծ» իմաստների միջև:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։