ՍԲ. ԷԼՐԵԴՈՒՍ ՌԻՎՈՅԱՑԻ (1110-1167). « ԿՈՉՎԵԼՈՒ Է ԷՄՄԱՆՈՒԵԼ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ԷԼՐԵԴՈՒՍ ՌԻՎՈՅԱՑԻ (1110-1167). « ԿՈՉՎԵԼՈՒ Է ԷՄՄԱՆՈՒԵԼ »

Սբ. Էլրեդուս Ռիվոյացի (1110-1167). « Ավետման Ճառ ».

 

[...] «Էմմանուել, որ նշանակում է՝ Աստված մեր հետ»։ Այո՛, Աստված մեր հետ է։ Մինչև այժմ, Նա «մեզնից գերիվեր Աստվածն» էր, «Աստված մեր դիմաց», բայց այսօր Նա «Էմմանուելն» է։ Այսօր մեր հետ Աստվածն է՝ մեր բնությամբ, մեր հետ՝ Իր շնորհով. մեր հետ՝ մեր տկարությամբ, մեր հետ՝ Իր բարությամբ. մեր հետ՝ մեր խեղճությամբ, մեր հետ՝ Իր ողորմությամբ. մեր հետ՝ հանուն սիրո, մեր հետ՝ ազգակցական կապերի պատճառով, մեր հետ՝ քնքշանքի համար, մեր հետ՝ կարեկցանքից մղված։

Աստված մեր հետ է։ Չկարողացաք, դուք՝ Ադամի զավակներդ, երկինք բարձրանալ՝ Աստծո հետ լինելու համար (հմմտ. 2Օր 3, 12), Աստված երկնքից իջնում է՝ լինելու համար Էմմանուելը՝ Աստված մեր հետ։

Գալիս է մեր մոտ՝ լինելու համար Էմմանուելը՝ Աստված մեր հետ, իսկ մենք մոռանում ենք գնալ Աստծո մոտ՝ լինելու համար Իր հետ։ «Մինչև ե՞րբ եք, մարդիկ, կարծրասիրտ լինելու։ Ինչո՞ւ եք ունայն բաներ սիրում և փնտրում կեղծիքը» (Սղմ 4, 3)։ Ահա՛, եկել է Ճշմարտությունը. «ինչո՞ւ եք ունայն բաներ սիրում»։ Ահա՛, եկել է ճշմարիտ ու անայլայլելի խոսքը. «ինչո՞ւ եք փնտրում կեղծիքը»։ Ահա՛, Աստված մեր հետ է։

Ինչպե՞ս կարող էր իմ հետ լինել սրանից ավելի։ Փոքր՝ իմ նման, տկար՝ իմ նման, մերկ՝ իմ նման, աղքատ՝ իմ նման. – ամեն ինչով նման դարձավ ինձ, վերցնելով այն, ինչը որ իմն է, և տալով այն, ինչը որ Իրենն է։ Պառկած էի մեռած, անձայն  զգայազուրկ. մինչև իսկ աչքերիս լույսն այլևս իմ հետ չէր։ Իջավ այսօր, այս մեծագույն Այրը, այս «գործերով ու խոսքերով հզոր Մարգարեն» (Ղկս 24, 19)։ «Իր երեսն իմ երեսի վրա դրեց, Իր բերանը՝ իմ բերանի վրա, Իր ձեռքերը՝ իմ ձեռքերի վրա» (2Թգ 4, 34), և դարձավ Էմմանուելը՝ Աստված մեր հետ։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։