« ՀԻՍՈՒՍԸ ՔԱՂԱՔՆԵՐՈՎ ՈՒ ԳՅՈՒՂԵՐՈՎ ՇՐՋՈՒՄ ԷՐ՝ ՈՒՍՈՒՑԱՆԵԼՈՎ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀԻՍՈՒՍԸ ՔԱՂԱՔՆԵՐՈՎ ՈՒ ԳՅՈՒՂԵՐՈՎ ՇՐՋՈՒՄ ԷՐ՝ ՈՒՍՈՒՑԱՆԵԼՈՎ »

Սբ. Կեսարիուս Արլսացի (470-543). « Ճառեր », 7 (CCL 103, 37ss).

 

[...] Շա՜տ ուշադիր եղեք, սիրելի եղբայրներ. Սուրբ Գրությունները մեզ ավանդվել են որպես – այսպես ասած – մեր հայրենիքից եկած նամակներ։ Մեր հայրենիքն, արդարև, դրախտն է. մեր ծնողները նահապետներն են, մարգարեները, առաքյալներն ու մարտիրոսները. մեր համաքաղաքացիները՝ հրեշտակները. մեր Թագավորը՝ Քրիստոսը։

Երբ Ադամը մեղանչեց, նետվեցինք – այսպես ասած – այս աշխարհի աքսորի մեջ։ Բայց քանի որ մեր Թագավորը հավատարիմ է և ողորմած, – ավելի, քան որքան կարող ենք մտածել կամ ասել, – բարեհաճությամբ կամեցավ մեզ ուղարկել Սուրբ Գրությունները նահապետների ու մարգարեների միջոցով, իբրև հրավերի նամակներ, որոնց միջոցով մեզ հրավիրում է մեր հավիտենական ու առաջին հայրենիք։ [...] Իր անասելի բարությամբ՝ մեզ հրավիրել է թագավորելու Իր հետ։

Այսպիսին լինելով իրավիճակը, ինչպիսի՞ գաղափար են իրենք իրենց մասին ձևավորում ծառաները, որոնք [...] չեն բարեհաճում ընթերցել նամակները, որոնք մեզ հրավիրում են Արքայության երանությանը։ [...] «Եթե ինչ որ մեկը Նրան չի ընդունում, ինքն էլ չի ընդունվում» (1Կր 14, 38)։ Անկասկած, ով հոգատար չէ այս աշխարհում Աստծուն փնտրելու գործում՝ սրբազան գրությունների ընթերցման միջոցով, Աստված էլ Իր հերթին կմերժի ընդունել նրան հավիտենական երանության մեջ։ Այդպիսին պետք է վախենա, որ իր առջև կփակվեն դռները, որ իրեն դուրս կթողնեն հիմար կույսերի նման (Մտթ 25, 10), և որ կարժանանա լսելու. «Չգիտեմ, թե ովքեր եք, ձեզ չեմ ճանաչում։ Հեռացեք ինձնից դուք բոլորդ, որ չարիք եք գործում»։ [...]

Ով կամենում է, որ Աստված բարեհաճությամբ լսի իրեն, պետք է սկսի լսել Աստծուն։ Ինչպե՞ս կարող է համարձակությունն ունենալ՝ ցանկանալու, որ Աստված բարեհաճությամբ լսի իրեն, եթե ինքն այսքա՜ն քիչ հոգատարություն է դրսևորում՝ ընթերցելու Նրա պատվիրանները։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։