ՍԲ. ՀԻՊՈՂԻՏՈՍ ՀՌՈՄԵԱՑԻ (170-235). « ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԼՈՒՅՍԻ ՀՈՒՅՍՈՎ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ՀԻՊՈՂԻՏՈՍ ՀՌՈՄԵԱՑԻ (170-235). « ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԼՈՒՅՍԻ ՀՈՒՅՍՈՎ »

ՀԻՊՈՂԻՏՈՍ ՀՌՈՄԵԱՑԻ, Առաքելական Ավանդություն, 41 (SC 11 bis, pp. 126-132; ed. Aschendorff, pp. 90-96).
 
 
[...] Եթե քո տանն ես, աղոթիր երրորդ ժամին [= առավոտյան ժամը իննը] և գովաբանիր Տիրոջը: Եթե այդ ժամին ուրիշ տեղում ես գտնվում, աղոթիր Աստծուն քո սրտում, որովհետև այդ ժամին Քրիստոսը գամվեց խաչին: [...]
Աղոթիր նաև վեցերորդ ժամին [= կեսօրին], հիշելով խաչին գամված Քրիստոսին, մինչ [...] վրա էր հասնում խավարը: Այդ ժամին բուռն աղոթք կանես, նմանվելու համար Նրան, ով աղոթեց Իր դահիճների համար, երբ տիեզերքը խավարով պատվեց:
Իններորդ ժամին [= կեսօրվա ժամը երեքը] վերսկսիր աղոթքն ու գովաբանությունը: [...] Այդ ժամին Քրիստոսը գեղարդով բացված կողից հեղեց ջուրն ու արյունը, օրվա վերջին ժամերը լուսավորեց մինչև երեկո և լույսի վերադարձով հարության մի պատկեր տվեց:
Աղոթիր նաև մարմինդ հանգստի ուղարկելուց առաջ:
Կեսգիշերին մոտ ոտքի կանգնիր, ջրով լվա ձեռքերդ, և աղոթիր: Եթե կինդ ներկա է, աղոթեցեք միասին: Եթե նա տակավին քրիստոնյա չէ, մի ուրիշ սենյակ քաշվիր աղոթելու, ապա վերադարձիր պառկելու:
Աղոթքի հարցում մի՛ ծուլացիր: Ով ամուսնացած է, բնավ էլ ապականված չէ: «Լվացվածը լվացվելու կարիք չունի, ամբողջությամբ մաքուր է» (Հվհ 13, 10): [...] Որովհետև Հոգու պարգևը և մկրտական ջուրը, որ բխում է կարծես մի աղբյուրից, հավատքով լի սրտի կողմից ընդունվելով՝ մաքրագործել են հավատացյալին:
Ուստի, հարկավոր է աղոթել այդ ժամին, որովհետև նախնիները, որոնցից է մեզ հասել այդ ավանդությունը, մեզ սովորեցրել են, որ այդ ժամին ամբողջ արարչությունը մի պահ հանգստանում է, Տիրոջը գովաբանելու համար: Աստղերը, ծառերն ու ջրերը մի պահ կանգ են առնում և հրեշտակների դասի ու արդարների հոգիների հետ միասին երգում են Աստծո գովքը: Ուստի, հավատացյալներին հոգեհարազատ պետք է լինի այդ ժամին աղոթելը:
Տերն Ինքը վկայում է այս բանին, երբ ասում է. «Ահա՛ փեսան, նրան ընդառաջ գնացեք» (Մտթ 25, 6): Եվ եզրակացնում է. «Հսկեցեք, ուրեմն, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը» (Մտթ 25, 13):
Աքաղաղի կանչից քիչ առաջ, ևս մեկ անգամ ոտքի կանգնիր և նույն կերպ աղոթիր: [...] Մենք սպասում ենք ննջեցյալների հարության օրը հավիտենական լույսի հույսով: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։