« ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԾՈՄ ԿՊԱՀԵՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԾՈՄ ԿՊԱՀԵՆ »

Որոգինես Ադամանցիուս Ալեքսանդրացի (մոտ 185-253). « Քարոզ Ղևտացվոցի շուրջ », 10,2.
 
 
[...] Ուզո՞ւմ ես, որ ցույց տամ քեզ, թե ի՛նչ տեսակ ծոմ պահես։ Ծոմ պահիր որևէ մեղքից, մի՛ կեր չարության կերակուրը, մի՛ ընդունիր ցանկասիրության կերակուրը, մի՛ խմիր ցանկասիրության գինին։ Ծոմ պահիր չար արարքներից, հեռու մնա չար խոսքերից, մերժիր չար մտքերը։ Ձեռք մի՛ տուր այլասեր ուսմունքի հացին։ Մի՛ ցանկացիր խաբեական կերակուրները փիլիսոփայության, որն հեռացնում է քեզ ճշմարտությունից։ Այսպիսի ծոմն է Աստծուն հաճելի։ [...]
Այսուհանդերձ, սա չենք ասում քրիստոնեական պահեցողության սանձերը թուլացնելու նպատակով։ Քանի որ ունենք Քառասնորդացի օրերը՝ ծոմապահությանը նվիրված, ունենք շաբաթվա չորրորդ և վեցերորդ օրերը(1), որոնց ընթացքում ծոմ է պահվում ըստ սովորության։ Եվ քրիստոնյան ազատ է ծոմ պահելու ե՛րբ կամենա, ո՛չ թե օրինապահության խղճահարությամբ, այլ՝ ժուժկալության առաքինության նպատակով։
Որովհետև ինչպե՞ս կարելի է անաղարտ պահել ողջախոհությունը, եթե նրան թիկունք չի կանգնում ամենախստակրոն պահեցողության օգնությունը։ Ինչպե՞ս կարող ենք նվիրվել Աստվածաշնչի սերտմանը, ինչպե՞ս կարող ենք հետամուտ լինել ճանաչողությանն ու իմաստությանը։ Մի՞թե որովայնի ու որկորի սանձմամբ չէ դա։ [...]
Սա պատճառներից մեկն է, որից մղված՝ քրիստոնյաները ծոմ են պահում։ Կա մի ա՛յլ պատճառ ևս, սա նույնպես կրոնական, որի գովքը մինչև իսկ հռչակված է առաքյալներից ոմանց գրություններում։ Նամակներից մեկում գտնում ենք Առաքյալների այս խոսքերը. «Երանելի է նա, ով ծոմ է պահում նաև այն բանի համար, որ ուտելիք տա աղքատներին»։ Այսպիսի մարդու ծոմը շատ հաճո է Աստծուն և իսկապես շատ արժանի, որովհետև նմանվում է Նրան, Ով Իր կյանքը տվեց Իր եղբայրների համար։ [...]
 
(1) Այսինքն՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։