« ԻՆՉ ՈՐ ԽՆԴՐԵՔ ԻՄ ԱՆՈՒՆՈՎ, ԿԱՆԵՄ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅՐԸ ՓԱՌԱՎՈՐՎԻ ՈՐԴՈՒ ՄԵՋ » – Գրադարան – Mashtoz.org

« ԻՆՉ ՈՐ ԽՆԴՐԵՔ ԻՄ ԱՆՈՒՆՈՎ, ԿԱՆԵՄ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅՐԸ ՓԱՌԱՎՈՐՎԻ ՈՐԴՈՒ ՄԵՋ »

Որոգինես Ադամանցիուս Ալեքսանդրացու (185-253) « Աղոթքի մասին » աշխատությունից, 31 .

 

[...] Իմ կարծիքով, ով տրամադրվում է աղոթելու, եթե մի որոշ ժամանակ ջանք գործադրի ներքուստ կենտրոնանալու, ավելի պատրաստ և ամեն ինչում ավելի ուշադիր կդառնա աղոթքի կատարման ընթացքին։ Այսպես կկատարվի, եթե արտաքսի այն ամենը, ինչը որ կարող է ցրվածություն կամ խռովք հաղորդել իր մտքերին. եթե հիշի, որքան որ իր հնարավորության սահմաններում է, վեհությունը Նրա, ում դիմելու է. եթե մտորի, որ ճշմարիտ ամբարշտություն է մերձենալ Նրան անուշադիր կերպով ու չկամությամբ, գրեթե արհամարհական կեցվածքով. եթե հեռացնի բոլոր օտար տարրերը։

Այսպես վարվելով կմոտենա աղոթքին, պարզելով – այսպես ասած – նախ հոգին, ապա ձեռքերը, առ Աստված բարձրացնելով նախ ոգին, հետո աչքերը. եթե ոտքի կանգնելուց առաջ վեր կբարձրացնի երկրից իր հոգու վերին մասը և կներկայանա տիեզերքի Տիրոջ առաջ. եթե կհեռացնի իրենից որևէ չար հիշատակ, որ կարող է ունենալ ստացած անարդարություններից, ինչպես ինքն էլ ուզում է, որ Աստված չհիշի իր չար արարքներն ու մեղքերը, որոնք գործել է իր մերձավորներից շատերի դեմ, կամ նաև այն բոլոր ձախողումները, որոնց վերաբերյալ գիտակցում է, որ ընկել է դրանց մեջ՝ ողջամիտ բանականությանը հակառակ։

Կասկածից դուրս է, որ որքան էլ բազմաթիվ կարող են լինել [աղոթքի կանգնելու] մարմնի կեցվածքները, բոլորից առավել նախընտրելի է այն մեկը, որ կայանում է ձեռքերը դեպի վեր բարձրացնելու և աչքերը դեպի վեր սևեռելու մեջ. քանի որ այդպես մարմինը աղոթքի մեջ արտահայտում է պատկերն այն որակների, որոնք պատշաճ են հոգուն աղոթքի ժամանակ։ Ասում ենք, որ հարկավոր է այդպես վարվել, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշ հանգամանքներ թույլ չեն տալիս։

Հիրավի, որոշ հանգամանքների դեպքում արտոնված է երբեմն աղոթել պատշաճ կերպով նստած [...], կամ անկողնում պառկած [...]։ Պատշաճ է իմանալ, որ երբ մեկն իրեն մեղադրում է Աստծո առաջ սեփական մեղքերի համար՝ աղերսելով, որ ների իրեն, անհրաժեշտ է նաև ծնրադրումը։ Դա գտնվում է Պողոս Առաքյալի մոտ, որ խոնարհվում էր ու ենթարկվում, ասելով. «Ուստի ես ծնկի եմ իջնում Հոր առաջ, որից է բխում որևէ հայրություն երկնքում և երկրի վրա» (Եփս 3, 14-15)։ Հոգևոր ծնրադրումը, որն այդպես է կոչվում, որովհետև բոլոր արարածները ենթարկվում են Աստծուն Հիսուսի անունով և խոնարհվում են Նրա առաջ, ինձ թվում է, որ Պողոս Առաքյալն այն մատնանշում է հետևյալ արտահայտությամբ. «Որպեսզի Հիսուսի անունով ամեն ծունկ ծալվի երկնքում, երկրի վրա և անդունդներում» (Փլպ 2, 10)։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։