« ՈՎ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԻՆՁ, ԿԵՆԴԱՆԻ ՋՐԻ ԳԵՏԵՐ ԿԲԽԵՆ ՆՐԱ ՆԵՐՍՈՒՄ » – Գրադարան – Mashtoz.org

« ՈՎ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԻՆՁ, ԿԵՆԴԱՆԻ ՋՐԻ ԳԵՏԵՐ ԿԲԽԵՆ ՆՐԱ ՆԵՐՍՈՒՄ »

ՈՐՈԳԻՆԵՍ, Քարոզներ Ծննդոցի մասին, XIII, 3-4 (PG 12, 233D-234D; GCS 29, pp. 118-120; SC 7 bis, pp. 324-328).
 
 
[...] Մեր հոգիներից յուրաքանչյուրը պարունակում է կենդանի ջրի մի հոր, կա նրանում [...] Աստծո թաքնված պատկերը: Սա՛ է այն ջրհորը, որը թշնամի ուժերը խցանել են հողով: [...] Բայց այժմ, երբ մեր Իսահակը [= Քրիստոսը] եկել է, ընդունենք նրա հրավերը և փորենք մեր ջրհորները, մաքրենք դրանք հողից և ամեն տեսակ աղբից. [...] այդտեղ կգտնենք կենդանի ջուրը, այն ջուրը, որի մասին ասում է Տերը. «Ով հավատում է ինձ, կենդանի ջրի գետեր կբխեն նրա ներսում» (Հվհ 7, 38):
[...] Որովհետև Աստծո Բանն այստեղ է, և Նրա ներկա գործն այն է, որ մաքրի հողը մեր հոգիներից յուրաքանչյուրից, որպեսզի առատորեն բխի մեր աղբյուրը: Այդ աղբյուրը ձեր մեջ է և այն չի գալիս դրսից, որովհետև «Աստծո արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղկս 17, 21): Կինը, որ «կորցրել էր իր դահեկանը» (Ղկս 15, 8), այն չվերագտավ դրսում, այլ՝ իր տան ներսում. նա «վառել էր ճրագը» և «ավլել էր տունը» [...] և այնտեղ վերագտավ իր դահեկանը:Ինչ վերաբերվում է ձեզ, եթե վառեք ձեր «ճրագը», եթե գործածեք Սուրբ Հոգու լուսավորությունը, եթե «տեսնեք լույսը Նրա լույսի մեջ», կգտնեք դահեկանը ձեր ներսում: Արդարև, ձեր ներսում է երկնային Թագավորի պատկերը: Երբ «Աստված ստեղծեց մարդուն», սկզբում, «նրան Իր պատկերով և նմանությամբ ստեղծեց» (Ծնդ 1, 26). և այդ պատկերը չդրոշմեց դրսում, այլ՝ նրա ներսում: Ձեր մեջ այդ պատկերն անհնարին էր տեսնել, քանի դեռ ձեր տունը կեղտոտ էր, աղբով ու պատերից թափված ծեփի կտորներով լի: [...] Բայց Աստծո Բանի կողմից ազատվելով հողի այդ մեծաքանակ զանգվածից, որը ձեզ ճնշում էր, արդ մեծապայծառ փայլեցրեք ձեզնում «երկնային մարդու պատկերը»: [...] Այդ պատկերի հեղինակը Աստծո Որդին է: Այնպիսի՜ մեծարժեք հեղինակ է, որ Իր պատկերը կարող է անփութության պատճառով մթագնել, այո՛, բայց չի կարող չարի կողմից ջնջվել: Աստծո պատկերը միշտ մնում է ձեզնում: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։