« ՏԵՍԱ ՀՈԳԻՆ, ՈՐ ԱՂԱՎՆՈՒ ՆՄԱՆ ԻՋՆՈՒՄ ԷՐ ԵՐԿՆՔԻՑ ԵՎ ՀԱՆԳՉՈՒՄ ՆՐԱ ՎՐԱ » – Գրադարան – Mashtoz.org

« ՏԵՍԱ ՀՈԳԻՆ, ՈՐ ԱՂԱՎՆՈՒ ՆՄԱՆ ԻՋՆՈՒՄ ԷՐ ԵՐԿՆՔԻՑ ԵՎ ՀԱՆԳՉՈՒՄ ՆՐԱ ՎՐԱ »

Որոգինես Ադամանցիուս Ալեքսանդրացի (185-253), Քարոզներ Եսայու մարգարեությունների մասին, 3,1-2.
 
 
[...] Հիսուսը «բողբոջեց Հեսսեի արմատից» ըստ մարմնի, «ծնվեց Դավթի սերնդից՝ ըստ մարմնի», և նաև «Աստծո Որդի կարգվեց զորությամբ՝ ըստ սրբագործման Հոգու» (Ես 11, 1; Հռմ 1, 3֊4)։ Այո՛, «Հեսսեի արմատից ծլած բողբոջն» է, և սակայն, բողբոջ չէ, Նա, որ «ծնվել է բոլոր արարածներից առաջ» (Կղս 1, 15). բողբոջ չէ, Նա՝ Աստված «Բանը(1), որ սկզբում Աստծո մոտ էր» (Հվհ 1, 1), և սակայն, Նա, որ ծնվել է ըստ մարմնի, իսկապես «Հեսսեի արմատից ծլած բողբոջ է, նրա արմատից փթթած ծաղիկ»։ [...]
«Նրա վրա պիտի հանգչի Տիրոջ Հոգին. հոգի իմաստության ու խելամտության» (Ես 11, 2)։ Իմաստության հոգին չհանգչեց Մովսեսի վրա. իմաստության հոգին չհանգչեց Հեսուի վրա, իմաստության հոգին չհանգչեց մարգարեներից որևէ մեկի վրա, ո՛չ Եսայիի վրա, ո՛չ Երեմիայի վրա, [...] ։ Իջավ Մովսեսի վրա, բայց իմաստության հոգու այդ այցելությունից հետո Մովսեսը թերացավ հավատքի մեջ. «Լսե՛ք, ո՜վ ապստամբներ. մի՞թե մենք պիտի ջուր բխեցնենք այս ժայռից» (Թց 20, 10)։ Իջավ բոլոր արդարների վրա։ Իջավ Եսայիի վրա, բայց ի՞նչ է նա ասում. «Անմաքուր շուրթեր ունեցող մարդ եմ ես և անմաքուր շուրթեր ունեցող ժողովրդի մեջ եմ ես բնակվում» (Ես 6, 5)։ [...] Հոգին կարող է իջնել որևիցէ մի մարդու վրա, բայց չի կարող մնալ այնտեղ, քանի որ ամեն մարդ մեղանչում է և չկա մի արդար երկրի վրա, որ բարին գործի առանց երբևէ ընկնելու։ «Ոչ ոք զերծ չէ անմաքրությունից» (Հոբ 14, 4)։ [...] Թեև Հոգին շատերի վրա է իջել, չի մնացել նրանցից ոչ մեկի վրա։ Նախապես Աստվածաշնչում գտնվում է. «Իմ հոգին, – ասում է Տերը, – միշտ չի մնալու մարդու մեջ» (Ծնդ 6, 3)։ [...]
Հովհաննես Մկրտիչը տեսավ մի մարդ, միայն մեկին, որի վրա Հոգին կանգ առավ, և դա այն նշանն էր, որ Աստված տվել էր նրան. «Նա, որի վրա կտեսնես, որ Հոգին իջնում է և մնում, Նա՛ է, Աստծո Որդին» (Հվհ 1, 33)։

(1) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։