
« ԱՄԵՆ ՕՐ ԱՎԵԼԱՑՆԵԼ ԵՌԱՆԴԸ` ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՍՊԱՍՄԱՆ ՄԵՋ »
- 01
- 02
- 03
- 04
Սբ. Աթանաս Ալեքսանդրացի (295-373). « Վարք Սուրբ Անտոն Անապատականի », 16-20.
[...] Մի օր բոլոր վանականները հավաքվել էին Անտոնի շուրջը` լսելու նրա խոսքը։ Ասաց նրանց մարգարեի վստահությամբ.
«Սուրբ Գրվածքները բավական են մեզ կրթելու համար. այդուհանդերձ, լավ բան է փոխադարձաբար միմյանց քաջալերելը հավատքի մեջ և զրույցներով միմյանց օգնելը։ Ուստի, որդիաբար, [ձեր հոգևոր] հորը ներկայացրեք ձեր մտքերը, իսկ ես` ձեր վերակացուն, ձեզ ավանդում եմ այն, ինչ ձեռք եմ բերել փորձառությամբ։
Առաջին հերթին բոլորով միասին ջանք գործադրենք, որպեսզի չթուլանանք` լավ սկսելուց հետո, և չվհատվենք դժվարությունների դիմաց։ Ինքներս մեզ չասենք. Երկար ժամանակ է արդեն, ինչ չենք գործադրում ճգնությունը, [ուստի անիմաստ է վերսկսելը]։ Ընդհակառակը, ամեն օր ավելացնենք եռանդը, կարծես ուրիշ բան չունենք անելիք, քան սկսելը։ Քանի որ մարդու ամբողջ կյանքը շատ կարճ է, եթե համեմատենք գալիք դարերի հետ, և ամբողջ ներկա ժամանակը ոչինչ է` հավիտենական կյանքի համեմատ։ Այս աշխարհի բոլոր բաները վաճառվում են իրենց գնով, կամ փոխանակվում են նույն գինն ունեցող ուրիշ բաների հետ. բայց հավիտենական կյանքի խոստումը ձեռք է բերվում էժան գնով(1)։
Երկրի վրա պայքարելուց հետո ստանալու ենք ո՛չ թե մի երկրային ժառանգություն, այլ` մի երկնային ժառանգություն. և երբ կթողնենք այս ապականացու մարմինը, այն ետ կվերցնենք անապական [վիճակում]։
Դրա համար, ուրեմն, թանկագին որդյակներ, չվհատվենք, երկար չհամարենք ժամանակը, չկարծենք, թե շատ բան ենք անում. քանի որ «ներկա ժամանակվա տառապանքները համեմատելի չեն գալիք փառքին, որը հայտնվելու է մեր մեջ» (Հռմ 8, 18)։ Ահա՛ թե ինչո՛ւ, որդյակներ իմ, պետք է հաստատուն մնանք ճգնության մեջ, փախչենք ծուլությունից։ Տերն, արդարև, գործակցում է մեզ, ուստի գրված է. «Ամեն ինչ նպաստում է բարիքին` նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն, նրանց համար, ովքեր կանչվել են Նրա ծրագրի համաձայն» (Հռմ 8, 28)։ [...]
(1) Էժան՝ համեմատական կերպով։ Նույնիսկ եթե ամբողջ կյանքը տրվի, հավիտենական անվախճան կյանքի փառքի համեմատ՝ խիստ քիչ է, ''էժան'', ինչպես ասում է քիչ հետո։