« ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ ՄԵԶ ՏՐՎՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՍԻ ՄԻՋՈՑՈՎ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ ՄԵԶ ՏՐՎՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՍԻ ՄԻՋՈՑՈՎ »

Սբ. Աթանաս Ալեքսանդրացի (295-373). « Բանի մարդեղության մասին », 10, 14 (PG 25, 111-114.119).

 

[...] Ինչո՞ւ պետք է Աստծո Բանը(1) մարմնանար, և ո՛չ թե մեկ ուրիշը։ Սուրբ Գիրքը մեզ դա բացատրում է այս խոսքերով. «Պատշաճ էր, իրոք, որ Աստված – Ում շնորհիվ և Ում միջոցով գոյություն ունի ամեն ինչ. Նա, Ով բազում որդիների հասցնում է փառքին – չարչարանքների միջոցով կատարյալ դարձներ Գլխին, Ով առաջնորդում է դեպի փրկություն» (հմմտ. Եբր 2, 10)։ Սա նշանակում է, որ մարդկության հարությունը այն կործանումից, որի մեջ այն ընկել էր, ոչ մեկ ուրիշի վերապահված չէր, քան Աստծո Բանին, Ով այն ստեղծել էր սկզբում։

Իր մարմնի զոհաբերությամբ` Նա վերջ դրեց մեզ ճնշող օրենքին և մեր համար նորոգեց կյանքի սկզբունքը, պարգևելով մեզ հարության հույսը։ Արդարև, եթե մարդկանց միջոցով մահը տիրեց մարդկանց, ապա Աստծո Բանի մարդեղությամբ է, որ մահը կործանվեց և կյանքը հարություն առավ, ինչպես ասում է Առաքյալը` Քրիստոսով լեցուն. «Որովհետև, եթե մի մարդու միջոցով եղավ մահը, մի մարդու միջոցով կլինի նաև մեռելների հարությունը։ Ինչպես որ, արդարև, բոլորը մեռնում են Ադամի մեջ, այնպես էլ` բոլորը Քրիստոսի մեջ ստանալու են կյանքը» (1Կր 15, 21-22)։

Մենք այլևս չենք մեռնում որպես մահվան դատապարտվածներ, այլ՝ մեռելներից հարություն առնելու հույսով սպասում ենք տիեզերական հարությանը, որն Աստված ցույց կտա մեզ իր ժամանակին. Նա, Ով դրա Հեղինակն է և Ով մեզ ընծայում է դրա շնորհը։ [...]

(1) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։