
« ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆ, ԱՐԴԱՐԵՎ, ԵԿԵԼ Է ՈՐՈՆԵԼՈՒ ԵՎ ՓՐԿԵԼՈՒ ԱՅՆ, ԻՆՉԸ ՈՐ ԿՈՐԱԾ ԷՐ »
- 01
- 02
- 03
- 04
Սբ. Աթանաս Ալեքսանդրացի (295-373). « Բանի Մարդեղության մասին », 10, 14 (PG 25, 111-114.119).
[...] Աստծո Բանը(*) չլքեց մարդկանց` Իր արարածներին, որոնք կործանման էին գնում։ Մահը, որ միացել էր նրանց, Նա այն ոչնչացրեց Իր մարմնի ընծայմամբ. նրանց անփույթ ծուլությունները Նա սրբագրեց Իր վարդապետությամբ. և վերանորոգեց մարդկային ցեղն Իր զորությամբ։ [...]
Երբ փայտի [տախտակի] վրա նկարվել է ինչ որ մեկի կերպարանքը, [բայց] հետո ջնջվել է արտաքին տարրերի ազդեցությամբ, հարկավոր է, որ ներկա լինի նա, ում կերպարանքը նկարված էր, եթե կամենում ենք վերականգնել պատկերը այդ նույն նյութի վրա։ Եվ փաստը, որ այդ նյութը չի թափվում, դրա պատճառն այն է, որ պատկերը, որ նկարված էր դրա վրա, այն կամենում ենք վերականգնել։
Այսպես նաև Հոր սրբագույն Որդին, Ով Հոր պատկերն է (հմմտ. Կղս 1, 15), եկավ մեր մոտ` վերստին նորոգելու համար մարդուն, որն Իր [պատկերով և] նմանությամբ էր ստեղծվել, [և] նրան վերագտնելու համար, քանի որ կորել էր, ներեց նրա մեղքերը, ինչպես ասում է Սուրբ Գիրքը. «Եկել եմ փնտրելու և փրկելու այն, ինչը որ կորած էր» (Ղկս 19, 10)։
Նաև երբ հրեաներին ասում է. «Եթե մեկը վերստին չի ծնվում» (Հվհ 3, 5), չի ակնարկում կնոջից ծնվելուն, ինչպես կարծում էին հրեաները, այլ` մարդու վերածննդին և վերստին արարչությանը ըստ Իր պատկերի։ [...]
(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։