« ՀՈԳԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ՝ ՓՈԽՎՈՒՄ, ԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ՈՐԴԻՆԵՐ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀՈԳԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ՝ ՓՈԽՎՈՒՄ, ԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ՈՐԴԻՆԵՐ »

ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ, Նամակ Սրապիոնին, I, 19 (PG 26, 573D-576C).
 
 
[...] Քանի որ Հայրը ակունքն է, իսկ Որդին անվանվում է գետ, ասվում է, որ մենք խմում ենք Հոգին: Որովհետև գրված է. «Մենք բոլորս էլ մի և նույն Հոգին խմեցինք» (1Կր 12, 13): Բայց Հոգին խմելով՝ մենք խմում ենք Քրիստոսին: [...]
Եվ տակավին. մինչ Քրիստոսը ճշմարիտ Որդին է, մենք Հոգին ընդունելով՝ փոխվում, դառնում ենք որդիներ. «Որովհետև դուք չեք ստացել ծառայության հոգի, այլ՝ Հոգին որդեգրության» (Հռմ 8, 15): Բայց Հոգու կողմից փոխակերպվելով որդիների, ակնհայտ է, որ դա կատարվում է Քրիստոսի մեջ: [...] Քանի որ մեզ տրվել է Հոգին, – ինչպես Տերն ասում էր. «Ստացեք Սուրբ Հոգին» (Հվհ 20, 22), – Աստված մեր մեջ է: Ահա՛, արդարև, այն՝ ինչ գրում է Հովհաննեսը. «Եթե մենք սիրում ենք միմյանց, Աստված բնակվում է մեր մեջ: Սրանո՛վ գիտենք, որ մենք բնակվում ենք Իր մեջ և Նա բնակվում է մեր մեջ. որովհետև Նա մեզ պարգևել է Իր Հոգին» (1Հվհ 4, 12-13): Եվ, Աստված լինելով մեր մեջ, մեր մեջ է նաև Որդին, որովհետև Որդին Ինքը ասում է. «Ես և Հայրը կգանք և Նրա մոտ կօթևանենք» (Հվհ 14, 23):
Եվ տակավին. Որդին կյանքն է, – քանի որ ասում է. «Ես եմ կյանքը» (Հվհ 14, 6), – և մենք կենագործվում ենք Հոգու մեջ, համաձայն այն խոսքի. «Նա, որ մեռյալներից հարություն տվեց Հիսուս Քրիստոսին, մեր մահկանացու մարմինը նույնպես կկենագործի Իր Հոգու միջոցով, որը բնակվում է մեր մեջ» (Հռմ 8, 11): Եվ երբ մենք կենագործվում ենք Հոգու մեջ, Քրիստոսն Ինքը բնակվում է մեր մեջ. «Այլևս ես չեմ, որ ապրում եմ, այլ՝ Քրիստոսն է, որ ապրում է իմ մեջ» (Գղտ 2, 20): [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։