« ԱՄԵՆ ՕՐ ԱՍՏԾՈՒՆ ԸՆԾԱՅԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ԵՎ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԳՈՐԾԵՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՄԵՆ ՕՐ ԱՍՏԾՈՒՆ ԸՆԾԱՅԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ԵՎ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԳՈՐԾԵՐԸ »

Սբ. Գրիգոր Նազիանզացի (330-390). Ճառ 45, 23-24. PG 36, 654 C - 655 D.
 
 
[...] Մասնակցելու ենք Զատիկին, ներկայումս տակավին պատկերավոր եղանակով, անշուշտ ավելի հստակ, քան հին Օրենքինը, որը պատկերված իրականության առավել մութ պատկերն էր։ [...]
Մասնակից դառնանք Օրենքին ո՛չ թե սոսկ նյութական, այլ՝ ավետարանական եղանակով, ամբողջական և ո՛չ թե սահմանափակ ու անկատար, տևական և ո՛չ թե վաղանցուկ ու ժամանակավոր եղանակով։ Մեզ՝ որդեգիրներիս ժառանգություն հասնող դրամագլուխը դարձնենք ո՛չ թե երկրային Երուսաղեմը, այլ՝ երկնային քաղաքամայրը, ո՛չ թե այն մեկը, որ ոտնակոխ է արվում զորքերի կողմից, այլ՝ այն մյուսը, որ փառաբանվում է հրեշտակների կողմից։ Զոհ մատուցենք ո՛չ թե հորթեր կամ գառներ՝ պոզավոր ու կճղակավոր, որոնք մտածողություն չունենալով՝ պատկանում են ավելի մահվանը, քան թե կյանքին, այլ՝ Աստծուն մատուցենք գովաբանության մի զոհ երկնային խորանի վրա, հրեշտակային դասերի հետ միասին։ Անցնենք Տաճարի առաջին վարագույրից այն կողմ, մերձենանք երկրորդին և մտնենք «Սրբություն Սրբոց»։ Եվ է՛լ ավելի՝ ամեն օր Աստծուն ընծայենք ինքներս մեզ և մեր բոլոր գործերը։ Անենք՝ ինչպես խոսքերն իսկ հուշում են։ Մեր տառապանքներով նմանվենք Քրիստոսի տառապանքներին, այսինքն՝ Իր չարչարանքներին։ Մենք նույնպես արիասիրտ բարձրանանք Իր խաչը։ Արդարև, անուշ են նրա գամերը, դժնդակ լինելով հանդերձ։ Պատրաստ լինենք տառապանք կրելու Քրիստոսի հետ և Քրիստոսի համար, ավելի՝ քան աշխարհային զվարթ ընկերությունները ցանկանալը։
Եթե Սիմոն Կյուրենացի ես, վերցրու խաչը և հետևիր Քրիստոսին։ Եթե խաչին գամված ավազակն ես, վարվիր բարի ավազակի նման և ազնվորեն ճանաչիր քո Աստծուն։ [...] Եթե Հովսեփ Արիմաթեացի ես, խնդրիր մարմինը նրանից, ով այն խաչել է, այսինքն՝ ստանձնիր այդ մարմինը և, այդպիսով, քոնը դարձրու աշխարհի քավությունը։ Եթե Նիկոդեմոս ես, Աստծո գիշերային պաշտող, թաղիր Նրա մարմինը և օծիր ծիսական օծանելիքներով։ Եվ եթե Մարիամներից մեկն ես, առավոտյան հեղիր քո արցունքները։ Գնա՛ առաջինը տեսնելու մի կողմ թավալված քարը, գնա՛ ընդառաջ հրեշտակներին, մանավանդ թե՝ նույն Ինքն Հիսուսին։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։