« ԱՄԵՆԱՄԵԾ ԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԵԼ Է, ՈՐՊԵՍԶԻ ԵՍ ԴԱՌՆԱՄ ԱՍՏՎԱԾ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՄԵՆԱՄԵԾ ԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԵԼ Է, ՈՐՊԵՍԶԻ ԵՍ ԴԱՌՆԱՄ ԱՍՏՎԱԾ »

ԳՐԻԳՈՐ ՆԱԶԻԱՆԶԱՑԻ, Աստվածաբանական Գ. ճառ., Ճառ ԻԹ., Որդու մասին, 19-20 (PG 36, 100A-101C; SC 250, pp. 216-222).
 
 
[...] Նա մարդացավ, և մարդը դարձավ Աստված, քանի որ միացել է Աստծուն և Նրա հետ կազմում է միայն մեկ ամբողջություն: Ամենամեծ լիությունն, արդարև, հաղթանակել է, որպեսզի ես դառնամ Աստված, այնպես՝ ինչպես Աստված դարձել է մարդ: [...] Երկրի վրա անհայր է, իսկ երկնքում՝ անմայր. այս երկու բաները բնորոշ են աստվածությանը: [...] Խանձարուրով պատվեց, բայց գերեզմանից դուրս գալով վայր դրեց վարշամակը: [...] «Ո՛չ գեղեցկություն ուներ, ո՛չ էլ վայելչություն» (Ես 53, 2), [...] բայց լեռան վրա փայլեց և արևից ավելի լուսաշող դարձավ. – ինչը որ նախաճաշակն էր Իր ապագա փառքի:
Իբրև մարդ մկրտվեց, բայց իբրև Աստված ջնջեց մեր մեղքերը. մաքրագործման կարիք չուներ, այլ՝ կամենում էր սրբացնել ջրերը: Իբրև մարդ փորձության ենթարկվեց, բայց իբրև Աստված հաղթեց, և մեզ հորդորում է վստահասիրտ լինել, որովհետև Ինքը «հաղթել է աշխարհին» (Հվհ 16, 33): Քաղց զգաց, բայց կերակրեց հազարավոր անձանց, և Ինքն է «կենդանի հացը, երկնային հացը» (Հվհ 6, 41): Ծարավեց, բայց հայտարարեց. «Եթե մեկը ծարավի է, թող իմ մոտ գա և խմի» (Հվհ 7, 37): Իմացավ, թե ի՛նչ է հոգնությունը, բայց Ինքն է հանգիստը «նրանց, ովքեր ուժասպառ են և չափազանց բեռնավորված» (Մտթ 11, 28): [...]
Աղոթում է, բայց ընդունում է աղոթքները: Արտասվում է, բայց չորացնում է արցունքները: Հարցնում է, թե ուր են դրել Ղազարոսին, որովհետև մարդ է. բայց նրան հարություն է տալիս, որովհետև Աստված է: Ծախվում է, այն էլ ցածր գնով՝ երեսուն արծաթադրամ, բայց փրկագնում է աշխարհը, այն էլ թանկ գնով՝ Իր սեփական արյամբ: [...] Ուժասպառ եղավ և վերքերով պատվեց, բայց բուժեց ամեն հիվանդություն ու տկարություն: Փայտի վրա բարձրացվեց և նրա վրա գամվեց, բայց կյանքի ծառով մեզ կրկին ոտքի է կանգնեցնում: [...] Մահացավ, բայց ապրեցնում է, և Իր իսկ մահով խորտակեց մահը: Թաղվեց, բայց հարություն առավ: Իջավ դժոխք, բայց այնտեղից դուրս բերեց հոգիներին: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։