« ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆ ՄԱՐՄՆՈՎ ԶԳԵՍՏԱՎՈՐՎԵՑ՝ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐՄԻՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆ ՄԱՐՄՆՈՎ ԶԳԵՍՏԱՎՈՐՎԵՑ՝ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐՄԻՆԸ »

ԳՐԻԳՈՐ ՆԱԶԻԱՆԶԱՑԻ, Ճառ ԽԵ., Զատիկի մասին, 9 (PG 36, 633B-636A).
 
 
[...] Նախապես բազում եղանակներով զգուշացվելով, խրատվելով ու հորդորվելով, [...] խոսքով, Օրենքով, մարգարեներով, բարերարություններով, սպառնալիքներով, պատիժներով, ջրով, կրակով, պատերազմով, հաղթանակով, պարտություններով, երկնքից եկած նշաններով, օդից, հողից, ծովից, մարդկանցից, ազգերից եկած նշաններով ուղղվելով, արմատական չհուսացված կարգափոխումներով, որոնց բոլորի նպատակն էր ջախջախել և խորտակել չարիքը, մարդն ի վերջո կարիքն ունեցավ մի առավել արդյունավետ դեղամիջոցի՝ բժշկվելու համար չարիքներից, որոնք դարմանվելու փոխարեն վատթարանում էին [...] և որոնցից վերջինը, որը նաև առաջինն է, կռապաշտությունն է, որն արարածներին է ընծայում պաշտամունքը, որն ըստ իրավունքի պատկանում է միայն Արարչին:
Այդ պատուհասներին դեմ կանգնելու համար պահանջվում էր մի առավել հզոր օգնություն: Այդ օգնությունը հասավ: Եվ Աստծո Բանն Ինքը՝ անժամանակը, անտեսանելին, անըմբռնելին, անմարմինը, սկզբից ծնված սկիզբը, լույսից ծագած լույսը, կյանքի ու անմահության աղբյուրը, Բնօրինակի հավատարիմ արտահայտությունը, անփոփոխելի կնիքը, ամեն ինչով Հորը նման ներկայությունը, մարդու վախճանն ու պատճառը, Նա գնաց դեպի Իր պատկերը, մարմնով զգեստավորվեց՝ փրկելու համար մարմինը, մտածող իմացականությամբ թաթավվեց՝ ի նպաստ իմ սեփական իմացականության, մաքրագործելով և ուղղելով այն՝ ինչն Իրեն նման է: [...]
Նա մարդկանց մեջ վեհորեն քայլեց Աստծո նման, որպես մեկ միակ և միևնույն էություն, արդյունքը երկու հակադիր սկզբունքների՝ մարմնի և հոգու [միության], մեկն՝ աստվածացած, մյուսը՝ աստվածության շնորհը ստացած: Ինչպիսի՜ արտասովոր մերձեցում, ինչպիսի՜ պարադոքսային միություն: Նա, ով Է, մտնում է [արարված, շարժուն] լինելության մեջ: Անեղը ծնվում է աշխարհի մեջ, անսահմանը [...] կանգնում է աստվածային նրբաթափանցության և մարմնական թանձրության միջև: Հարստությունը ստանձնում է իմ աղքատության դեմքը, [...] որպեսզի ես հարստանամ Իր աստվածությամբ: [...]
Որքա՜ն մեծ է ինձ վերաբերվող այս խորհուրդը: Ես ստացել էի աստվածային պատկերը և չէի կարողացել պահպանել այն: Աստված իմ մարմնով զգեստավորվեց՝ փրկելու համար այդ պատկերը և անմահ դարձնելու համար մարմինը: Նա մեզ ընծայում է մի նոր դաշինք, որը շա՜տ ավելի սքանչելի է, քան առաջինը: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։