« ԱՍՏՎԱԾ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏՎԱԾ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆ Է »

ԳՐԻԳՈՐ ՆԱԶԻԱՆԶԱՑԻ, Ճառ ԽԵ., Զատիկի մասին, 3 (PG 36, 625C-628A).
 
 
[...] Աստված միշտ գոյություն է ունեցել և միշտ գոյություն է ունենալու. կամ, ավելի ճիշտ արտահայտվելու համար, միշտ գոյություն ունի: Արդարև, ասել գոյություն «ունեցել է» և «ունենալու է»՝ նշանակում է արտահայտել տևողության հատվածներն այնպես, ինչպես մենք ենք դրանք ճանաչում, որպես բնության ընթացքը: Մինչդեռ Նա, Աստված, «հավիտենական Գոյություն Ունեցողն» է («ho ôn»), և սա՛ է անունը, որ տալիս է Ինքն Իրեն, երբ լեռան վրա Մովսեսին հայտնում է ապագան:
Նա, արդարև, Իր մեջ պարունակում է ամբողջ գոյությունը. Նա, որ չի ունեցել սկիզբ և չի ունենալու վախճան, այն, ինչը ես կանվանեի անսահման ու անվախճան գոյության օվկիանոս, որ գտնվում է տևողության և բնության գաղափարներից անդին. գաղափարներ, որոնք կարող է հղանալ մեր միտքը: Մտքով անհնարին է պատկերացնել Նրան, այլ միայն՝ մթին կերպով, [...] ո՛չ թե Իր բնության ճանաչողությամբ, այլ՝ մեր հայացքն ուղղելով այն իրողություններին, որոնք շրջապատում են Նրան:
Վերամիավորելով և ըմբռնելով պատկերները, որոնցով թաթախված է մեր միտքը, կարող ենք հասնել ձևավորելու Ճշմարտության գրեթե մի նմանողություն [...] . Նա լուսավորում է մեր էության բարձրագույն մասը, – միայն թե սա մաքրագործված լինի, – այնքան՝ որքան որ կայծակն իր ակնթարթությամբ հարվածում է մեր տեսողությանը, և դա, իմ կարծիքով, որովհետև Նա մեզ ձգում է դեպի Ինքը այն չափով, որքանով որ ճանաչում ենք Իրեն [...] և որ, այն չափով, որքանով որ Իրեն հասկանում ենք, Նա գրգռում է մեր հետաքրքրությունը. սա մեր հոգում կծնի Նրան ավելի անդին ճանաչելու ցանկությունը. այս ցանկությունը կմերկացնի մեզ. այս մերկացումը մեզ նման կդարձնի Աստծուն:
Երբ կհասնենք այս վիճակին, Աստված մեր հետ կզրուցի ընկերների նման, և, եթե արտոնված է ինձ այսպես արտահայտվել, Աստված միացած աստվածների և հայտնվելով նրանց, կճանաչվի այնքան՝ որքան Ինքն է ճանաչում նրանց, ովքեր Իրեն ճանաչում են: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։