« ԻԲՐԵՎ ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՂԵՔ ԱՂՔԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՆՄԱՆՎԵԼՈՎ ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅԱՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԻԲՐԵՎ ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՂԵՔ ԱՂՔԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՆՄԱՆՎԵԼՈՎ ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅԱՆԸ »

ԳՐԻԳՈՐ ՆԱԶԻԱՆԶԱՑԻ (329-390), Ճառ ԺԴ., Աղքատների հանդեպ սիրո մասին, 24-27.40 (PG 35, 889A.889C-893A.909B).
 
 
Եղբայրներ, թող որ չարասիրտ կերպով չտնօրինենք բարիքները, որոնք վստահվել են մեզ, եթե չենք ուզում լսել Պետրոս Առաքյալի խիստ հանդիմանությունը. «Ամաչեցե՛ք, դուք, որ ձեզ եք պահում ուրիշների բարիքները: Նմանվեցե՛ք Աստծո անկողմնակալությանը և այլևս աղքատներ չեն լինի» (Առաքելական Սահմանադրություն): Իրար չսպանենք՝ փող կուտակելու համար, երբ մեր եղբայրները մեռնում են սովից: [...] Հետևենք Աստծո սկզբնական օրենքին, որն Իր անձրևը տեղացնում է արդարների ու չարերի վրա և արևը ծագեցնում է բոլոր մարդկանց վրա անխտիր: Երկրի վրա ապրող արարածներին Նա տալիս է լայնածավալ տարածքներ, աղբյուրներ, ծաղիկներ ու անտառներ [...]: Եվ Իր պարգևները չպետք է զավթվեն ավելի ուժեղների կամ Պետությունների կողմից: Ամեն բան համընդհանուր է, ամեն բան առատ է: [...] Նա բնական հավասարությունը պատվում է Իր բարիքների հավասար բաշխմամբ: [...]
Մարդիկ իրենց դրամարկղերում կուտակել են ոսկի ու արծաթ, հագուստներ, որոնք այնքան շքեղ են՝ որքան անօգուտ, ադամանդներ ու նմանատիպ ա՛յլ բաներ, որոնք նշաններն են պատերազմների ու բռնատիրության: Խելացնոր գոռոզությունը կարծրացրել է նրանց սրտերը. ոչ մի կաթիլ գութ չունեն կարիքավոր եղբայրների նկատմամբ: Ինչպիսի՜ ամբողջական կուրություն է սա: Չեն մտածում, որ աղքատությունն ու հարստությունը, հասարակական անհավասարություններն ու նման բաները մարդկանց մեջ հայտնվել են ավելի ուշ, վրա հասնելով որպես համաճարակներ, հանդիսանալով մեղքի հորինվածքները: Բայց սկզբում «այսպես չէր» (Մտթ 19, 8): [...] Ուրեմն, հետևեցե՛ք այդ սկզբնական հավասարությանը, մոռացության մատնեցեք բաժանումները, որ վրա են հասել հետո: Գործի մի՛ դրեք առավել ուժեղի օրենքը, այլ՝ օրենքն Արարչի: Ձեր ուժերի ներածի չափով օգնության հասեք [մարդկային] բնությանը, պատվեցեք սկզբնական ազատությունը, պաշտպանեցեք ձեր տեսակն անպատվությունից, դարման արեք նրան իր հիվանդություններում, այն դուրս կորզեցեք աղքատությունից [...]: Ջանացեք ուրիշներից տարբերվել ձեր առատաձեռնությամբ միայն: Իբրև աստվածներ եղեք աղքատների համար, նմանվելով Աստծո ողորմածությանը: Մարդն Աստծո հետ առավել ընդհանուր ոչինչ չունի, քան բարեգործելու կարողությունը: [...]
Դուք, որ Քրիստոսի ծառաներն եք, Նրա եղբայրներն ու քույրերը և Նրա ժառանգակիցները, քանի դեռ չափազանց ուշ չէ, օգնության հասեք Քրիստոսին, կերակրեցեք Քրիստոսին, հագցրեք Քրիստոսին, ընդունեցեք Քրիստոսին, պատվեցեք Քրիստոսին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։