« ՍԿՍԵՑԻՆ ՆՐԱ ՀԵՏ ԹՇՆԱՄԱԲԱՐ ՎԱՐՎԵԼ » – Գրադարան – Mashtoz.org

« ՍԿՍԵՑԻՆ ՆՐԱ ՀԵՏ ԹՇՆԱՄԱԲԱՐ ՎԱՐՎԵԼ »

Սբ. Գրիգոր Նազիանզացի (330-390). « Աստվածաբանական տաղեր », 3.

 

 

[...] Նա, Ում այժմ արհամարհում ես, կար ժամանակ, երբ քեզնից վեր էր. Նա, Ով այժմ մարդ է, հավետենապես կատարյալ էր։ Նա սկզբից իսկ Էր, առանց պատճառի. հետո Ինքն Իրեն ենթարկեց այս աշխարհի սահմանափակ պարագաներին։ [...] Դա արեց՝ փրկելու համար քեզ, որ անարգում ես Իրեն. քեզ, որ արհամարհում ես Աստծուն, որ ստանձնել է քո կոշտ ու կոպիտ բնությունը։ [...]

Խանձարուրի մեջ պատվեց, բայց գերեզմանից հարություն առնելով՝ մի կողմ դրեց Իր պատանքը։ Մի մսուրի մեջ դրվեց, բայց՝ հրեշտակների կողմից փառաբանված, աստղի կողմից ավետված, Մոգերի կողմից երկրպագված։ [...] Հարկադրված եղավ փախչել Եգիպտոս, բայց ազատեց այս երկիրը եգիպտացիների սնահավատություններից։ Իր թշնամիների առաջ չուներ «ո՛չ տեսք, ո՛չ գեղեցկություն» (Ես 53, 2), բայց Դավթի համաձայն՝ «ամենագեղեցիկն էր մարդու որդիների մեջ» (Սղմ 45, 3), և լեռան վրա փայլեց, առավել պայծառ՝ քան արևը (Մտթ 17, 1)։

Որպես մարդ՝ մկրտվեց, բայց որպես Աստված՝ ջնջեց մեր մեղքերը. կարիք չուներ մաքրագործվելու, բայց կամեցավ սրբագործել ջրերը։ Որպես մարդ՝ փորձվեց, բայց որպես Աստված՝ հաղթանակեց, Նա, որ «հաղթեց աշխարհին» (Հվհ 16, 8)։ [...]

Քաղց զգաց, բայց հազարավոր մարդկանց կերակրեց, Նա՝ «կյանքի Հացը, որ իջնում է երկնքից» (Հվհ 6, 48)։ Ծարավեց, բայց բացականչեց. «Ով ծարավի է, թող իմ մոտ գա և խմի» (Հվհ 7, 37)։ [...] Ճանաչեց, թե ի՛նչ է հոգնությունը, բայց Ինքն է հանգիստը բոլոր նրանց, ովքեր «հոգնած են ու ճնշված» (Մտթ 11, 28)։ [...]

Թույլ տվեց, որ Իրեն «սամարացի ու դիվահար» անվանեն (Հվհ 8, 48), բայց Ինքն է փրկում ավազակների ձեռքն ընկած մարդուն (Ղկս 10, 29) և փախուստի է մատնում դևերին։ [...]

Աղոթում է, բայց Ինքն է լսում աղոթքները։ Արտասվում է, բայց Ինքն է դադարեցնում լացերը։ Ծախվում է էժան գնով, բայց Ինքն է փրկագնում աշխարհը թանկ գնով. սեփական Արյամբ։

Ոչխարի նման տարվում է մահվան, բայց Ինքն է հովվում Իսրայելին (Եզկ 34, 14), և այսօր՝ աշխարհն ամբողջ, առաջնորդելով դեպի գերազանց արոտավայրեր։ Գառնուկի նման լռում է, բայց Խոսքն է, ավետված՝ ձայնով նրա, ով աղաղակում է անապատում (Մրկ 1, 3)։

Հիվանդ ու խոցված եղավ, բայց Ինքն է, որ բժշկում է ամեն ցավ ու հիվանդություն (Մտթ 9, 35)։ Վեր բարձրացվեց փայտի վրա և դրա վրա գամվեց, բայց մեզ կազդուրում է կենաց ծառի միջոցով։ [...]

Մահացավ, բայց կենագործում է, և կործանում է մահը։ Թաղվում է, բայց հարություն է առնում և, երկինք բարձրանալով, ազատում է հոգիները դժոխքներից։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։