« ԹՈՂ ՈՐ ՓԱՅԼԻ ՁԵՐ ԼՈՒՅՍԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԹՈՂ ՈՐ ՓԱՅԼԻ ՁԵՐ ԼՈՒՅՍԸ »

Սբ. Գրիգոր Նյուսացի (մոտ 335-395). « Եկեղեցու հիմնումը ».

 

[...] Աշխարհի արարչությանը հավասարազոր է Եկեղեցու հիմնումը. նրա մեջ, մարգարեի արտահայտության համաձայն (հմմտ. Ես 65, 17), ստեղծվել է մի նոր երկինք, որը «Քրիստոսի հանդեպ ձեր հավատքի հաստատությունն է» (Կղս 2, 5), ինչպես ասում է Պողոսը. մի նոր երկիր է հիմնվել՝ «թրջված այն անձրևով, որ հաճախ թափվում է նրա վրա» (Եբր 6, 7). ստեղծվել է մի ա՛յլ մարդ, ի վերուստ ծննդյամբ վերանորոգված՝ իր Արարչի պատկերի համաձայն. աստղերի բնությունն ամբողջովին ա՛յլ է դառնում, նրանց, որոնց մասին ասված է. «Դուք աշխարհի լույսն եք» (Մտթ 5, 14), և. « [...] պետք է աստղերի նման փայլեք աշխարհում» (Փլպ 2, 15), և իբրև բազմաթիվ աստղեր, որ բարձրանում են հավատքի երկնակամարի վրա։

Չի զարմացնում, որ այս նոր աշխարհում լինի աստղերի մի բազմություն՝ Աստծո կողմից հաշվված ու կանչված։ Եվ նման աստղերի Արարիչն ասում է, որ նրանց անունը գրված է երկնքում. – ես այսպես եմ հասկանում այս նոր արարչության Ստեղծիչի խոսքը. «Ձեր անունները գրված են երկնքում» (Ղկս 10, 20)։

Աստղերի բազմությունը, որ Բանը(1) ստեղծել է այդտեղ, այս նոր արարչության միակ առեղծվածը չէ. այնտեղ կա տակավին թիվը ստեղծված արևների, որոնք բնակեցված ողջ աշխարհը լուսավորում են իրենց բարի գործերի ճառագայթներով, ինչպես ասում է այս արևների Հեղինակը. «Թող որ փայլի ձեր լույսը մարդկանց առաջ» (Մտթ 5, 16), և. «Այն ժամանակ արդարները կփայլեն արևի նման» (Մտթ 13, 43)։

Ինչպես մարդը, որ դիտում է զգալի աշխարհը, և որ ճանաչել է աշխարհի իրականությունների բարության մեջ բացահայտված իմաստությունը, դրանից եզրակացնում է – մեկնելով այն բաներից, որ տեսնում է – անտեսանելի գեղեցկությունը և այս իմաստության ակունքը, որից սերում է էակների բնությունը, նմանապես նա, ով իր հայացքն ուղղում է Եկեղեցու ստեղծման նոր աշխարհի վրա, այնտեղ տեսնում է Նրան, Ով Է, և դառնում է ամեն ինչ ամենքի մեջ, և սահմանափակ ու ըմբռնելի իրականությունների ճանապարհով առաջնորդում է ճանաչողությունը մինչև անըմբռնելին։ [...]

 

(1) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։