« Ո՞Վ Է, ՈՒՐԵՄՆ, ՆԱ, ՈՐ ՀՈՂՄՆ ՈՒ ԾՈՎՆ ԷԼ ԵՆ ՆՐԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ » – Գրադարան – Mashtoz.org

« Ո՞Վ Է, ՈՒՐԵՄՆ, ՆԱ, ՈՐ ՀՈՂՄՆ ՈՒ ԾՈՎՆ ԷԼ ԵՆ ՆՐԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ »

Սբ. Գրիգոր Նյուսացի (մոտ 335-395). Քարոզ « Ձմեռն, ահա՛, անցել է » խոսքի մասին.
 
 
[...] «Ձմեռն, ահա՛, անցել է», ասում է [Փեսան], «անձրևը դադարել, հեռացել է» (Երգ 2, 11)։ Չարիքը տարբեր անուններ ունի՝ ըստ իր արդյունքների տարբերության։ Ձմեռ, անձրև ու տեղատարափ է, և այս անուններից յուրաքանչյուրը խորհրդանշում է մի տարբեր փորձություն։ Կոչվում է ձմեռ՝ խորհրդանշելու համար չարի տեսակների մի բազմություն։ [...] Իսկ փոթորիկնե՞րը, որ ձմռանը տեղի են ունենում ծովի վրա։ Վիհերից ուռչելով՝ ծովը փքվում է, և ժայռերի ու լեռների նմանությամբ վեր է բարձրացնում իր ալիքները ջրի մակերևույթի վրա։ Հարձակվում է ցամաքի վրա՝ թշնամու նման, գրոհի է նետվում ափերի դեմ և դրանք դղրդացնում է իր ալիքների իրարահաջորդ հարվածներով՝ պատերազմական գործիքների բազմաթիվ զարկերի նմանությամբ։
Բայց ձմռան այս չարիքները և մյուս բոլորը, որ կարող էինք ավելացնել, մեկնաբանենք՝ փոխադրելով դրանք իրենց այլաբանական նշանակության մեջ։ [...] Ի՞նչ է այս ծովն իր մռնչացող կոհակներով։ Ի՞նչ է այս անձրևը և ի՞նչ են այդ տեղատարափ տեղումները։ Եվ ինչպե՞ս կարող է անձրևը ինքնուրույն դադարել։ Բոլոր այս ձմեռային հանելուկների խորը նշանակությունը առնչություն ունի մարդկային ինչ որ մի բանի հետ և մեր կամքի ազատության հետ։ [...] Մարդկային բնությունը սկզբում ծաղկեց, [...] բայց անհնազանդության ձմեռը չորացրեց արմատը, ծաղիկը թափվեց և քայքայվեց հողի մեջ. մարդը մերկացվեց անմահական գեղեցկությունից և առաքինությունների բույսը թոռոմեց, Աստծո սերը սառչեց, մինչ ամբարշտությունն աճեց. անթիվ կրքեր գլուխ բարձրացրեցին մեր մեջ՝ թշնամական հողմերի փչմամբ, և քշեցին տարան կործանված հոգիներին։
Բայց երբ գալիս է Նա, Ով գարունն է բերում մեր հոգիների մեջ, Նա, Ով, երբ մի չար հողմ վերարթնացնում է ծովը, սպառնում է հողմին և ասում է ծովին. «Լռի՛ր, հանդարտվի՛ր» (Մրկ 4, 39), ամեն բան իսկույն վերադառնում է անդորրի ու հանդարտության մեջ, և մեր բնությունը սկսում է վերստին կանաչել և զարդարվել իր իսկ ծաղիկներով։ Մեր կյանքի ծաղիկներն առաքինություններն են, որ այժմ փթթում և իրենց պտուղը հասունացնում են «իրենց ժամանակին» (Սղմ 1, 3)։ Ահա՛ թե ինչու է Խոսքն ասում. «Ահա՛, ձմեռն անցել է»։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։