« ՊՏՂԱԲԵՐԵԼ ՆՐԱ ՄԵՋ, ՈՎ ՊՏՂԱԲԵՐԵՑ, ԵՐԲ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ՀԱՍԱՆ ԻՐԵՆՑ ԼՐՄԱՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՊՏՂԱԲԵՐԵԼ ՆՐԱ ՄԵՋ, ՈՎ ՊՏՂԱԲԵՐԵՑ, ԵՐԲ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ՀԱՍԱՆ ԻՐԵՆՑ ԼՐՄԱՆԸ »

Սբ. Գրիգոր Նյուսացի (մոտ 335-395). « Քարոզներ Երգ Երգոցի մասին », 3.

 

[...] «Իմ սիրելին կիպրոսի(*) ողկույզ է իմ համար, Էնգադդիի այգիներում» (Երգ 1, 14)։ [...] Այս աստվածային ողկույզը ծաղիկներով է պատվում Չարչարանքներից առաջ և իր գինին հեղում է Չարչարանքների մեջ։ [...] Որթատունկի վրա, ողկույզը միշտ նույն կերպարանքը չունի, ժամանակի ընթացքում փոխվում է. ծաղկում է, աճում, ուռճանում, ապա, երբ կատարյալ կերպով հասուն է, փոխակերպվում է գինու։ Որթատունկը, հետևաբար, իր պտուղով խոստանում է. տակավին հասուն չէ, և պատրաստ չէ տալու գինին, այլ՝ սպասում է ժամանակի լիությանը։

Այդուհանդերձ, սակայն, ամբողջովին անկարող չէ ուրախություն պարգևելու մեզ։ Արդարև, համից առաջ հմայում է հոտառությունը, ապագա պտուղների սպասման մեջ, և հոգու զգայարաններն առինքնում է հույսի բուրմունքով։ Հուսացված շնորհի բացարձակ վստահությունն, արդարև, արդեն իսկ վայելք է նրանց համար, ովքեր հարատևությամբ սպասում են։ Նույնն է կիպրոսի խաղողի դեպքում, որը գինին խոստանում է գինի դառնալուց առաջ. իր ծաղիկով – իր ծաղիկը հույսն է – մեզ տալիս է ապագա շնորհի ապահովությունը։ [...]

Ում կամքը ներդաշնակության մեջ է Տիրոջ կամքի հետ, – որովհետև դրա շուրջն է «մտորում օր ու գիշեր», – դառնում է «ջրի հոսքի եզրին տնկված ծառ, որն իր պտուղը կտա իր ժամանակին և իր տերևները երբեք չեն թափվի» (Սղմ 1, 1֊3)։ Սրա համար Փեսայի խաղողի այգին, որ արմատներ է գցել Գադդիի արգավանդ հողում, այսինքն՝ հոգու խորքում, աստվածային ուսուցումներով ոռոգվելով ու պարարտացվելով՝ արտադրում է ծաղկած ու փթթած այս ողկույզը, որի մեջ ինքը կարող է հիացմունքով տեսնել իր այգեպանին ու մշակին։ Երանելի է այս մշակված հողը, որի ծաղիկը վերարտադրում է Փեսայի գեղեցկությունը։ Քանի որ Նա ճշմարիտ լույսն է, ճշմարիտ կյանքն ու ճշմարիտ արդարությունը, [...] և տակավին ուրիշ բազմաթիվ առաքինություններ, եթե ինչ որ մեկն, իր գործերով, դառնում է Փեսայի նման, երբ նայում է իր խղճի ու գիտակցության ողկույզին, նրա մեջ տեսնում է Ինքնին Փեսային։ Այն, արդարև, արտացոլում է ճշմարտության լույսը՝ լուսավոր ու անբիծ կյանքի մեջ։ Սրա համար է, որ խաղողի արգասաբեր այգին ասում է. «Բողբոջում է որթատունկը, փթթում են ծաղիկները» (հմմտ. Երգ 7, 13)։ Անձամբ Փեսան է այս ճշմարիտ ողկույզը, որ տեսնում ենք փայտից կախված, որի արյունը դառնում է փրկության ըմպելի նրանց համար, ովքեր ցնծում են փրկության մեջ։ [...]

(*) Խոսքը վերաբերվում է Կիպրոս կղզում աճող խաղողի բնիկ, մեծարժեք ցեղատեսակին։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։