« ՓԱՌՔԸ, ՈՐ ԴՈՒ ՏՎԵՑԻՐ ԻՆՁ, ԵՍ ՓՈԽԱՆՑԵՑԻ ՆՐԱՆՑ » – Գրադարան – Mashtoz.org

« ՓԱՌՔԸ, ՈՐ ԴՈՒ ՏՎԵՑԻՐ ԻՆՁ, ԵՍ ՓՈԽԱՆՑԵՑԻ ՆՐԱՆՑ »

ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Քարոզներ Երգ Երգոցի մասին, 15 (PG 44, 1116C-1117A).
 
 
[...] Երբ կատարյալ սերը կբացառի երկյուղը, կամ երբ երկյուղը կփոխակերպվի սիրո, այդ ժամանակ այն ամենը, ինչը որ փրկված է, կլինի միության մեջ, միասին աճելով միակ Լիության հետ, և բոլորը, մեկը մյուսի մեջ, կլինեն մեկ, կատարյալ Աղավնու մեջ: [...]
Այդպիսով, Սուրբ Հոգու միությամբ իբրև խաղաղության զոդով կապված, բոլորը կլինեն մեկ միակ մարմին և մեկ միակ հոգի: [...]
Բայց ավելի լավ կլինի տառացիորեն մեջբերել Ավետարանի իսկ խոսքերը. «Թող որ բոլորը մեկ լինեն, ինչպես դու, Հայր, իմ մեջ ես, իսկ ես՝ քո մեջ, թող որ նրանք էլ մեկ լինեն մեր մեջ» (Հվհ 17, 21): Արդ, սույն միության զոդը փառքն է: Որ այդ փառքը Սուրբ Հոգին է, դրան կհամաձայնվի յուրաքանչյուր ոք, ով սերտ ընտանություն ունի Աստվածաշնչի հետ, եթե ուշադիր է Տիրոջ խոսքին. «Փառքը, որ դու տվեցիր ինձ, ես փոխանցեցի նրանց» (Հվհ 17, 22): Արդարև, Նա իսկապես տվեց նրանց այդ փառքը, երբ ասաց. «Առեք Սուրբ Հոգին» (Հվհ 20, 22): [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։