« ԱՀԱ՛ ԿՐԿԻՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ԵՄ ՏԱՌԱՊԵԼՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՀԱ՛ ԿՐԿԻՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ԵՄ ՏԱՌԱՊԵԼՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ »

ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ, Նամակ Ը., Դեմոֆիլոսին, 6 (PG 3, 1097B-1100D).
 
 
[...] Մի օր գտնվում էի Կրետեում: Սուրբ այր Կարպոսն ինձ իր տանը հյուրընկալեց: Եթե կա մի մարդ, որն իր մաքրագործված մտքի շնորհիվ տրամադիր է հայեցողությանը, դա Կարպոսն է: [...] Եվ սակայն, նա պատմեց ինձ, որ մի օր իր համբերությունը կորցրել է մի մարդու անհավատության պատճառով: Իր տրտմության պատճառն այն է եղել, որ այդ անհավատը առ Աստված հավատքից հեռացրել է իր Եկեղեցու անդամներից մեկին, մինչ նա տակավին տոնում էր իր մկրտությունը: Կարպոսն, ըստ իր բարության, պետք է որ աղոթեր նրանց երկուսի համար, [...] և պետք է որ փորձեր անխոնջ կերպով հորդորել նրանց, [...] մինչև որ նրանց առարկությունները լուծում կստանային: [...] Նա, մինչդեռ, առաջին անգամ իր ողջ կյանքի ընթացքում, իրեն մեծապես դառնացած ու զայրացած էր զգում: Հոգու այդպիսի վիճակում պառկեց և քուն մտավ: Գիշերվա կեսին, այն ժամին, երբ սովոր էր ինքնուրույն կերպով արթնանալու և Աստծո գովքը երգելու, ոտքի կանգնեց, շարունակելով բռնված մնալ մի ոչ-հոգևոր տհաճության ճիրաններում և մտածելով, որ արդարացի չէր որոշ անաստվածների թողնելը, որ ապրեն: [...] Եվ աղերսեց Աստծուն արձակել Իր անողոք կայծակները և մեկ հարվածով վերջ դնել երկու անհավատների կյանքին: Այդ վայրկյանին, – շարունակեց պատմել նա, – տունը, ուր գտնվում էր, թվաց՝ թե ցնցվեց բոլոր ուղղություններով, ապա երկուսի կիսվեց, տանիքից սկսած: Ուժգին կրակի մի հեղեղ երևաց, որն իջավ մինչև իր մոտ, երկինքը պատռվեց, Հիսուսը երևաց հրեշտակների բազմությամբ շրջապատված: [...]
Կարպոսը վեր բարձրացրեց աչքերը և ապշած մնաց այդ տեսիլքի դիմաց: Դեպի ներքև նայելով, – պատմում էր, – տեսավ, թե ինչպես էր երկիրը բացվում և ձևավորվում էր երախը բաց ու խավարածածկ մի անդունդ, իսկ անդունդի եզրին, իր դիմացը, իր կողմից անիծված այդ երկու մարդիկ, որոնք սարսափահար դողում էին և կամաց կամաց կորցնում էին հողը իրենց ոտքերի տակ: Ապա տեսավ, թե ինչպես էին անդունդի խորքից վեր սողում որոշ թվով օձեր, որոնք փաթաթվում էին նրանց ոտքերին, [...] ամեն բան անելով, որ նրանք ընկնեն անդունդի մեջ: [...] Նրանք արդեն մոտ էին պարտվելու, մասամբ ընդդեմ իրենց կամքի և մասամբ հոժարակամ, Չարի կողմից հարկադրված և միաժամանակ դյութված: Կարպոսը լցվեց ուրախությամբ, – ասում էր, – դիտելով ներքևում տեղի ունեցող տեսարանը: Մոռացության մատնելով տեսարանը, որ վերևում էր, համբերությունն արդեն կորցնում էր և զայրանում, որ այդ երկուսը դեռ չէին ընկել անդունդը: Մի քանի անգամ իր ջանքերը միացրեց օձերի ջանքերին: [...]
Ի վերջո, աչքերը վեր բարձրացնելով, երկնքում կրկին տեսավ քիչ առաջվա տեսիլքը: Բայց այս անգամ Հիսուսը, կարեկցանքից մղված, իջավ մինչև այդ անհավատները և Իր ձեռքը պարզեց նրանց, օգնելու և փրկելու համար: [...] Հայնժամ ասաց Կարպոսին. «Ձեռքովդ, որն արդեն բարձրացրել էիր, այժմ պետք է ինձ ապտակես, որովհետև ահա՛ կրկին պատրաստակամ եմ տառապելու մարդկանց փրկության համար: [...] Ինչպես նաև քննիր, թե ո՞րն է ավելի իրավացի քո համար. օձերի հետ անդունդի մեջ մնա՞լդ, Աստծո հետ ապրելու փոխարեն [...]»:
Սա Կարպոսի պատմածն է, և ես հավատում եմ նրան: [...]
 
***
 
ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ, Նամակ Ը., Դեմոֆիլոսին, 4-5 (PG 3, 1096B-C).
 
 
[...] Նրանց համար, ովքեր ամբարիշտ գտնվեցին Իր նկատմամբ, Հիսուսն Իր չարչարանքների ժամանակ ներում հայցեց Հորից, և սաստեց Իր աշակերտներին, որոնք կարծում էին, թե լավ կանեին, եթե անգթորեն պատժեին Իր սամարացի հալածիչների կեղծավորությունը (Ղկս 9, 53-54): Արդ, այն՝ ինչը դու համարձակությունն ունես հարյուր հազար անգամ կրկնելու նամակումդ, այն է, որ նպատակդ անձնական վրեժխնդրությունը չի եղել, այլ՝ հԱնուն Աստծո կատարված վրիժառությունը: Ասա՛ ինձ, մի՞թե իսկապես կարծում ես, թե չարիքով հնարավոր է վրիժառու լինել հԱնուն Նրա, ով Ինքնին Բարին է:
«Մենք այնպիսի Քահանայապետ չունենք, որն անկարող է կարեկցելու մեր տկարություններին» (Եբր 4, 15), ընդհակառակն՝ Նրա մեջ չարություն չկա և Նա բարեգութ է մեր հանդեպ: «Չի վիճելու և չի բարձրացնելու Իր ձայնը» (Մտթ 12, 19), որովհետև «հեզ է» (Մտթ 11, 29) և «Նա է մեր մեղքերի քավության զոհը» (1Հվհ 2, 2): Ուստի, չենք կարող հանդուրժել զայրույթի պոռթկումները, որոնց մեջ իսկական ջերմեռանդություն չի երևում, նույնիսկ եթե դու հազար անգամ վկայակոչես Փենեեսին (Թց 25, 1-13) և Եղիային (3Թգ 18, 40): Երբ աշակերտներից ոմանք, որ բնավ չէին կիսում հեզության ու բարության հոգին, վկայակոչեցին այդ նախադեպները, Հիսուսը բնավ չհամոզվեց դրանց (Ղկս 9, 54): Այսպես է, որ մեր աստվածային Վարդապետը բարեգթորեն կրթում է նրանց, ովքեր դիմադրում են աստվածային ուսուցումներին, որովհետև անուսներին հարկավոր է կրթել, ո՛չ թե պատժել. կույրին չեն ապտակում, այլ՝ բռնում են նրա ձեռքից ու առաջնորդում: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։