« ԱՍՏՎԱԾ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏՎԱԾ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ Է »

ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ, Աստվածային անունները, IV, 7 (PG 3, 704A-C).
 
 
[Աստված Գեղեցկություն է:] Այս Գեղեցկությունն է առաջացնում որևէ ընկերություն, որևէ հաղորդություն: Այս Գեղեցկությունն է [...] շարժում բոլոր գոյակներին և պահպանում նրանց, նրանց տալով իրենց սեփական գեղեցկության սիրալիր ցանկությունը: Այն հանդիսանում է, հետևաբար, յուրաքանչյուրի համար իր սահմանը և իր սիրո առարկան, քանի որ Ինքն է նրանց վախճանը [...] և նրանց բնօրինակը (ամեն բան, արդարև, սահմանվում է Իր պատկերով): Այսպիսով, անեղծ Գեղեցկությունը ձուլվում է Բարության հետ, որովհետև ինչպիսին էլ որ լինի պատճառը, որ շարժում է գոյակներին, նրանք միշտ ձգտում են Գեղեցիկին և Բարուն, և գոյություն չունի որևիցէ մի բան, որ չմասնակցի Գեղեցիկին և Բարուն: [...] Նրա շնորհիվ բոլոր գոյակները պահպանվում են գոյության մեջ, միմյանց միացած են և միմյանցից զատ են, նույնն են և հակադիր են, միմյանց նման են և միմյանց աննման, հակադիրները հաղորդակցվում են և միավորված տարրերը չեն ենթարկվում շփոթման: [...] Նրա շնորհիվ տակավին ամենքը հաղորդակցվում են ամենքի հետ, յուրաքանչյուրն իր ձևով, էակները սիրում են միմյանց առանց մեկը մյուսի մեջ անհետանալու, ամեն բան ներդաշնակվում է, մասերը միմյանց հարմարվում են ամբողջության գրկում, [...] սերունդները հաջորդում են միմյանց, ոգիները, հոգիներն ու մարմինները մնում են միաժամանակ անշարժ և շարժուն, քանի որ Նա նրանց համար միաժամանակ կայունություն է և շարժում, Ինքը մեկից և մյուսից անդին գտնվելով:
 
***
 
ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ, Երկնային նվիրապետությունները, I, 3 (PG 3, 121C-D).
 
 
Բոլոր նրանց համար, ովքեր հրահանգվում են խորհրդածության գործում, գեղեցկության երևույթները դառնում են կերպարանքը մի անտեսանելի ներդաշնակության: Բուրմունքները, որ հպվում են մեր զգայարաններին, խորհրդանշում են հոգևոր լուսավորությունը: Նյութական լույսերը խորհրդանշում են այն աննյութական լույսը, որի պատկերն են:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։