
« ԱԲՐԱՀԱՄԸ ՏԵՍԱՎ ԻՄ ՕՐԸ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
Սբ. Կեսարիուս Արլսացի (470-543). « Ճառեր », 83.
[...] Եվ ուրեմն, որտե՞ղ է տեղի ունեցել այդ հանդիպումը(1)։ «Մամրեի կաղնիների մոտ», որ նշանակում է «տեսիլք», կամ ավելի ճիշտը` «խորաթափանցություն»։ Տեսնո՞ւմ եք, թե որտե՛ղ Տերը կարող է հանդիպում կազմակերպել։ Ճիշտ է, որ Աբրահամի հայտնատեսության և խորաթափանցության հատկությունները հաճելի էին Տիրոջը. նրա սիրտը մաքուր էր, դրա համար էլ կարող էր տեսնել Աստծուն (հմմտ. Մտթ 5, 8)։ Այդպիսի վայրում, այդպիսի սրտի մեջ, Տերը կարող էր ի մի հավաքել հրավիրյալներին։
Ավետարանի մեջ, Տերը հրեաներին խոսում է այս հանդիպման մասին. նրանց ասում է. «Աբրահամը` ձեր հայրը, ցնծաց այն մտքից, որ տեսնելու էր իմ օրը։ Նա տեսավ այն և դրա համար ուրախացավ» (Հվհ 8, 56)։
«Նա տեսավ իմ օրը», ասում է, որովհետև ճանաչեց Երրորդության խորհուրդը։ Տեսավ Նրա օրվա մեջ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, և երեք Անձերին` միայն մեկ օրվա մեջ միավորված, ճի՛շտ ինչպես Հայրն Աստված, Որդին Աստված և Սուրբ Հոգին Աստված` բոլոր երեքը միասին միայն մեկ Աստծո մեջ են։
Արդարև, Աստվածային Անձերից յուրաքանչյուրը, առանձին վերցված, լիակատար կերպով Աստված է, և, միաժամանակ, բոլոր երեքը միասին Աստված են։ Ճշմարտացի է, հետևաբար, Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն նշմարել այն երեք չափ ալյուրի մեջ, որը Սառան բերեց (տե՛ս Ծնդ 18, 6), որովհետև գոյացության միություն կա դրա մեջ։
Կարող ենք նաև որպես վարկած ընդունել ևս մի մեկնաբանություն և հանձինս Սառայի տեսնել Եկեղեցու պատկերը. ալյուրի երեք չափերը կարող են մեկնաբանվել որպես Հավատքը, Հույսը և Սերը։ Այս երեք առաքինություններն, իրոք, իրենց մեջ բովանդակում են Տիեզերական Եկեղեցու պտուղները. յուրաքանչյուր մարդ, որ արժանացել է իր անձի մեջ միավորելու այս երեք առաքինությունները, կարող է վստահ լինել, որ իր սրտի մեջ կընդունի ամբողջ Երրորդությանը։ [...]
(1) Խոսքը վերաբերվում է Աբրահամի և իր երեք հյուրերի հանդիպմանը (տե՛ս Ծնդ 18, 1-16)։