« ԱՆԴՐԱԴԱՐՁԵ՛Ք, Ո՜Վ ՄԵՂԱՎՈՐՆԵՐ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՆԴՐԱԴԱՐՁԵ՛Ք, Ո՜Վ ՄԵՂԱՎՈՐՆԵՐ »

Սբ. Կեսարիուս Արլսացի (470-543). « Ճառեր », 37,1 (SC 243).

 

[...] Բազմաթիվ բաներ կան, որ մարդկային տկարության պատճառով չենք կարողանում կատարել ֆիզիկապես։ Բայց, եթե դա իսկապես կամենանք, կարող ենք, Աստծո ներշնչմամբ, գտնել սերը մեր սրտում։ Երբեմն բազմաթիվ բաներ կան, որ չենք կարողանում դուրս հանել մեր տանիքից, մառանից կամ պահասենյակից, բայց արդարացումներ չունենք, երբ խոսքը վերաբերվում է մեր սրտին։ [...]

Մեզ չի ասվել. «Գնացե՛ք դեպի Արևմուտք՝ փնտրելու համար սերը, նավարկեցե՛ք դեպի Արևելք՝ գտնելու համար Աստծո սերը»։ Ո՛չ, այլ՝ մեզ պատվիրվել է վերադառնալ մեր սրտի մեջ, որից միշտ պետք է դուրս վռնդենք զայրույթը։ Ինչպես ասում է մարգարեն. «Անդրադարձե՛ք, ո՜վ մեղավորներ» (Ես 46, 8)։ Այն, ինչը որ Տերն ակնկալում է մեզնից, չի գտնվում հեռավոր երկրներում. Նա մեզ ուղարկում է մեր իսկ սրտի մեջ, ուր դրել է այն, ինչն ակնկալում է [ստանալ]։ Կատարյալ սերն ա՛յլ բան չէ, եթե ո՛չ միայն՝ հոգու բարի կամքը։ Դրա մասին է, որ հրեշտակները հռչակեցին հովիվներին. «Երկրի վրա խաղաղություն՝ բարի կամքի տեր մարդկանց» (Ղկս 2, 14)։ [...]

Մեր բոլոր ուժերով աշխատենք, ուրեմն, Աստծո օգնությամբ, տալու հոգու մեջ առաջին տեղը բարությանը, ավելի՝ քան չարությանը, համբերությանը, ավելի՝ քան զայրույթին, բարյացակամությանը, ավելի՝ քան [եսամոլ] ցանկությանը, խոնարհությանը, ավելի՝ քան գոռոզությանը։ Մի խոսքով, թող որ սիրո քաղցրությունն այնպե՜ս տիրապետություն հաստատի մեր սրտի վրա, որ այլևս տեղ չմնա ատելության դառնությանը։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։