« ՀԻՍՈՒՍԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԱՄԲՈԽԸ ՏԵՍԱՎ ԵՎ ՀՈՒԶՎԵՑ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀԻՍՈՒՍԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԱՄԲՈԽԸ ՏԵՍԱՎ ԵՎ ՀՈՒԶՎԵՑ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ »

Սբ. Կեսարիուս Արլսացի (470-543). « Ճառեր », 26, § 2-5 (PLS IV, 297-299).

 

[...] Ճշմարիտ ողորմությունը, որ երկնքում է (հմմտ. Սղմ 35, 6), Քրիստոս մեր Տերն է։ Որքա՜ն քաղցր է և որքա՜ն բարի. ինչ որ մեկը չգնաց Նրան փնտրելու, Նա ինքնակամ իջավ երկնքից և խոնարհվեց՝ մեզ կրկին բարձրացնելու համար։

Մեր Տերը մեր վերքերը կրեց, մեռավ՝ մեզ հավիտենական մահից ազատելու համար, մեռյալների բնակավայրը իջավ՝ կրկին դեպի երկինք առաջնորդելու համար նրանց, որոնց դևը հափշտակել էր իբրև իրեն որս։ [...]

Եվ Քրիստոսը խոստացավ մեզ մեր հետ մնալ մինչև դարերի սպառվելը, ինչպես որ Ինքն իսկ ասում է Ավետարանում. «Ահա՛, ես ձեր հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վախճանը» (Մտթ 28, 20)։

Ինչպիսի՜ բարություն, եղբայրներ։ Արդեն երկնքում է՝ Հոր աջ կողմում, և ուզում է դեռ ջանք թափել, մեր հետ, երկրի վրա։ Մեր հետ ուզում է քաղց և ծարավ կրել, մեր հետ ուզում է տառապել, մեր հետ՝ օտարական լինել։ Մանավանդ թե, չի մերժում մեռնել և բանտարկվել մեր հետ (Մտթ 25, 35)։ [...] Տեսեք, թե որքա՜ն մեծ է Իր սերը մեր հանդեպ. Իր անասելի գորովի համաձայն՝ մեր մեջ ուզում է կրել այս բոլոր չարիքները։

Այո՛, երկնքից եկած ողորմությունը, այսինքն՝ Քրիստոս մեր Տերը, ստեղծեց քեզ, մինչ դու գոյություն չունեիր. փնտրեց քեզ, մինչ կորած էիր. փրկագնեց քեզ, մինչ վաճառված էիր։

Ուստի, թանկագին եղբայրներ, մենք, որ փնտրված ու գտնված եղանք, փնտրենք Նրան, Ով մեզ այդքա՜ն սիրեց։ [...] Բայց ի՞նչ եմ ասում. փնտրել Նրան։ Եթե միայն կամենանք թույլ տալ, որ Ինքը գտնի մեզ։ [...] Եվ այժմ, ամեն օր, Քրիստոսը բարեհաճում է նվիրվել մարդկությանը։ Բայց ցավոք, շատերը չեն համաձայնվում բացել իրենց սրտի դուռը։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։