« ՕՐԵՆՔԻ ԼՐՈՒՄԸ. ԳՈՐԾԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՍԵՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՕՐԵՆՔԻ ԼՐՈՒՄԸ. ԳՈՐԾԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՍԵՐԸ »

Սբ. Կիպրիանոս Կարթագինեսացի (մոտ 200-258). « Խանդի ու նախանձի մասին », 12-15; CSEL 3, 427-430.
 
 
[...] Քրիստոսի Անունը կրել և Քրիստոսի հետքերով չքայլել՝ մի՞թե չի նշանակում դավաճանել Աստծո Անվանը և հեռանալ փրկության ճանապարհից։ Նա Ինքն, արդարև, ուսուցանում և հաստատում է, որ կյանքին հասնելու է նա, ով պահած է լինելու պատվիրանները (Մտթ 19, 17), և որ իմաստուն է նա, ով լսած և հնազանդված է լինելու Իր խոսքերին (Մտթ 7, 24). և տակավին, որ Երկնքի Արքայության մեջ մեծ է կոչվելու նա, ով ուսուցանած և գործած է լինելու հետևողական կերպով։ Նա հաստատում է, որ լավ ու արդյունավետ կերպով քարոզած լինելը քարոզողի համար շահավոր կլինի միայն այն ժամանակ, երբ այն, ինչը որ ավետվում է բերանով, հաստատվում է իր իսկ գործերով։
Ի՞նչը Տերն այդքա՜ն հաճախակի դրոշմեց Իր աշակերտների հոգիների մեջ, եթե ո՛չ այն, որ փոխադարձաբար սիրենք միմյանց այն միևնույն սիրով, որով Ինքը սիրեց աշակերտներին (Հվհ 13, 34; 15, 12)։ Փրկության տանող խորհուրդների և Իր աստվածային պատվիրանների մեջ մի՞թե կգտնվի մի պատվիրան առավել կարևոր՝ պահելու ու գործադրելու համար։ Բայց ինչպե՞ս կարող է Տիրոջ խաղաղությունն ու սերը պահպանել նա, ով նախանձի պատճառով չի կարող խաղաղության ու սիրո գործիչ լինել։
Ուստի Պողոս Առաքյալը նույնպես, խաղաղության ու սիրո արժանիքները թվարկելով, հաստատել է ուժգին կերպով, որ իրեն ոչ մի օգուտ տված չէին լինի ո՛չ հավատքը, ո՛չ ողորմությունները, ո՛չ իսկ խոստովանողի ու մարտիրոսի տառապանքները, եթե անաղարտ պահած չլիներ սիրո պահանջները (1Կր 13, 4)։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։